Հոգսաշատ Արծնին

Հոգսաշատ Արծնին
Լոռու մարզի սահմանամերձ Արծնի գյուղը մինչեւ 1989 թվականը եղել է ադրբեջանաբնակ, որից հետո մի քանի հայ ընտանիք է եկել բնակվելու: 1992 թվականին արդեն այնտեղ մոտ 150 ընտանիք էր բնակվում: Հետագայում գյուղի բնակչության մոտ 50 տոկոսը արտագաղթել է տարբեր երկրներ: Արծնիի գյուղապետ Խնկո Խաչանեսյանն ասում է. «Գյուղում ջուր չկար, աշխատատեղ չկար, գազ չկա, մշակույթի տուն չկա, մանկապարտեզ այն ժամանակ կար, հետո, երբ բնակչությունը գնաց, երեխաների թիվն էլ նվազեց՝ փակեցին: Գյուղը քաղաքի հետ կապող տրանսպորտ չկա, ճանապարհները վատն են»:



Վերջին 2 տարում արտագաղթ դեռեւս նկատվում է, սակայն ոչ մեծ թափով՝ ասում է գյուղապետն ու ավելացնում. «Ուղղակի մարդիկ նույնիսկ հնարավորություն չունեն, որ ունենային, այսօր էլ կգնային»: 1992-1994 թթ. գյուղում ապրելիս է եղել 450 ընտանիք, իսկ այսօր նրանց թիվը հասնում է 300-ի: Անասնապահությունը եւս զարգացած չէ, պատճառը, ըստ գյուղապետի, մթերքի իրացման հարցն է, հողագործությամբ էլ գրեթե չեն զբաղվում՝ «ցանածն էլ կամ կարկուտն ա վնասում, կամ էլ բերք չի լինում»:



«Ապրուստի հիմնական միջոցը արտագնա աշխատանքն է, բոլոր ջահելները գարունը գնում են, աշունը գալիս, ոչ իրանք են մեզնից բան հասկանում, ոչ մենք իրենցից»,- ասում է 70-ամյա Ռաֆիկ պապը: Արծնիի բնակչությունը գրեթե ամբողջովին մեկուսացված է, գյուղացին քաղաք հասնելու համար պետք է 3 կմ-ից ավել ճանապարհ գնա, հասնի մոտակա Նորաշեն գյուղ, այնտեղի ավտոբուսով գնա քաղաք, հետո նորից նույն բարդ ճանապարհով վերադառնա գյուղ, դրան էլ գումարած ճանապարհների քարուքանդ վիճակը:



Գյուղում ուրիշ խնդիրներ էլ կան: «Ջրի հարցը՝ հույս ունենք կլուծվի, եթե գազը քաշեն, ճանապարհը սարքեն ու մի քանի կուլտուրական տեղեր էլ սարքեն, խեղճ գյուղացին էլի կուզի մնալ գյուղում: Գյուղը եկեղեցի էլ չունի, գոնե դա սարքեն»-դժգոհում է գյուղապետը:



Լինելով սահմանամերձ գյուղ ու շրջապատված լինելով թուրքաբնակ գյուղերով, Արծնիի բնակչությունը ահուդողով է ապրում, սպասելով, թե կարող է թշնամիները մի օր արթնանան: Սակայն մյուս վախն ավելի զորեղ է՝ մնացողները վախենում են, որ մի օր կարթնանան ու կտեսնեն, որ գյուղում ոչ ոք չի մնացել:



Էդուարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ