ՀԱԿ-ը կհայտնվի ԱԺ-ում, եթե լեզու գտնի Կրեմլի հետ

ՀԱԿ-ը կհայտնվի ԱԺ-ում, եթե լեզու գտնի Կրեմլի հետ
«Հայաստանն այսօր ավելի ցածր կարգավիճակ ունի, քան Լեհաստանը սոցիալիստական ճամբարում»,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ 2008-ի մարտի 1-ից հետո սկսվել է արտագաղթի նոր փուլ, եւ եթե Հայաստանում այսօր հազիվ 2 միլիոն մարդ է մնացել, որոնց համար անկախությունն այլեւս արժեք չէ, ապա դրանից ցածր հարցերը, ասենք՝  հայդատականությունը կամ ԼՂ հարցն ընդհանրապես արժեք չեն:



Արմեն Բադալյանի կարծիքով, եթե ապագայում ԼՂ 5 շրջանները հանձնվեն Ադրբեջանին, Հայաստանում դրա դեմ զանգվածային շարժում չի սկսվի: «Ավելին, եթե անգամ Շուշիի վրա Ադրբեջանի դրոշն էլ բարձրանա, չսպասեք, թե շարժում է լինելու»,-գուժեց փորձագետը: Հիշեցնելով «Գելլափի» վերջին հարցումները, Արմեն Բադալյանն  ապացուցեց, որ Հայաստանում այսօր մոտ 1 միլիոն մարդ էլ ցանկանում է լքել երկիրը, ինչը նշանակում է, որ այդ ընտրազանգվածն իր հայրենիքում ինչ-որ խնդիր ունի: «Դրանից հասարակությունը թուլանում է: Այսինքն, եթե դու տեսնում ես, որ 2,5 միլիոնով չես կարողանում ոչ մի բան անել, ապա մտածում ես, որ 1,5 միլիոնով ընդհանրապես չես կարողանա:



Արտագաղթը ազդում է հասարակության հոգեբանության վրա»,-նշեց փորձագետը: Նրա ընդդիմախոսը՝ PR տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը, ընդվզեց Շուշիում Ադրբեջանի դրոշի բարձրացման մասին կարծիքի դեմ ու հայտարարեց, որ չի հավատում, որ եթե նման բան լինի, Հայաստանի հասարակությունը կլռի: Նա ասաց, որ  2007-ի խորհրդարանական ընտրությունից հետո էլ ոչ ոք չէր սպասում, թե հնարավոր է շարժում սկսվի, բայց սկսվեց ու  4 ամսում թափ հավաքեց: Անդրադառնալով քաղաքական զարգացումներին, Արմեն Բադալյանը նկատեց, որ քաղաքական ակտիվացումներ կնկատվեն հաջորդ տարվա աշնանը, երբ Ռուսաստանից ազդակներ նկատվեն:



Փորձագետի կարծիքով, Հայաստանում այլեւս ամեն ինչ կախված է Ռուսաստանից, ու Կրեմլն է որոշելու իշխանական օղակների ձեւավորման ճակատագիրը: «Եթե Հայաստանում չստեղծվի աննախադեպ ֆորսմաժորային իրավիճակ, սպասեք հերթական, այլ ոչ թե արտահերթ ընտրությունների, ինչպես կանխատեսում է ընդդիմությունը»: Փորձագետը կարծում է, որ ապագա խորհրդարանում տեղ կգրավեն երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ընդդիմադիր ՀԱԿ-ը, եթե, իհարկե, կարողանա լեզու գտնել Կրեմլի հետ:



«Իսկ ՕԵԿ-ն ու «Ժառանգությո՞ւնը»»,-գրեթե միաբերան հարցրին լրագրողները, ու փորձագետը բացատրեց, որ ՕԵԿ-ը կորցրել է դեմքը, այսինքն՝ լիդերին, որը մարտի 1-ից հետո անցավ իշխանական ճամբար եւ վերջնականապես զրկվեց ընտրողներից, իսկ «Ժառանգությունը» դեմք էլ չի ունեցել, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովուրդը չի ընկալում որպես քաղաքական գործչի, եւ հասարակության որոշակի մասը նախորդ ընտրություններում նրան ձայն է տվել միայն այն պատճառով, որ թեկնածուների շարքում նա եղել է նոր մարդ, բայց հիմա արդեն փորձված է ու մերժված: