Նրանք` օրենսգրքից, մերոնք` Սերժից

Նրանք` օրենսգրքից, մերոնք` Սերժից
Վենետիկի միջազգային հանձնաժողովի փորձագետները, որոնք օրեր առաջ Հայաստանում էին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված եզրակացություն տալու նպատակով, ուշագրավ տպավորություններով են հեռացել Հայաստանից: Նրանց  զարմացրել է այն, որ չնայած բոլոր կուսակցությունները զգուշացված են եղել, որ հանդիպումները ոչ պաշտոնական են, ուստի հրապարակման ենթակա չեն, բոլորն անխտիր խախտել են այդ խնդրանքը եւ մամուլում հայտարարել այդ մասին: Սակայն փորձագետներին առավել զարմացրել է մեր կուսակցական եւ քաղաքական գործիչների ոչ պրոֆեսիոնալիզմը:



Նրանք մի շարք հարցեր են առաջադրել հանդիպումների ժամանակ եւ ամեն անգամ զարմացել, որ իրենք եւ հայերը խոսում են տարբեր լեզուներով: Ի դեպ, ամենաարտառոց տպավորությունը փորձագետներն ստացել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից: Ընտրական օրենսգրքի եւ ընտրական գործընթացների կազմակերպման հետ կապված բոլոր հարցերին ի պատասխան՝ Լեւոն Զուրաբյանը միալար խոսել է Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմության եւ իշխանափոխության անհրաժեշտության մասին, ինչը խիստ զարմացրել է Վենետիկի փորձագետներին, որոնց այցի նպատակը ոչ թե Հայաստանում արմատական փոփոխություններ անելն է, այլ այնպիսի օրենսդրական փոփոխություններին աջակցելը, որոնց միջոցով արդար ընտրությունների կազմակերպման հավանականությունը կմեծանա: