Կոտրած տաշտակը

Կոտրած տաշտակը
Շաբաթ օրը Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհուրդը հրապարակեց Հանրային հեռուստատեսության տնօրենի անունը, որը հաղթել է մրցույթում: Թեեւ արդեն դրա նախօրեին արդեն կարելի էր ասել, թե ով է լինելու հաղթողը` Գագիկ Բունիաթյանը: Այս թեկնածուն նախօրոք ընտրված եւ համաձայնեցված էր: Մի կողմից հասկանալի է, թե ինչու է իշխանությունն այսքան ուշիուշով ընտրում Հանրայինի տնօրենին: Այն իշխանական քարոզչության ծանր հրետանին է, իսկ ծանր հրետանին չի կարելի հանձնել ուրիշի ձեռքը եւ դրա կառավարումը չի կարելի կորցնել: Դա կարող է ճակատագրական լինել նույն իշխանության համար: Բայց սա միայն խնդրի մի մասն է: Կա նաեւ այլ ճշմարտություն. եթե ուզում ենք մեր կյանքում փոփոխություններ արձանագրել եւ գնալ դեպի առաջ, հարկ է, որ չվախենանք կադրային թարմ ու անսպասելի լուծումներից: Ի վերջո, յուրաքանչյուր համակարգի աշխատանքն ու առաջընթացը կախված է նրա ղեկավարի անձից ու որակներից: Եթե այդ անձը նախաձեռնող է, գործունյա, ազատամիտ եւ պարկեշտ, ապա նրա ղեկավարած համակարգը կարող է պոկվել ու թափ հավաքել: Արդյո՞ք այդպիսին է այս պարագայում իշխանության ընտրած թեկնածուն: Խիստ կասկածում եմ՝ նրա մասին, վերը նշված որակների առումով, դրական բան քիչ ենք լսել: Եվ ընդհանրապես՝ Հանրայինին լիդեր է հարկավոր. լայնախոհ ու հետաքրքիր անձնավորություն, որը չի վախենա թարմ ծրագրեր իրականացնելուց, նոր մարդկանց ներգրավելուց եւ իշխանության հետ հակամարտությունից: Իսկ երբ նորի ու առաջադեմի ջատագով ես՝ հակամարտությունն անխուսափելի է: Բայց դա առողջ, հասարակության համար օգտակար հակամարտություն է, որից պետք չէ վախենալ: Այս անգամ էլ, փաստորեն, մեզ հիասթափություն է սպասվում: Հանրայինում ոչինչ չի փոխվի, իսկ եթե փոխվի, ապա թերեւս դեպի վատը: