Էքսպերիմենտ ՕԵԿ-ի վրա

Էքսպերիմենտ ՕԵԿ-ի վրա
Այն, ինչ կատարվում է «Օրինաց երկիր» կուսակցության շուրջ, ուշագրավ քաղաքագիտական ուսումնասիրությունների առարկա կարող է լինել: Այնպիսի տպավորություն է, կարծես հետաքրքիր էքսպերիմենտ է դրվել, եւ մենք բոլորս առաջիկա 1-2 տարում կարող ենք հետեւել այդ ուշագրավ էքսպերիմենտ-շոուին եւ անգամ մասնակից լինել դրան: Իսկ էքսպերիմենտը կարելի է այսպես անվանել` հասարակական վստահությունը կորցրած ուժի քաղաքական ռեաբիլիտացիայի աննախադեպ փորձ: Մի քանի անգամ ճամբար ու հայացքներ փոխած, պաշտոնների ու քվեների համար տարիներ շարունակ հետեւողական պայքար մղած այս կուսակցությունը կրկին հավակնում է բարձր դերակատարման: Այն մղումը, որ դրսեւորում են այս կուսակցության հին ու նոր անդամները, պարզապես նախանձի տեղիք կարող է տալ: Նման եռանդով եթե իշխանությունն ու ընդդիմությունը երկիր շենացնեին, մենք առնվազն Շվեյցարիայի նման երկրում կապրեինք հիմա: Այն PR-ը, որ արվում է ՕԵԿ-ի համար, ցանկացած քաղաքական ուժ կերազեր: Արթուր Բաղդասարյանի ցանկացած խոսքն ու հանդիպումը լուսաբանվում է մեծագույն հարգանքով: Անվտանգության խորհուրդը վերածվել է երկրի համար խիստ կարեւոր մի մարմնի: Իշխանությունն անթաքույց հովանավորում է նրան եւ ի ցույց դնում իր համակրանքն ու ծրագրերը՝ կապված Արթուր Բաղդասարյանի առաջիկա դերակատարման հետ: ՕԵԿ-ը շքեղ գրասենյակներ է բացում, նոր անդամներ ընդունում, անգամ սեւ PR-ից չեն խուսափում, մտածելով, որ ավելի լավ է թեկուզ բացասական կոնտեքստում հիշեն, քան մոռանան: 2 տարի անց, խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ականատես կլինենք այս էքսպերիմենտի ավարտին եւ կհամոզվենք՝ հնարավո՞ր է արդյոք մարդկանց հիշողությունից ջնջել անցյալը եւ վերականգնել երբեմնի հեղինակությունը: