Թռչունյանին հեռացրին, բայց կուլակաթափ չարին

Թռչունյանին հեռացրին, բայց կուլակաթափ չարին
Բարձրագույն որակավորման հանձնաժողովն օրերս մեծ  կորուստ է ունեցել՝ պաշտոնանկ Է արվել հայաստանյան ամենակոռումպացված համակարգերից մեկի՝ ԲՈՀ-ի ղեկավարը՝ Արմեն Թռչունյանը: Համակարգի կոռումպացված լինելու մասին լուրերը տարածվել են բոլոր այն մարդկանց միջոցով, որոնք երբեւէ առնչվել են ԲՈՀ-ի եւ Արմեն Թռչունյանի հետ:  Սակայն արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Արմեն  Թռչունյանը գիտնականներ աճեցնելու գործում մեծ ներդրում է ունեցել: Ասում են՝ նրա շնորհիվ բազմաթիվ պաշտոնյա տառաճանաչներ գիտական աստիճան են ստացել, նույնիսկ Թռչունյանից էլ բարձր գիտնական են ձեւակերպվել:



Ու այս ամենի շնորհիվ ոչ միայն հայոց գիտնականների թիվն է սրընթաց աճել, այլեւ, ըստ շրջանառվող լուրերի, Արմեն Թռչունյանի սեփական բյուջեն: Եվ սա ծակել է ոմանց աչքը ու հրաման նրան հրաման են իջեցրել, որ  հրաժարականի դիմում գրի: Ասում են, այս գործընթացը վաղուց են նախաձեռնած եղել, սակայն Թռչունյանի կողմից դե յուրե գիտնական ձեւակերպվածները չեն ուրացել նրա արածներն ու թիկունք են եղել նրան: Այն աստիճանի, որ շրջանառության մեջ էին դրել ԲՈՀ-ը լուծարելու հարցը: Իսկ Թռչունյանը, որ բավական զգույշ մարդ էր, յոթ տարի կարողացավ դիմակայել եւ հակադարձել հարվածները՝ մինչեւ որ կրթության եւ գիտության նախարար կարգվեց Արմեն Աշոտյանը, որն ավելի հետեւողական գտնվեց նրան հեռացնելու հարցում:



Նրա համառ պահանջներից հետո Թռչունյանը դիմում գրեց, եւ նրա ճակատագիրը, ինչպես ԲՈՀ-ինը, այժմ հասարակությանն անհայտ է: Թե ով է շարունակելու գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ արտադրելու գործը, խիստ գաղտնի է պահվում, անուններ չեն հայտնում, ասում են՝ Քաղծառայության խորհուրդը պետք է մրցույթ հայտարարի: Մանկավարժականի նախկին ռեկտոր Արտյուշա Ղուկասյանի անունն է շրջանառվում, իսկ մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թռչունյանի տեղակալ Լիլիթ Արզումանյանը, որի հետ նախկին ղեկավարը յոլա չէր գնում, քանի որ տիկինն անկաշկանդ քննադատում էր ու երեւան հանում ԲՈՀ-ի ղեկավարի անօրինականությունները:



Իսկ Թռչունյանի հրաժարականից հետո անգամ նրա հակառակորդ Արզումանյանն է կերպարանափոխվել: Մեր այցելության ժամանակ նա համառորեն հրաժարվում էր պատասխանել մեր հարցերին: Հազիվ մի քանի խոսք կորզեցինք նրանից: Նախ հետաքրքրվեցինք «հրաժարականի» հավանական պատճառների մասին:



- Անկեղծ ասած, բոլորիս համար մի քիչ անսպասելի էր: Այս պահին ճիշտ չէ, որ ես այդ մասին խոսեմ: Դժգոհություններ, իհարկե, կային, ես ինքս էլ գիտեմ, որ մեր շուրջ խոսակցություններ եւ դժգոհություններ կային:  Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ այս համակարգի ամենաբարդ կետն այն է, որ հասարակության մեջ չափանիշներն են խախտվել: Ու երբ որ հասարակությունն ապրում է այդ բարոյական չափանիշների խախտման պայմաններում, շատ դժվար է պետական օղակների համար պաշտպանել այդ չափանիշները: Ես, իհարկե, այն կարծիքին եմ, որ մեծ ցանկության դեպքում անհնար չէ:



- ԲՈՀ-ը թեեւ 17 տարի գործում է, սակայն ավելի շատ հեղինակազրկվեց վերջին տարիներին: Ինչո՞վ է դա պայմանավորված:



- Այո, ինչ-որ փոփոխություններ անհրաժեշտ է, ես չեմ ասում՝ մենք անմեղ ենք, մենք շատ լավ ենք աշխատել, ոչ, իհարկե, առանց կրակ ծուխ չի լինի, մենք այս ամեն ինչի մեջ մեր մեղքի բաժինն ունենք:



- Թռչունյանի պաշտոնանկությունը հնարավո՞ր է պայմանավորված է կոչումները առուծախի վերածելու մասին խոսակցություններով,  հրապարակումներով:



- Ես  մի քիչ վատ վիճակի մեջ եմ, եւ այսօր ճիշտ չի լինի պատասխան տամ արածների համար, անարդար է, որ ես այսօր պատասխանեմ: Ճիշտ չի լինի: Վերջին հաշվով հիմնարկը առաջին դեմքն է, ինչքան էլ ուզում ես դեմ գնա ու փորձի արդարություն պահանջել: Ես հայտնվել եմ պատասխանատու դերում, ինձ համար շատ ծանր է: Եթե ես ասեմ՝ շատ վատն էր, ես կապ չունեի, բարոյական չէր, ու հիմա փորձեմ պատասխան տալ, բայց ինչո՞ւ:



- Իսկ ինչպե՞ս էր ստացվում ձեր համագործակցությունը: Սովորաբար չինովնիկները չեն հանդուրժում իրենց ընդդիմախոսներին, այն էլ տեղակալի պաշտոնում: Իսկ Դուք  բացահայտ խոսում եւ գրում էիք ԲՈՀ-ի անօրինականությունների մասին:



- Այս հիմնարկն ինձ համար շատ թանկ է, դերասանություն չեմ անում: Ես եղել եմ հիմնադիրներից, ես այստեղ ընդունվել եմ 93 թվականին, եւ կառույցը սարքել ենք մենք մի քանի հոգով` մեր առաջին նախագահի՝ Արա Գրիգորյանի հետ: Եվ հիմնարկն էր լավը, եւ համակարգը: Եվ եթե հիմնարկի շարքերը պահանջում էր այն չվարկաբեկվեր, ես շարունակում էի այդպես աշխատել:



- Կարծո՞ւմ  եք, որ անձի փոփոխությամբ ինչ-որ դրական բան կփոխվի:



- Ոչ մի բան չեմ կարող ասել, ինչ իմանամ ինչ կլինի:



- Խոսակցություններ կային, որ ԲՈՀ-ը փակում են: Հնարավո՞ր է ի վերջո հանգեն այդ որոշմանը:



- Այդ խոսակցություններն իրոք կային: Ուղղակի երկրի շահերից չի բխում: Ես չգիտեմ` այդ խոսակցությունները որտեղից էր, միշտ էլ կային դրանք, որ պետք չէ, ավելորդ կառույց է: Բայց դա միանշանակ չէ, այստեղ էլ կա լուրջ բարոյականության խնդիր: Եթե մասնագիտական խորհուրդներն աշխատեն շատ ճիշտ եւ շատ արդար, որոնց  հաստատում եւ դարձնում են գիտնական, լինեն իսկական գիտնական, իրոք ԲՈՀ-ը պետք չէ, բայց բացարձակ այդպես չէ: Բացի այդ, մենք փոքր երկիր ենք, որտեղ ամեն ինչ լուծման ճանապարհին է: