Ադրբեջանի տարածք` մեծամասամբ հայերով բնակեցված

Ադրբեջանի տարածք` մեծամասամբ հայերով բնակեցված
Ինչպես տեղեկացանք ankakh.com-ից, Հայաստանի գրախանութներում գնորդների ուշադրությանն են ներկայացնում մի աշխարհագրական հանրագիտարան, որտեղ Հայաստանին նվիրված էջը կսարսափեցնի եւ հունից կհանի ցանկացած հայի: « Большая иллюстрированная энциклопедия географии» կոչվող, մոտ տասը հազար դրամ արժողությամբ հանրագիտարանը լույս է տեսել 2009 թվականին` ռուսական « Махаон» հրատարակչության կողմից` բրիտանական «The kingfisher geography encyclopedia» ընկերության հետ համագործակցության շրջանակներում:



Հանրագիտարանում Հայաստանը ներկայացվում է տրամաբանության բոլոր սահմաններից դուրս փաստերով. նախ, որ Հայաստանում հիմնական լեզուն, բացի հայերենից, նաեւ ադրբեջաներենն է, Հայաստանի հիմնական կրոններն են ողղափառությունը եւ իսլամը` մասնավորապես շիա ուղղությունը: Ինչպես նաեւ նշվում է, թե 1988-89 թվականներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել պատերազմ` Արցախի կարգավիճակի պատճառով, որտեղ Արցախը ներկայացվում է «Ադրբեջանի պատմական տարածք` մեծամասամբ հայերով բնակեցված»:



Հանրագիտարանում զավեշտալի եւ զայրացուցիչ է նաեւ  Հայաստանը ներկայացնող լուսանկարը. դաշտում կարտոֆիլ հավաքող երկու գյուղացի` տարեց կին ու տղամարդ, որոնց կերպարանքն ավելի շատ ադրբեջանցու հետ կարելի է ասոցացնել, քան հայի: Մի խոսքով, Հայաստանի ու հայերի մասին տեղեկություն ստանալ ցանկացող արտասահմանցին, այս հանրագիտարանը դիտելով, կարող է միայն եզրակացնել, որ Հայաստանը մուսուլմանական մի երկիր է` հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող հետամնաց բնակչությամբ:



Դիմում ենք Ազգային անվտանգությանը՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խայտառակության պատվիրատուներին հայտնաբերելու համար, իրավական դաշտում պատասխանատվության ենթարկել սրանց, դադարեցնել այս գրքերի վաճառքը եւ գրողներին ստիպել հերքումով հանդես գալ: Հայաստանում կան երիտասարդներ, կան ազգային ուժեր, ովքեր պահանջատեր են եւ հետեւում են ամեն ապազգային երեւույթի:



Հայազն երիտասարդների միաբանություն