Կապանի միակ պետական բուհն ուսանող չունի

Կապանի միակ պետական բուհն ուսանող չունի
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում երեկվանից մեկնարկել են հեռակա բաժնի քննությունները։ 102 դիմորդ հայտ է ներկայացրել 80 տեղի համար։ Միասնական քննություններից հետո այստեղ թափուր են մնացել 18 անվճար եւ 62 վճարովի տեղեր: Եթե ընդամենը երկու  տարի առաջ այստեղ ցերեկային ուսուցմամբ՝ 110-ի փոխարեն ընդունվել էր 120 ուսանող, ապա  այս տարի ընդամենը 30 առաջին կուրսեցի կա։ Ամենածանրաբեռնվածը տնտեսագիտության ֆակուլտետն է՝ 9 ուսանողով, սրան հաջորդում է շինարարականը՝ 6, իսկ մյուս 3 ֆակուլտետներում հավասարապես 5 ուսանող կա։



«Հանրապետության մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում եւս ուսանողների խիստ պակաս է արձանագրվել, բայց նման աննախադեպ իրավիճակ ոչ մի տեղ չի գրանցվել»,- նշում է Կապանի մասնաճյուղի տնօրեն Սեյրան Բալասանյանը: Նման  իրավիճակի գլխավոր մեղավորը, ըստ դասախոսների,  միասնական քննություններն են, մանավանդ որ վերահսկվում են Գնահատման ու թեստավորման կենտրոնի կողմից։ Տնօրենը նույնպես այն կարծիքին է, որ չպետք է լինեն ընդունելության քննություններ, դրա փոխարեն պետք է խստացնել վերահսկողությունը բուհերում` ուսանելու եւ պետական ավարտական քննությունների ժամանակ։ Տնօրինության հույսը հեռակայի քննություններն են, որպեսզի խուսափեն դասախոսների կրճատումից:



«Հեռակայի թեստերը կազմել են մայր բուհի դասախոսները, բավականին հեշտացված են, քննություններին, ինձ թվում է, մասնակցում են միասնականից ցածր միավորներ հավաքած դիմորդները»,-ասում է Ս. Բալասանյանը։ Նա վստահ է, որ միջին գիտելիքներ ունեցող դիմորդները կկարողանան հասնել 8 միավորի եւ ընդունվել: Վերջին տարիներին նկատվում է, որ մեծ թվով աղջիկներ են դիմում ճարտարագիտական համալսարան, նախկինում տղաները գերակշռում էին։ Այժմ հաշվեկշիռը վերականգնվում է: Ս. Բալասանյանի կարծիքով՝ սա կապված է նոր բաժինների բացման հետ: Ասենք, տնտեսագիտություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, որոնք հետաքրքրում են աղջիկներին: Եթե բախտի աստվածը Կապանի միակ պետական բուհի կողմը լինի, ապա 45 հոգի կհամալրեն  տնտեսագիտության, իսկ 35 հոգի՝  մետալուրգիայի բաժինները։ «Կարեւորը սեռը չի, էնքան որ ուսանող լինի ու գոնե կարողանա սովորել»,- կատակեց  տնօրենը: