Իշխանությունը վաղուց է համագործակցում առաջին նախագահի հետ

Իշխանությունը վաղուց է համագործակցում առաջին նախագահի հետ
Սեպտեմբերի 17-ի հանրահավաքը, ի տարբերություն ընդդիմության նախորդ հանրահավաքների, երկար քննարկումների առիթ չհանդիսացավ: Այդուամենայնիվ քաղաքական որոշ ուժեր արտահայտեցին իրենց տեսակետը: Ոմանք կարծում են, որ ընդդիմության վերջին հանրահավաքը որեւէ նորություն, անակնկալ չէր պարունակում: Եղավ այն, ինչ պետք է լիներ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը չնայած կոռեկտ չի համարում, երբ քաղաքական մի ուժը մյուս քաղաքական ուժի մասին կարծիք է հայտնում, բայց ասաց. «Ես կարծում եմ, որ Կոնգրեսն ուներ հնարավորություն բազմաթիվ խնդիրներ փողոցից պետական ինստիտուտներ տեղափոխելու, փորձեց իր այդ հնարավորությունները դրսեւորել հանրահավաքի միջոցով, քանի որ ուրիշ եղանակ չունի:



Հետեւաբար անում է այն, ինչ անում է»: Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ հանրահավաքները Կոնգրեսի համար զուտ ակտիվության ձեւ են. «Կոնգրեսն իր համակիրներին պահելու եւ քաղաքական PR-ի տեսանկյունից ունի այդպիսի եղանակ»: Նրա կարծիքով՝ ընդդիմությունն անընդհատ փոխում է իր մարտավարությունը, որը շփոթ է առաջացնում. «Կոնգրեսի համար բավական ռիսկային է անընդհատ մարտավարություններ փոխելը, որովհետեւ դա շփոթ է առաջացնում ոչ միայն վերլուծաբանների, քաղաքագետների, այլեւ բուն ընտրողների շրջանում: Նկատելի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները վերջին շրջանում հաճախակի են հակասում միմյանց: Վերջերս նրա ելույթներում շատ կտրուկ են տատանումները: Օրինակ, եթե նախկինում Կոնգրեսը չէր պայքարում հայ-թուրքական արձանագրությունների դեմ, ապա հիմա լսում ենք, որ իրենք հետեւողականորեն պայքարելու են դրանց վավերացման դեմ, եւ էլի շատ հակասություններ կան»:



Սեպտեմբերի 17-ի հանրահավաքը անակնկալներ չի մատուցել նաեւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Միասյանին. «Ոչ անակնկալ կար, ոչ նորություն: Ուղղակի առաջին նախագահը փորձեց պարզաբանել իր հնչեցրած նախորդ տեսակետը, սակայն, կարծում եմ, ավելի խճճվեց եւ հստակ մի բան արձանագրեց, որ նա փորձում է դառնալ «ազգի հոպար» կարգավիճակի տեր մարդ, այսինքն փակել ճանապարհները բոլոր ընդդիմադիրների համար, միաժամանակ իշխանությունների համար լինել միակ ու անփոխարինելի խորհրդատուն»:



Սակայն ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը չի հասկանում այն մարդկանց, որոնք անակնկալներ են սպասում հանրահավաքից. ««Անակնկալ սպասել» հասկացությունը սխալ է: Սեպտեմբերի 17-ի հանրահավաքը շատ կարեւոր էր եւ մեր ժողովրդի, եւ ընդդիմության համար: Բնական է, որ այնտեղ հնչած մտքերի, ելույթների վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ կհնչեին: Առաջիկայում մենք կմտնենք ավելի ակտիվ պայքարի ասպարեզ: Դա ակնհայտ է: Փաստ է, որ այսօր ՀԱԿ-ը բազմաթիվ միջոցառումներ է ձեռնարկում»:



ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում առաջին նախագահի ելույթի առանցքային հարցերից էր նաեւ արտահերթ ընտրությունների անցկացումը: Խոսելով արտահերթ ընտրությունների նախադրյալների մասին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, չնայած դրա համար նախադրյալներ տեսնում է, ասաց. «Մենք բազմիցս ասել ենք, որ որքան էլ նախադրյալներն առկա են, ի դեմս բազմաթիվ չլուծված խնդիրների, բայց պետք է խոստովանել, որ ընդդիմությունը չկարողացավ այդ նախադրյալները տանել ավելի լայն տիրույթով, որ հասարակությունը տեսներ, որ ամեն ինչ գնում է դեպի արտահերթ ընտրություններ»:



ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը բացառում է արտահերթ ընտրությունները Հայաստանում, քանի որ չի տեսնում նախադրյալներ. «Անհավանական եմ համարում եւ ոչ մի նախադրյալ չեմ տեսնում Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Այսօրվա ընդդիմությունը հակակշիռ չի իշխանական կոալիցիային, որովհետեւ նախ ընդդիմությունը, որպես այդպիսին, կառուցողական չի գործում եւ չի գործում նաեւ գաղափարաքաղաքական ծրագրերի շրջանակում, այլ միայն ամբիցիաների դաշտում է գործում»:



Նմանատիպ ու քիչ ավելի զավեշտալի կարծիքի է նաեւ Արծվիկ Մինասյանը. «Ինձ թվում է՝ առաջին նախագահը քաջ գիտակցում է, որ արտահերթ ընտրություններն անհավանական են, բայց անընդհատ դրա մասին խոսելով՝ նսեմացնում է իշխանափոխության գաղափարը: Նա ոչ միայն պատրաստ չէ, այլեւ իշխանափոխության չի էլ ձգտում: Իշխանափոխության գնալու համար ոչ անհրաժեշտ ռեսուրս կա, ոչ էլ հասարակական անհրաժեշտ պատրաստվածություն»:



Փոխարենը՝ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը համոզված է, որ արտահերթ ընտրությունների համար բոլոր նախադրյալները կան. «Բոլոր նախադրյալներն առկա են արտահերթ ընտրությունների համար, բայց այլ հարց է, թե որ կայծից է բոցը բռնկվելու: Որեւէ կոնկրետ ժամկետ նշել հնարավոր չէ, բայց նաեւ ամեն րոպե կարող է այդ կայծը բռնկվի, որովհետեւ մեր երկրում ոչինչ չի փոխվում, ոչ մի հարց չի լուծվում, ժողովուրդը երկրից փախչում է, ամեն ինչ հետընթաց է ապրում, գնում է դեպի լճացում: Այսպես երկար շարունակվել չի կարող»:



Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում խոսում էր նաեւ իշխանությունների հետ հնարավոր երկխոսության մասին, սակայն Արտակ Զաքարյանը նախապայմանների պարագայում որեւէ երկխոսություն հնարավոր չի համարում: ՀՀՇ վարչության անդամն էլ կարծում է, որ երկխոսություն անհավասար կողմերի միջեւ ոչ մի տեղ ընդունված չէ: Այս հարցի կապակցությամբ հետաքրքիր կարծիք արտահայտեց Արծվիկ Մինասյանը՝ ասելով. «Ես կարծում եմ, իշխանությունները բավական վաղուց են գնացել երկխոսության առաջին նախագահի եւ նրա թիմակիցների հետ՝ իրականացնելով կամ ներառելով բոլոր այն գործողությունները, որոնք ներկայացրել է առաջին նախագահը՝ սկսած արտաքին հարցերից եւ ավարտած ներքին հարցերով»: Փաստորեն, ըստ նրա, իշխանությունները ամեն դեպքում հաշվի են առնում ընդդիմության կարծիքը, որը ողջունելի է: