Ադրբեջանցիները պիտի քվեարկեն հայ թեկնածուի օգտին

Ադրբեջանցիները պիտի քվեարկեն հայ թեկնածուի օգտին
Մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խումբը Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի թեկնածությունն առաջադրել է նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք Միլի մեջլիսի ընտրություններին. «Այդ հայտը հիմա գտնվում է իրենց կենտրոնական ընտրական հանձնաժողովում, բացի դրանից այդ նամակները էլեկտրոնային փոստով գնացել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմ և Արտաքին գործերի նախարարություն»,-նշեց Գրիգորի Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ու հավելեց, որ իրենք պահանջելու են, որ այդ ընտրություններում թույլատրվի նաև ադրբեջանահայ մեկ միլիոնանոց համայնքի մասնակցությունը:



Նա նշեց, որ հիմա ադրբեջանական կողմից սպասում են գրավոր պատասխանի և անվտանգության երաշխիքների, որպեսզի կարողանան մուտք գործել Ադրբեջան և հավասարապես անցկացնեն նախընտրական քարոզչություն. «Թող մեզ տրամադրեն այդ երաշխիքները, և մենք շատ հանգիստ կգնանք Ադրբեջան, մենք՝ հայերս, իրենցից վախեցողները չենք»: Նրա պնդմամբ, եթե այս անգամ էլ ադրբեջանահայ համայնքին հնարավորություն չտան մասնակցելու ընտրություններին, ապա Ադրբեջանում կայանալիք այս և նախորդ ընտրությունները իրենց կողմից կճանաչվեն ապօրինի և անվավեր:



«Մեր ընտրողները մեզ հետ պիտի գան նաև Ադրբեջան, ասեմ ավելին՝ ադրբեջանցիները պիտի մասնակցեն ու քվեարկեն հայ թեկնածուի օգտին, ինչու չէ»,- ասաց բանախոսն ու վստահեցրեց, որ թույլ չեն տա, որ որևէ խտրականություն տեղի ունենա. ադրբեջանահայերը ունեն նույն իրավունքները, ինչպես բոլոր փախստականները: