Մերուժան Տեր-Գուլանյան. Դանդաղ բարեփոխումներ

Մերուժան Տեր-Գուլանյան. Դանդաղ բարեփոխումներ
Գագիկ Բունիաթյանը, որը Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն ընտրվեց, լուրջ եւ պրոֆեսիոնալ մարդ է: Ամբողջ կյանքն աշխատել է եւ Հանրային հեռուստաընկերությունում, որը ժամանակին պետական էր կոչվում,  եւ մասնավոր: Նա հրաշալի  պատկերացնում  է հեռուստաաշխատանքը, եւ պետք է ասեմ, որ ճիշտ ընտրություն է կատարվել: Իր մարդկային որակներով էլ շատ կարգին տղա է՝ հարաբերությունների մեջ շատ ազնիվ:



Բացի այս, մի շատ շահեկան բան կա այս ընտրության մեջ: Եկավ մի մարդ, որը Հանրային հեռուստաընկերությունում  եւ «Արարատում» բոլորին ճանաչում է, եւ բոլորը ճանաչում են իրեն: Այսինքն, եթե գար մի մարդ, որը կապ չուներ հեռուստատեսության հետ, նրան առնվազն ամիսներ հարկավոր կլիներ, որպեսզի հասկանար, թե ուր է եկել եւ ինչ պետք է անի: Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի ընտրությունից անմիջապես փոփոխություններ չպետք է սպասել, որովհետեւ բարեփոխումները լինում են դանդաղ: Աստծո գործը բարեփոխություններն են, սատանայի գործը՝ հեղափոխությունը: Հեղափոխական որեւէ բանի չսպասենք: Պարզապես ես վստահ եմ, որ Աստծո գծած ճանապարհով պետք է գնանք, այսինքն՝ բարեփոխումների:



Դանդաղ բարեփոխումներ հաստատ լինելու են, այդ թվում նաեւ «Արարատ» մշակութային հեռուստաալիքում: Ակնկալում եմ պարզ, հասարակ բարեփոխումներ՝ նոր հաղորդաշարեր, որոնք հերթով կֆինանսավորվեն: Ուրիշ խնդիր «Արարատ» հեռուստաընկերությունում չկա: Հեռուստաընկերության ղեկավարը ես եմ, եւ ինձ վրա ոչ ոք ճնշում չի գործադրում: Միակ ճնշումն այն է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բոլորիս վրա ազդեց, այդ թվում նաեւ հեռուստատեսության:



Վստահ եմ, որ Հանրային հեռուստառադիոընկերությունում էլ դանդաղ բարեփոխումների ճանապարհով դեպի լավն են գնալու թե լրատվական, թե ստեղծագործական բնագավառները: Հանրային հեռուստառադիոընկերությունը շատ բազմամարդ է, եւ ես չեմ տեսել մեկին, որը դժգոհի այս ընտրությունից:Բոլորը շատ ուրախ են, որ Գագիկի նման մեկն է եկել, որը գործը հասկանալով՝ գործը հասկացողին գնահատող է: Մնացածը հընթացս կտեսնենք:



Մերուժան ՏԵՐ-ԳՈւԼԱՆՅԱՆ

«Արարատ» հեռուստաալիքի ղեկավար