Ինտերակտիվ թանգարաններ, ինտերակտիվ շփում

Ինտերակտիվ թանգարաններ, ինտերակտիվ շփում
Ինչպես գիտենք, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայցեւայնպես Հայաստանում թանգարաններ կան, որոնք  բառիս բուն իմաստով բաց երկնքի տակ են՝ առանց հուսալի տանիքի: Շատ թանգարաններ ցուցանմուշների պահպանման ու ցուցադրման հետ կապված լուրջ խնդիներ ունեն: Քիչ թվով թանգարաններ կան, որ կարող են պարծենալ, թե ամեն օր այցելու են ունենում:  Թանգարանների այցելուների սակավության պատճառներից մեկը կարող է լինել այն, որ թանգարանների աշխատելաոճն ու ծրագրերը «թանգարանային» նմուշի են: Մի քանի տարի  առաջ, օրինակ, զվարճալի մի դեպքի ակամա ականատեսը դարձանք  Ազգային պատկերասրահի հայ գեղանկարիչների ցուցասրահում:



Թանգարանի աշխատող տատիկը, որ ինքն էլ սովետական ժառանգության մի բացառիկ, աշխույժ «ցուցանմուշ» էր, իտալացի այցելուին իր իմացած ռուսերենով ջերմեռանդորեն բացատրում էր, թե ինչ հանճարեղ նկարիչ է Մ. Սարյանը եւ ինչ կարեւոր դերակատարում ունի հայ գեղանկարչության մեջ: Համոզում էր, որ Սարյանը ավելի տաղանդավոր է, քան նրա իմացածները: Թեեւ իտալացի այցելուն իր  աղքատ հայերենով եւ իմացած բոլոր լեզուներով բացատրում էր, որ չի հասկանում ռուսերեն, տարիներ շարունակ ՍՍՀՄ-ից եւ ԽՍՀՄ-ից հյուրեր ընդունած ու ճանապարհած  տատիկը անգիր արած պատմում էր Սարյանի կյանքը եւ կենսագրությունը՝ անկարող ըմբռնել այդ փաստը, որ զբոսաշրջիկը ռուսերեն չգիտի:



Սկզբում իտալացին շոյված էր ջերմ ու սրտաբաց վերաբերմունքից, հետո ներողամտորեն ժպտում էր, բայց բանը հասավ նրան, որ նա երեք լեզվով՝ իտալերեն, անգլերեն եւ հայերեն ներողություն խնդրեց իրենից պոկ չեկող տատիկից ու դուրս փախավ ցուցասրահից: Արդյոք այդ իտալացին կանտեսե՞ր իր ականջների անվտանգությունը եւ կհամարձակվե՞ր մեկ ուրիշ թանգարան այցելել:



Ինտերակտիվ թանգարաններ



Հայաստանում են «Հռոմ 3» համալսարանի փորձարարական մանկավարժության պրոֆեսոր, ԻԿՕՄ/ՍԵԿԱ միջազգային կոմիտեի նախագահ Էմմա Նարդին եւ Լուվրի դպրոցի թանգարանագիտության պրոֆեսոր, Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտի պրոֆեսոր Մարի-Կլարտե Օ’Նեյլը, որոնք սեպտեմբերի 28-ից Երեւանի եւ մարզերի թանգարանների 16 աշխատակիցների համար դասընթացներ կանցկացնեն, որի նպատակն է լինելու գիտելիքներ եւ հմտություններ տրամադրել կրթական նոր  հնարավորությունների, մասնավորապես «Հենդս-օն» եւ «Մայնդս-օն» մեթոդների մասին:



Դրանք այնպիսի մեթոդներ են, որ հնարավորություն են տալիս այցելուին ավելի անմիջական շփման մեջ լինել թանգարանի ցուցանմուշների հետ եւ դրանց մասին  ավելի ամբողջական պատկերացում կազմել: Ինչպես «Նովոստի» ակումբում նշեցին արտասահմանցի փորձագետները, այդ մեթոդները նաեւ «խոսքի իրավունք» են տալիս այցելուին, այսինքն հնարավորություն են տալիս մասնակցել ցուցադրության կազմակերպմանը: Ինտերակտիվ ցուցադրությունները, ըստ փորձագետների, ոչ միայն որակապես բարելավում են ցուցադրության որակը, այլեւ ավելի շատ այցելուներ են բերում թանգարան:



Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին կանցկացվի դասախոսություն ավելի լայն լսարանի համար: Ասուլիսի ժամանակ Մարի-Կլար Օ’Նեյլը տեղեկացրեց, որ 2012 թ. Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հետ կապված ՅՈւՆԵՍԿՕ-ին կից գործող Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) Երեւանում 2012-ին գիտաժողով կանցկացնի, որի խորագիրը կլինի. «Գրավոր հաղորդակցությունը թանգարանային հաղորդակցության մեջ»: