Կարեւորը Ռուսաստանի պատվերը կատարելն է

Կարեւորը Ռուսաստանի պատվերը կատարելն է
ԱԺ-ում երեկ Հովիկ Աբրահամյանի առաջարկով լսումներ էին կազմակերպվել օտարալեզու դպրոցների թեմայով: Ըստ այդմ պարզվեց, որ ՀՀ իշխանությունը որոշել է փոփոխություն չանել «Լեզվի մասին» օրենքում, որն ի դեպ, ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ, փոխարենը՝ օտարալեզու դպրոցներին հարմարեցնել «Հանրակրթության մասին» օրենքը: Ասել է թե՝ օտարալեզու դպրոցներն այսպես թե այնպես լինելու են:



Կոալիցիայի հավաքական տեսակետը ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Մեր առջեւ խնդիր է դրված պահպանել ազգային ինքնությունը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել ձուլման եւ հեռացման հերթական ռիսկերից, մյուս կողմից` չսահմանափակել միջազգային համագործակցությունը, սերունդների դաստիարակման գործում փորձի փոխանակումը, լինել ճկուն, արագ արձագանքող եւ մրցունակ կրթության հարցերում»: Միջանցքում լրագրողների հետ զրուցելիս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, թե «կարեւորն այն է, որ օրենսդրական լավագույն ձեւ ենք գտել այդ հարցում՝ «ա» կետից «բ» կետ հասնելու համար»: «Այսինքն՝ Ձեզ համար կարեւորն այն էր, որ Դուք Ռուսաստանի պատվերը կատարում եք, ոնց կկատարեք՝ «Լեզվի մասին» օրենքով, թե «Հանրակրթության մասին», դա էակա՞ն չէ» մեր հարցին Աշոտյանը բացականչեց. «Ես չգիտեմ Դուք ում պատվերն եք կատարում, բայց ավելի կոռեկտ եղեք»:



Երեկ, երբ լսումների ժամանակ ելույթ էին ունենում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամները՝ դատապարտելով «հայատյացությունը փեշակ դարձրած եւ մեր ազգային, մարդկային եւ քաղաքացիական իրավունքների հաշվին իրենց բարեկեցությունը կերտող» անձանց գործելաոճը, ոլորտի հիմնական պատասխանատուն՝ կրթության եւ գիտության երիտասարդ նախարար Արմեն Աշոտյանը, միջանցքում ճեմելով ծխում էր ու ծխելու ընդմիջումներին պատասխանում լրագրողների հարցերին: Մեր երկրի պաշտոնյաների համար այս կյանքում ավելի կարեւոր բաներ կան, քան լեզվի հետ կապված քննարկումները, օրինակ, պաշտոն ունենալը, ձեռքով բարեւելը երկրի առաջին դեմքին եւ շրջելը 80 հազար դոլարանոց «ջիփով», իսկ հասարակության կարծիքն էական չէ:



Երբ արդեն նախաձեռնության անդամների երկրորդ ելույթն էր հնչում, միջանցքում ճեմող Արմեն Աշոտյանին հարցրինք, թե իրեն հետաքրքիր չե՞ն հնչող տեսակետները: «Բացարձակ»,-հայտարարեց նախարարը՝ հավելելով, թե հետաքրքիր են միայն գրավոր առաջարկները: Նկատեցինք, որ այնուամենայնիվ պարկեշտ չէ մարդկանց քննարկման հրավիրելն ու չլսելը, նաեւ հարցրինք, թե այսինքն՝ այս լսումնե՞րն էլ անիմաստ են, քանի որ դրանք եւս բանավոր են: Աշոտյանն այս դեպքում այլ պատասխան տվեց, թե սա կարծիքներ գեներացնելու համար է լավ: Ժամանակ անց վերադարձավ քննարկման սենյակ:



Իր ելույթում նախարարը ներկաներին «լուսավորեց», թե «լեզուն կարեւոր է, բայց լեզուն կրթության որակի հետ ուղղակի կապ չունի»: Նա համաձայն է օտարալեզու դպրոցներում սովորողների համար աշակերտների թվաքանակի առավելագույն քանակ սահմանելուն: Աշոտյանի խոսքով՝ Դիլիջանի դպրոցում, օրինակ, կլինի 650 աշակերտ, որից 1/3-ը պետք է լինեն ՀՀ քաղաքացի: ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը նկատեց, որ եթե «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ նախատեսվող միջազգային դպրոցները լինելու են հանրակրթական հաստատություններ եւ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չի արվելու, ապա դրանցում անպայման դասավանդման լեզուն պետք է լինի հայերենը: Այնպես որ, ՀՀ իշխանության շուստրի քայլը օրենսդրական առումով կարող է խնդիրներ առաջացնել:



Ի դեպ, լսումների ժամանակ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, արվեստագիտության դոկտոր, ԵՊՀ հայ արվեստի պատմության ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լեւոն Չուքասզյանն ասաց, որ հեռուստատեսությամբ Աշոտյանն իր «երկարաշունչ եւ մանվածապատ» ելույթներում բազմաթիվ օտարաբանություններ է գործածում, որոնց համարժեքները կան հայերենում, եւ «դա կասկած չի թողնում, որ նա բավականաչափ գրագետ չի տիրապետում հայերենին»:



«Եթե Դուք հայերենին պատշաճ մակարդակով չեք տիրապետում եւ օտար լեզուներ չգիտեք, ինչպե՞ս կարող եք տնօրինել հայեցի կրթության խնդիրները, իմանալ մարտահրավերներն ու ակնկալվող վտանգները եւ առհասարակ, ինչպե՞ս կարող եք Դուք կրթության եւ գիտության հարցերով զբաղվել: Եթե երեխան լսում է հեռուստատեսությամբ Ձեր ելույթը, ուրեմն նա այն տպավորությունն է ստանում, որ կարելի է նախարար դառնալ՝ վատ հայերեն իմանալով։ Ինչո՞ւ պետք է այդ երեխան հայերեն լավ սովորի: Ի վերջո, ես առաջարկում եմ կառավարությանը Ձեզ փոխադրել այնպիսի մի աշխատանքի, որը համապատասխանում է Ձեր կարողություններին»,- առաջարկեց Լեւոն Չուքասզյանը:



ԿԳ նախարար, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանն ի պատասխան պատրաստակամություն հայտնեց Լեւոն Չուքասզյանին տալ նրա «առողջական նկարագիրը», բայց զերծ մնաց այդ քայլից, քանի որ «ԱԺ դահլիճում նկարագրեր տալու հավակնություն չունի»: «Ի տարբերություն Ձեզ՝ ինքնագովեստով չեմ զբաղվելու եւ չեմ թվարկելու, թե ինչ կրթական ցենզեր ունեմ եւ այլ ինչ կրթական ծրագրեր եմ յուրացրել»,- հայտարարեց երիտասարդ նախարարը՝ առաջարկելով Չուքասզյանին իրեն այլ աշխատանքի փոխադրելու հարցով դիմել վարչապետին կամ երկրի նախագահին։