Արցախի հարցը չի կարող շահարկվել

Արցախի հարցը չի կարող շահարկվել
ՀՀ եւ ԼՂՀ անկախության տոների կապակցությամբ «Երկրապահ» կամավորականների միությունը` ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր ուխտագնացություն էր կազմակերպել: Ուխտագնացների թվում ԵԿՄ անդամներ էին, լեգենդար 5-րդ բրիգադի մարտիկներ: Եռօրյա ուխտագնացության առաջին հանգրվանը Կիրանց գյուղն էր: Գեներալ Մանվել Գրիգորյանին Կիրանցում դիմավորեցին աղուհացով, ոտքերի տակ գառ մատաղ արեցին: Գեներալը ծաղիկներ դրեց զոհված կիրանցեցիների հուշաքարին:



«Անկախությունից բարձր ոչինչ գոյություն չունի,-Կիրանցի Սբ. Աստվածածին մատուռի բակում ասաց ԵԿՄ վարչության նախագահը:-Հայն ու արցախցին իրենց զավակների արյան գնով են անկախություն ձեռք բերել: Սիրելի տավուշցիներ, դուք ձեր ապրածով երկրապահ եք: Տավուշն իր 350 կմ սահմանով արդեն երկրապահ է, իսկ Երեւանի պաշտպանությունը սկսվում է սահմանների պաշտպանությունից»: Գեներալ-լեյտենանտը վերհիշեց, որ Տավուշի մարզն ավելի դժվար ժամանակներ է ապրել եւ հերոսներ է տվել, ուստի իրավունք ունի որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, եւ ոչ ոք հողեր չի կարող զիջել, քանի որ դրանք ազատագրվել են ազգի լավագույն զավակների արյան գնով: «Դարեր առաջ ազերու փոխարեն պարսիկն ու թուրքն են եղել, բայց ոչ ոք իրավունք չունի շահարկել Ղարաբաղը տալ-չտալու հարցը»,- ասաց նա:



Այնուհետեւ ԵԿՄ-ի «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Հայաստանի երկրապահ», «Մայրական երախտագիտություն» հուշամեդալներ շնորհվեցին ազատամարտիկներին, որոնց մի մասին` հետմահու: Օրվա վերջում սահմանապահ Կիրանցում, ադրբեջանական դիրքերին մոտ հնչեց տոնական երաժշտություն, եղավ հրավառություն: Ի դեպ, շատ ազատամարտիկներ, որոնք իսկապես մեծ ներդրում ունեն արցախյան հաղթանակների գործում, եւ որոնց մի մասը ԵԿՄ անդամ չէ, գեներալի` սահմանամերձ գյուղեր այցելելու մասին իմացել էին շատ ուշ, պատահական աղբյուրներից: Նրանցից ոմանք զանգում եւ իրենց զարմանքն էին հայտնում, թե ինչպես եղավ, որ իրենք կռվեցին, բայց չեն էլ հրավիրվել գեներալի հետ հանդիպելու: Փաստորեն, ԵԿՄ տարածքային կառույցներն իսկական հերոսներից շատերին անտեսել էին եւ հրավիրել ում հարմար էին գտել: