Սենսացիոն բացահայտումներ ներիշխանական դաշտում

Սենսացիոն բացահայտումներ ներիշխանական դաշտում
«Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետապնդումները շարունակվում են: Եվ որքան էլ Հովիկ Աբրահամյանի համար ցավալի լինի, ժամանակին հենց իր կադրը եղած Հովիկ Հովսեփյանը` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետը, սկսել է զբաղվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ նրա ստվար շրջապատի մութ գործերով: Սա հարկային մարմինների հետապնդումների շարունակությունն է»,- մեր խմբագրություն ուղարկված հոդվածում գրում է հեղինակը:



Նամակում բացահայտվում են ներիշխանական հարաբերություններին վերաբերող բավական ուշագրավ փաստեր: Նամակում եղած տեղեկությունը երեկ մեր թղթակիցը փորձել է ճշտել անձամբ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանից: Նախագահականից նրան պատասխանել են, որ Հովիկ Հովսեփյանը գործուղման մեջ է, աշխատանքի կգա երկուշաբթի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նամակի առթիվ ուղղված գրավոր հարցերն այդպես էլ անպատասխան են մնացել: Ներկայացնում ենք հոդվածի շարունակությունն  ամբողջությամբ եւ պատրաստ ենք տպագրել մյուս կողմի մեկնաբանություններն այս առիթով:



«Հասկանալի է, թե ինչ մահացու հարված է սա Հովիկ Աբրահամյանի համար, քանի որ հենց ինքն է ժամանակին պետական համակարգ բերել ՀՀ նախագահի այսօրվա վերահսկողության պետ Հովիկ Հովսեփյանին, որը, ինչպես հայտնի է, «բարոյականություն» հասկացության հետ որեւէ  առնչություն  չունի: Արդարությունը պահանջում է ասել, որ  Հովիկ Աբրահամյանն իր  երախտամոռ հովանավորյալին լավություն է արել ոչ անշահախնդիր. այդ լավության դիմաց առատորեն վարձատրվել է Հովիկ Հովսեփյանի մոսկվայաբնակ եղբոր՝ Հակոբ Հովսեփյանի կողմից:



Հայտնի չէ՝ Հովիկ Հովսեփյանն ունի՞ պաշտոնական հանձնարարություն, թե՞ ոչ, սակայն նրա համար կարեւորը  վերեւներին հաճոյանալն է, եւ նույնիսկ չի բացառվում, որ իր նախաձեռնությամբ է սկսել ԱԺ նախագահի  հետապնդման գործը:



Նա արդեն կազմում է հանրապետության տարբեր կազմակերպություններում աշխատող ԱԺ նախագահի հարյուրավոր մարդկանց ցանկը, ճշտում վերջիններիս կողմից հովանավորված ծրագրերի եւ տնտեսական գործարքների բազմությունը, այլեւայլ օբյեկտների գործողության մանրամասները եւ այլն:



Ամիսներ առաջ, երեւի թե կանխազգալով ՀՀ վերահսկողական ծառայության պետի վարքի փոփոխությունները (Հովիկ Հովսեփյանն արդեն բավական ժամանակ չարախոսում եւ բամբասում է Հովիկ Աբրահամյանին եւ ասում, որ նրա հետ խզել է կապերը), ԱԺ նախագահն իր մերձավոր շրջապատում պատմել է Հովիկ Հովսեփյանի, իսկ ավելի ճիշտ՝ վերջինիս եղբոր՝ մոսկվայաբնակ Հակոբ Հովսեփյանի մութ անցյալի մասին: Իսկ պատմությունը հետեւյալն է. ժամանակին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդամենը 12 մլն դոլարով ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» «Միդլենդ Ռեսուրսեզ»  ընկերության անունով («Միդլենդ Ռեսուրսեզի» հետեւում կանգնած է հայտնի օլիգարխ Հարություն Փամբուկյանը): Հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Հարություն Փամբուկյանը մի քանի 100 մլն դոլարով վաճառում են «Հայաստանի  էլեկտրական ցանցերը»՝ ստանալով ահռելի եկամուտ: Պարզ է, որ այդ հսկայական գումարը կիսվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Հարություն Փամբուկյանի միջեւ: Ընթերցողը կհարցնի՝ այս ամենն ի՞նչ կապ ունի ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի կամ նրա եղբոր հետ: Պարզվում  է՝  ունի:



«Էլեկտրական ցանցերի» վաճառքից անմիջապես հետո Հակոբ Հովսեփյանը համոզում է Հարություն Փամբուկյանին գնել առեւտրային խոշոր կենտրոն Մոսկվայում: Սկզբում ներկայանալով որպես այդ կենտրոնի սեփականատերերից  մեկը՝ խաբում եւ թյուրիմացության մեջ է գցում Հարություն Փամբուկյանին:



Իրականում որպես միջնորդ՝ օգտվելով Հարություն Փամբուկյանի անտեղյակությունից, առանց մի կոպեկ  ծախսելու, խաբեությամբ դառնում է այդ առեւտրային կենտրոնի  50%-ի  տերը,  մյուս 50%-ը պատկանում է Հարություն Փամբուկյանին: Այսօր արդեն իր այս ճարպիկ խաբեության արդյունքում Հակոբ Հովսեփյանը յուրաքանչյուր ամիս «վաստակում է» մոտ 400 հազար դոլար եկամուտ:  Տեսնո՞ւմ եք ուր են գնում «Հայաստանի էլեկտրական ցանցերից» գոյացող գումարները: Եվ ահա, ըստ ԱԺ նախագահի, Հարություն Փամբուկյանն այն ժամանակ չի հասկացել Հակոբ Հովսեփյանի խարդախությունը, եւ ժամանակն է նրա աչքերը բացել: Փաստորեն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ուզում է հակահարված տալ իր երախտամոռ հովանավորյալ Հովիկ Հովսեփյանին: Իրոք որ, Հովիկ Հովսեփյանի վիճակը նախանձելի չէ, քանի որ Հայաստանի ժողովրդին պատկանող կոռուպցիոն փողերով բարգավաճող, Հայաստանում եւ տարբեր երկրներում բազմազան ունեցվածքներ դիզած Հակոբ Հովսեփյանի եղբայրը՝ ՀՀ վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը,  պետք է պայքարի կոռուպցիայի դեմ՝ վա՜յ մեզ: Այս հարցում ԱԺ նախագահի տղայական զայրույթը հասկանալի է: Հովիկ Աբրահամյանը պատմել է նաեւ Հովսեփյաններին վերաբերող մի շարք այլ փաստերի եւ դեպքերի մասին (այդ թվում՝ ծիծաղաշարժ), որոնց մասին՝ մի քիչ ավելի ուշ»: