Վտանգված է մեր հավատքը

Վտանգված է մեր հավատքը
Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունն այդպես էլ չկայացավ: Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը դա կապում է եկեղեցու՝ գմբեթ չունենալու հետ. «Եկեղեցու գմբեթը դնելը մեծ ծախս է, քաղաքապետարանն այսօր այդ հնարավորությունը չունի»: Բայց միջոցառմանը ներկա հյուրերին զարմացրել էր ոչ թե գմբեթի բացակայությունը, այլ խաչի, որը խոստացել էին տեղադրել, բայց այդպես էլ չտեղադրվեց:



Ախթալայում գտնվող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը համեմատություն արեց Վանի Սուրբ խաչ եկեղեցու եւ Ախթալայի վանական համալիրի միջեւ ու ասաց. «Հայաստանի Հանրապետությունում պետական տարածք համարվող, մեր ինքնիշխան պետության մաս կազմող Ախթալա բնակավայրում, որը պատմական Հայաստան է, վերաօծման արարողություն չի կատարվում, երբ Սուրբ խաչ եկեղեցում, թեկուզ անխաչ, լինելու է պատարագ, իսկ ինքնիշխան Հայաստանում չի լինելու վերաօծում»: Պրն Հովհաննիսյանի կարծիքով՝ դա մի բանի մասին է խոսում. «Այսօր մեր հավատքը հարվածի տակ է սեփական երկրում»: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն ասում է. «Մենք հիմա մտադիր ենք գոնե ժամանակավոր լուծումներ գտնել այս գմբեթի հետ կապված»: Ի՞նչ ասել է ժամանակավոր լուծում: «Այստեղ կտեղադրվի ժամանակավոր գմբեթ:



Մասնագետներն ասում են, որ հիմնական գմբեթը մի քանի միլիոն դոլարի խնդիր է: Այս եզակի պատմաճարտարապետական համալիրը լուրջ վերականգնման կարիք ունի: Այս թիթեղյա գմբեթը տեղադրվել է 80-ական թվականներին, մինչ այդ էլ գմբեթ չի ունեցել: Հոգեւորականներն ասում են, որ խաչը հնարավոր է տեղադրել բեմի վրա»,- ասաց նա: Ախթալայի հոգեւոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանից փորձեցինք պարզել, թե ինչու վերաօծում չի կատարվելու: Նա նշեց, որ վերաօծում նախատեսված էլ չէր, «որովհետեւ եկեղեցին դեռ շատ պակաս բաներ ունի»:



1188 թվականին կառուցված եկեղեցին ընդամենը 8 ամիս է, ինչ քահանա ունի, իսկ «խաչ չունի, որովհետեւ գմբեթ չունի, պատարագի արարողություն էլ չի լինի, որովհետեւ եկեղեցին նորոգված չէ: Եթե խաչ ունենար, պատարագ կանեինք, բայց որ չունի, պատարագ չենք անում»: Նկատենք, որ իրական պատճառը այս եկեղեցու հետ կապված Վրաց եկեղեցու հավակնություններն են՝ նրանք համարում են, որ Ախթալայի եկեղեցին քաղկեդոնական է եւ պետք է ենթարկվի Վրաց հոգեւոր թեմին: Իսկ Մայր Աթոռը չի ուզում սրել հայ-վրացական հարաբերությունները: Օրերս Վանաձոր էր ժամանել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Առիթը Վանաձորում Հայորդաց տան բացման արարողությունն էր: Մենք նրանից փորձեցինք մանրամասներ ճշտել Ախթալայի վերաբերյալ, սակայն Վեհափառը հրաժարվեց հարցազրույց տալ:



Էդուարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ