Հարավօսերին «երջանկացրինք» մեր տեղակալներով միայն

Հարավօսերին «երջանկացրինք» մեր տեղակալներով միայն
Սեպտեմբերի 20-ին Հարավային Օսիայի անկախության, իսկ ավելի ճիշտ՝ հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաք Ցխինվալում կազմակերպված միջոցառումներին հրավիրվածների թվում էր նաեւ Արցախի պատվիրակությունը։ Ավելի ճիշտ՝ պաշտոնական Արցախից Հարավային Օսիայի անկախության տոնակատարությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդգես Բաղրյանը եւ Արցախի արտգործնախարարի տեղակալներից մեկը՝ Վասիլի Աթաջանյանը։



Պարզ է, որ Ռուսաստանի կողմից առաջինը ճանաչված այդ երկրի անկախության տարեդարձն առաջիններից մեկը շնորհավորել է նախագահ Դ. Մեդվեդեւը, իսկ վերոհիշյալ միջոցառմանը մասնակցել են պատվիրակություններ ոչ միայն ՌԴ-ից, այլեւ հատկապես ԱՊՀ շատ երկրներից։



Վրաց-օսական պատերազմի արդյունքում, երբ ՌԴ-ն ճանաչեց Հարավօսական Հանրապետության ու Աբխազիայի անկախությունը, Արցախում կարծիքներ հնչեցին, թե ցանկալի է, որ պաշտոնական Ստեփանակերտը եւս ճանաչի վերոհիշյալ երկրների անկախությունը։ Սակայն մենք այդ գնացքը եւս բաց թողեցինք։ Հակառակ պատճառաբանություններ գտնելն ամենահեշտն էր՝ ղարաբաղյան խնդիրն իր տեսակի մեջ յուրօրինակ է, նման չէ այդ երկրների խնդրին ու, ընդհանրապես՝ աշխարհում մերի նման ոչ մի խնդիր չկա։ Մյուս կողմից էլ՝ Երեւանը դրա համար «դաբրո» չէր տվել, որովհետեւ դա նշանակում է դեմ գնալ մեր վրաց եղբայրներին ու արժանանալ նրանց թշնամանքին եւ այլն։ Իսկ որ վրաց «եղբայրը» Ղարաբաղի հարցում ունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում եւ առիթը բաց չի թողնում շեշտելու, թե Ղարաբաղի խնդիրը միայն ու միայն պիտի լուծվի Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» տիրույթում, դա արդեն չի մեկնաբանվում...



Վերոհիշյալ միջոցառմանը, Վ. Բաղրյանի ասելով, Հայաստանից պատվիրակություն չի մասնակցել։ Վերջինս հայտնեց, որ իրենց շատ լավ են ընդունել՝ ինչպես բախտակիցների ու եղբայրների։ Երբ Ցխինվալի կենտրոնական հրապարակում հայտարարել են, որ հարավօսերի անկախության տոնակատարությանը մասնակցում է նաեւ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, ժողովրդի մեջ օվացիա եւ ծափահարություններ են սկսվել...



Իսկ Ղարաբաղը այդ միջոցառմանը մասնակցել է ընդամենը արցախցի երկու պաշտոնյաների, այն էլ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի ու ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։



Վարդգես ՕՎՅԱՆ