Անիում նամազ անողը արմատներով հայ է

Անիում նամազ անողը արմատներով հայ է
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօր «Հենարան » ակումբում անդրադարձավ թուրքական մամուլը հեղեղած այն նորություններին, որ Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեդ Բախչելին ցանկանում է ուրբաթօրյա նամազ անցկացնել Անիի մայր տաճարում` ի պատասխան Աղթամարի պատարագի: Թուրքագետը նշեց, որ Թուրքիայում հակահայկական, հակաքրիստոնեական տրամադրություններն իրենց արտացոլումն են գտնում նաև ներքաղաքական օրակարգում, իսկ Բախչելիի նախաձեռնությունը, որով նա փորձում է ավելացնել իր կուսակցության վարկանիշը, մեծ խանդավառություն է առաջացրել թուրք հասարակության մեջ:



«Թուրքական տարբեր աղբյուրներ նշում են, որ այդ նույն Դևլեդ Բախչելին ունի հայկական ծագում, նրա պապերը կրոնափոխ են եղել, և հիմա, երբ նա ցանկանում է նամազ անել, գուցե նրա մոտ իր պապերի կանչի ձայնով է առաջացել: Սա աբսուրդ է, երբ Թուրքիայի Ազգայնական կուսակցության ղեկավարին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը և ավելացրեց, որ սա ցույց է տալիս, թե Թուրքիայում էթնիկ ճգնաժամը գնալով ինչքան է խորանում ու չի շրջանցում նաև քաղաքական ասպարեզը:



Ռուբեն Մելքոնյանը նաև նշեց, որ 1064թ-ից, երբ սելջուկ թուրքերը գրավեցին Անին, Մայր տաճարն անվանակոչեցին Ֆեթիե մզկիթ, նույն մակագրությունն էլ գրված է տաճարի ցուցանակի վրա մինչ այժմ: Այս փաստն էլ արդեն թուրք ազգայնականի քայլի իրավական հիմնավորումն է, թե ինչու է նա ուզում նամազ անել հենց Անիի տաճարում:



Պրն. Մելքոնյանը նշեց, որ այսօր եկեղեցին կիսաքանդ վիճակում է՝ առանց խաչի, ներսում թուրքերեն հայհոյանքներ են գրված: Եվ այն վերակառուցումներն էլ, որ արվում են ժամանակ առ ժամանակ, ավելի շատ աղճատում են հայական ճարտարապետությունը: Օրինակ վերջերս տաճարի պարիսպը գույնզգույն քարերով է վերականգնվել: