100 անգամ կրկնած սուտը ճշմարտություն է դառնում

100 անգամ կրկնած սուտը ճշմարտություն է դառնում
«Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ այս անգամ, ինչպես բոլոր նախորդ դեպքերում, քաղաքական մոտեցումը գերակշռող է դարձել իրավականին, եւ ներկայացված բազմաթիվ հայցերից, չգիտես ինչու, դատարանն ընտրեց Գյուլիստանի դեպքը՝ դրանով իսկ փորձելով հավասարության նշան դնել զոհի՝ հայկական եւ ագրեսորի՝ ադրբեջանական կողմերի միջեւ: Դա անընդունելի է եւ դատապարտելի»,-Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը երեկ այսպես ներկայացրեց ադրբեջանահայ համայնքի տեսակետը օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացած լսումների վերաբերյալ:



Հիշեցնենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարել էին, թե իրենք չեն վերահսկում Գյուլիստանը եւ չեն կարող այնտեղ վերադարձողներին որեւէ երաշխիքներ տրամադրել։ Ադրբեջանի վտարանդի հայերը  Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ եւ այլ բնակավայրեր վերադառնալու խնդրանքով դեռ 2006-ին են դիմել դատարան, բայց ԵԴ-ն քննության էր առել պատերազմական գոտու բնակավայր վերադառնալու հայցը, այն դեպքում, երբ մյուսներում ադրբեջանահայության նկատմամբ կիրառված արտաքսման քաղաքականությունն ավելի ակնհայտ է երեւում եւ, օրինակ, Բաքվի պարագայում Ադրբեջանը չի կարող ասել, որ այն լիարժեքորեն չի վերահսկվում իր կողմից:



Չնայած ԵԴ-ն ընտրողաբար է մոտեցել հայցերի քննությանը, գործընթացը, ընդհանուր առմամբ, Գրիգորի Այվազյանը ողջունելի համարեց եւ հատուկ ընդգծեց, որ դատավարության ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչ Ասքյարովը Ադրբեջանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ հայերն իրավունք ունեն վերադառնալ Ադրբեջան՝ իրենց հարազատ բնակավայրեր։ Այս հայտարարությունը ադրբեջանահայ մի շարք ՀԿ-ների համար խթան է հանդիսացել ավելի գործուն քայլերի դիմելու: Ադրբեջանահայ ՀԿ-ների նախաձեռնությունը նոյեմբերի 7-ին կայանալիք Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրություններին առաջադրել է Գրիգորի Այվազյանի թեկնածությունը:



Հայտը գտնվում է Ադրբեջանի ԿԸՀ-ում: Էլեկտրոնային փոստով եւ ֆաքսով այս մասին նամակներ են ուղարկվել նաեւ Ադրբեջանի նախագահին եւ արտգործնախարարին։ Անվտանգության երաշխիքների տրամադրման դեպքում Գրիգորի Այվազյանը պատրաստ է գնալ Ադրբեջան եւ ներգրավվել ընտրական գործընթացներում: Այվազյանը նաեւ տեղեկացրեց, որ Ադրբեջանի ընտրություններին մասնակցելու համար այդ երկրի անձնագիր ունենալը պարտադիր չէ, բավական է ծննդյան վկայականը, որովհետեւ  Ադրբեջանի Սահմանադրությամբ այդ երկրում ծնված ցանկացած մարդ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է:



Գրիգորի Այվազյանը հուսով է, որ իր ընտրողները՝ վտարանդի ադրբեջանահայերն էլ կվերադառնան իրենց բնակավայրերը: Ըստ նրա, նախկին ԽՍՀՄ երկրներում եւ ԱՄՆ-ում գտնվող ադրբեջանահայերը ողջունում են ադրբեջանահայերի արդար դատը: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը համոզված է, որ ղարաբաղյան խնդրի լուծման բանալին փախստականների հարցն է, որովհետեւ ադրբեջանահայությունը «Ադրբեջանի արտաքին քարոզչության աքիլեսյան գարշապարն» է: Ցավով պետք է փաստենք, որ ադրբեջանական քարոզչությունն այստեղ առաջատար դիրքերում է եւ միջազգային ոչ մի ատյան բաց չի թողնում փախստականների հարցը շահարկելու համար, իսկ մեկ միլիոն ադրբեջանահայ փախստական ունեցող ՀՀ-ն դիվանագիտական ֆրոնտում Ադրբեջանին այս հարցում էլ է զիջում:



Այս մասին է խոսում թերեւս այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետների մասնակցությամբ, հոկտեմբերի 4-14-ը Դաշտային գնահատման առաքելություն կանցկացնեն միայն ԼՂ հարակից շրջաններում: Մինչդեռ Հայաստանը պետք է ջանք չխնայեր, որ նույնանման առաքելություն իրականացվեր նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում՝ Շահումյանում, Գետաշենում, Մարտունաշենում, Նախիջեւանում:



«Մի հայտնի ճշմարտություն կա՝ 100 անգամ կրկնված սուտը կարող է ճշմարտության տեղը գրավել: Քանի դեռ մենք լռում ենք մեր ճշմարտության մասին, Ադրբեջանի սուտն ու կեղծիքը գրավում են արդարության տեղը»,- նկատում է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը, հավելելով, որ միջազգային կառույցներն աքսիոմա են համարում, որ ադրբեջանցի փախստականները  պետք է վերադառնան, իսկ հայ փախստականների մասին նրանք չեն էլ լսել: