Ժանտախտը համաճարակի է վերածվում, սակայն թաքցնում են

Ժանտախտը համաճարակի է վերածվում, սակայն թաքցնում են
Չնայած խոզերի աֆրիկյան ժանտախտը դեռ մոլեգնում է Լոռու, մասամբ էլ` Տավուշի մարզերում, ՀՀ գյուղնախարարությունը որոշել է հանել Տավուշի մարզում տեղակայված կարանտինի կետերը: Այս մասին մեզ տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության  Տավուշի մարզային կենտրոնից՝ չհերքելով, որ մարզում, այնուամենայնիվ, աֆրիկյան ժանտախտի բռնկումներ կան: Փաստորեն, եթե նույնիսկ համաճարակ չկա, բայց կան «բռնկումներ», շատ իրատեսական է վարակի տարածումը:



Եվ երբ վտանգն ամբողջովին չեզոքացված չէ, գյուղնախարարությունը համարձակություն է դրսեւորել, այսպես ասած, դադարեցնելու կարանտինային կետերի գործունեությունը Տավուշում:  Հիշեցնենք, որ այդ կետերում իբր համապատասխան լուծույթ էր լցվում, եւ ավտոմեքենաներն անցման ժամանակ ախտահանվում էին: Բացի այդ, կարանտինային կետերում հերթապահող ոստիկանները պետք է նաեւ հսկեին բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների, կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերերի տեղափոխումն ու տարածքից դուրսհանումը, ժանտախտի նկատմամբ սպառնալիքի գոտում գտնվող համայնքներից կենդանի խոզերի, խոզի մսի, սպանդային հումքի, խոզի մսամթերքի ձեռքբերումն ու արտահանումը, ինչպես նաեւ մարզի տարածքից կենդանի խոզերի եւ կերերի տեղափոխումը: Բայց մենք գրել էինք, որ այդ կետերը նպատակին չեն ծառայում, ընդհակառակը՝ կոռուպցիոն ռիսկեր էին պարունակում:



Ասվածի լավագույն օրինակը հուլիսին տեղի ունեցած խարդախության դեպքն էր, երբ ոմն Հարություն կարողացել էր Դիլիջանի կարանտինի կետում հերթապահող ոստիկանների հետ «լեզու գտնելով» (բնականաբար` ոչ առանց կաշառքի), Տավուշի մարզի տարածքից դուրս տանել 63 գլուխ ոչխար: Սա այն օրերին, երբ աֆրիկյան ժանտախտի օջախներ էին համարվում միանգամից մի քանի` Լճկաձոր, Արճիս, Բագրատաշեն, Կողբ, Բերդավան, Նոյեմբերյան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Դիլիջան եւ Իջեւան համայնքները: Մեր ոստիկանական աղբյուրներն ասում են, որ «ոչխար են գողացել, ոչխար», եւ «Պատասխան` պատասխանելու համար» «Հրապարակում» տպագրված հոդվածներից հետո ծառայողական քննություն է իրականացվել Դիլիջանի կարանտինային կետում այդ օրը հերթապահած ոստիկաններից երկուսի նկատմամբ:



Չնայած սա միակ դեպքը չէր, երբ համաճարակը կանխելու նպատակով դրված կետերը ոստիկանների համար ծառայել էին որպես փող աշխատելու միջոց: Նոյեմբերյանում տեղադրված կետն էլ դարձել էր պետավտոտեսուչների «ռեյդի» տարածք: Ինչեւէ, կարանտինային կետերի փակումը ժանտախտի դեմ գյուղնախարարության ձեռնարկած «միջոցառումներից» մեկն է ընդամենը, այս մեկը` շատ ռիսկային, քանի որ վարակված անասունների տեղափոխումը դառնում է անվերահսկելի: Նախարարությունն արտակարգ իրավիճակներում նման «միջոցառումների» հաճախ է դիմել, որոնցից գլխավորը սպանդն է:



Հասկանալի է, որ աֆրիկյան ժանտախտի դեմ բուժամիջոց գոյություն չունի: Բայց զուտ ղասաբություն անելը չէ, որ գյուղգերատեսչության պարտականության մեջ է մտնում: Այդպես էլ չկարողացան պարզել վարակի ծագման աղբյուրները, դեռ գյուղացիները չգիտեն` փոխհատուցում կստանան, թե ոչ: Իսկ սպանդի ենթարկված խոզերի գլխաքանակը Տավուշի եւ Լոռվա մարզերում անցնում է 20 հազարը: