«Հանրահավաք» վրացական ափին

«Հանրահավաք» վրացական ափին
Հայաստանյան հասարակության վրա ի՞նչն է ամենից շատ ազդեցություն թողնում: Տրամաբանորեն` հեռուստատեսությունը: Այդպես է ամբողջ աշխարհում: Բայց  իրականում մեկ տասնյակից ավելի հայլուրների ազդեցությունը շատ փոքր է` սպառված է վստահության ռեսուրսը: Տրամաբանորեն պետք է, որ ազդեցություն թողնեն ընդդիմության հանրահավաքները, որպես զանգվածային քաղաքական միջոցառում: Բայց հանրահավաքների մասնակիցների անընդհատ նվազող քանակը, ինչպես նաեւ նրանց հանդեպ մեծացող անտարբերությունը հուշում են, որ այստեղ նույնպես չկա ազդեցության մեծ ռեսուրս:



Մյուս կողմից՝ մեր հասարակությունը չի ապրում աշխարհից մեկուսացված, ու հասարակական տրամադրությունները ձեւավորվում են որոշակի իրադարձությունների արդյունքում:  Նման իրադարձությունների անմիջական մասնակիցը եղավ նաեւ հայ հասարակությունը, եւ այդ իրադարձության հետեւանքներն իրենց ազդեցությունը թողնելու են երկար ժամանակ: Խոսքը դեպի վրացական ծով ճամփորդության մասին է:



ԹՎԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ



Ըստ «Հարավային երկաթուղիներ» ՓԲ ընկերության տվյալների, ամռան երեք ամիսների ընթացքում Հայաստանից Վրաստան է գնացել մոտավորապես 85 հազար մարդ: Ըստ տուրիստական գործակալություններից ստացված տվյալների՝ ավտոբուսներով վրացական ափ գնացել է մոտավորապես նույնքան զբոսաշրջիկ. ստացվում է՝ միասին  մոտ 170 հազար: Մի պատկառելի քանակ մեկնել է ծով սեփական մեքենաներով, տարբեր տվյալներով՝ այդ քանակը կազմում է 15-25 հազար: Միջինացնելով՝ կարելի է եզրակացնել, որ այս տարվա ամռանը վրացական ծովափում հանգստացել է 150-200 հազար Հայաստանի քաղաքացի: Թվերի կլորացումը նման մեծ տատանումով արվում է այն պարզ պատճառով, որ դա այլեւս այդքան էական չէ: Լինի 150 հազար, թե 200` հետեւանքները մոտավորապես նույնն են:



150-200 հազարն այն թիվն է, որը երբեք չեն հավաքում բոլոր հայլուրները միասին, ու դա նաեւ այն թիվն է, որը երբեք չի հավաքվում ընդդիմության հանրահավաքներին: Բայց սա այն թիվն է, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ հասարակական պրոցեսների վրա: 150-200 հազար մարդ հատել է Հայաստանի սահմանը, կարճ ժամանակում հայտնվել այլ պետության տարածքում եւ ստացել համեմատություններ անելու անսահման հնարավորություն:  Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մայրաքաղաքի բոլոր սրճարաններում, հիմնարկներում, ընտանիքներում քննարկումների թիվ մեկ թեման հենց սա էր՝ վրացական ափը, վրացական մաքսատունը, վրացական ճանապարհները, վրացական գները եւ, իհարկե, վրացական ճանապարհային ոստիկանությունը:



Ծովից վերադառնալուց հետո մարդիկ չէին դադարում խոսել դրա մասին ու չէին դադարում համեմատություններ անել: Միայն տեղական մամուլում տպագրվել են մեկ տասնյակից ավելի հոդվածներ այս մասին: 2,5-3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար 150-200 հազար թարմ տպավորություններով եւ համեմատությունների հակված մարդկանց շերտը շատ լուրջ փոփոխությունների  պոտենցիալ ունի: Սա, մեծ հաշվով, մի 150-200 հազարանոց հանրահավաքի ազդեցություն է թողել: Նույնիսկ եթե այդ հանրահավաքը կայացավ վրացական ափին: Սրա առավելությունն այն է, որ սա ունենալու է երկարատեւ ազդեցություն:



ՈՐԱԿԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ Է ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ



Վրաստանից հետ վերադարձողների առաջին տպավորությունն այսպիսին էր. «Մեզնից առաջ են անցել: Մի ժամանակ մենք էինք առաջ, հիմա` իրենք»: Ու թվարկում են տարբերությունները: Ես ինքս  անցել եմ ափի ողջ երկայնքով ու առաջին շոկը կապված էր հյուրանոցային շինարարության հետ: Բացվել են նորերը, կառուցվում են նորերը: Մինչ Տիգրան Սարգսյանի կառավարությունը Հայաստանը դարձնում է համաշխարհային տուրիզմի կենտրոն ու իր էկոնոմիկայի նախարարին գործուղում Շվեյցարիա՝ «չլած» ճոպանուղի բերելու, Վրաստանում իրականացվում է  կոնկրետ ծրագիր՝ կոնկրետ ժամկետներում:



Մի կողմ թողնելով հուզականությունը, պետք է արագ հասկանալ` ինչ կար եւ ինչու այդպես ստացվեց:  «Մի ժամանակ մենք էինք առաջ, հիմա՝ նրանք» ձեւակերպումը լուրջ քննարկման թեմա է:



1998 թվականին Երեւանում գործում էր միայն երեք հյուրանոց: Ընդամենը 10 տարի անց Հայաստանի տարածքում կար արդեն մոտ 50 հյուրանոց, որոնք ընդունում էին արտերկրից հյուրերի: Դրանցից մոտ 30-ը Երեւանում էր, մնացածը` մարզերում, այդ թվում` Ջերմուկում, Վանաձորում, Սեւանում եւ այլն:  Նույն ժամանակահատվածում Թբիլիսիում գործում էր 3-4 միջազգային կարգի հյուրանոց:



Մոտ տասը տարի Հայաստանի քաղաքացիները հանգստանում էին վրացական ափի ոչ այնքան բարեկարգ մասնավոր տներում, որովհետեւ հյուրանոցներ պրակտիկորեն չկային:  Վրաստանի կառավարության նիստերի ժամանակ զբոսաշրջության զարգացման եւ ներդրումների թեման բազմաթիվ անգամ դարձել է քննարկումների առարկա: Այդ նույն տարիներին Հայաստանում գործում էին արդեն միջազգային լուրջ հյուրանոցային բրենդներ` «Մարիոտ», «Գոլդեն Թուլիփ», «Թուֆենկյան հյուրանոցային ցանց» եւ այլն:



2007 թվականի տվյալներով՝ Հայաստանում արդեն կար մոտ 5 հազար հյուրանոցային ննջատեղ: Սա շա՞տ է, թե՞ քիչ: Իհարկե, բավարար չէ, բայց սա այն թիվն է, որի վրա կարելի էր եւ պետք էր զարգացնել ոլորտը, ոչ թե Գյումրին սարքել ծովափնյա քաղաք (տես՝ էկոնոմիկայի նախարարության կայքը), Դիլիջանը` ֆինանսական կենտրոն եւ հորինել այլ մշակութային եւ տեխնոկենտրոններ: Համեմատության հաջորդ թեման ճանապարհներն են: Նրանք, ովքեր մինչեւ 2008-2009 թվականը  նույնպես գնացել են վրացական ափ, կպատմեն, թե հայաստանյան հարմարավետ ճանապարհներից հետո որքան անբարեկարգ էին վրացական ճանապարհները:



Տուրիզմը հենց այնպես չի զարգանում: Դրա համար պետք է մտածված ծրագիր, որպեսզի ենթակառուցվածքների համակարգն աշխատի: 2002-2003 թվականներին աննախադեպ ծավալի ճանապարհաշինարարական ծրագրեր իրականացվեցին մեզ մոտ, հիմնականում «Լինսի հիմնադրամի» աջակցությամբ: Վրաստանը կանգնած էր: Միայն Սելիմի լեռնանցքի եւ Դիլիջանի ճանապարհների վերանորոգումը եւ միջազգային չափանիշների համապատասխանեցումը էական տեղաշարժեր արձանագրեցին ներքին տուրիզմի ցուցանիշների մեջ:



Ինչ էր պետք անել. ընդամենը պետք էր շարունակել ծրագրերը` վաղուց մշակված նախագծերն իրականացնել:  Մենք գնացինք «Նյու Վասյուկիի» ճանապարհով: Արդյունքում ունենք այսօրվա վիճակը:



Ծովափ գնացողները առանց այս վիճակագրական թվերի էլ ամեն ինչ հասկանում են: Հիշում են, որ 2 տարի առաջ հայկական մաքսատունը կոկիկ շինություն էր, լավ կահավորված, աշխատողները՝ նորմալ հագնված, իսկ վրացականը ժամանակավոր «դոմիկ» էր: Հիմա վրացական կողմում հերթ չկա, որովհետեւ լավ շենք է, տեխնիկան` գերժամանակակից, աշխատողները՝ կիրթ եւ բարեհամբույր, իսկ մեզ մոտ՝ լրիվ հակառակը: Մենակ թե հիմա էլ մեր իշխանությունները չասեն, թե մաքսայինը փող չունի զարգացման համար:



ԱՌԱՋ, ՎՐԱՍՏԱՆ



Հարեւան երկրի համար 150-200 հազար զբոսաշրջիկ ապահովող հայ հասարակությունը, բնականաբար, հսկայական գումարներ է ծախսում այնտեղ: Հյուրանոցի կամ սենյակի վարձակալում, սնունդ, տրանսպորտ, զվարճանքներ, առեւտուր եւ այլն: Հաշվարկենք եւ կտեսնենք, թե ինչ սահմռկեցուցիչ գումարի մասին է խոսքը` տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոններ: Առձեռն, կանխիկ դոլար, որը դուրս է բերվում երկրից: Եվ այն պատճառով, որ Հայաստանի իշխանություններն ասում են` սպասեք, երբ պլանավորած կենտրոններ` մշակութային, ֆինանսական, տեխնո եւ այլն, սարքենք, ամեն ինչ լավ կլինի: Համեմատեք ինքներդ:



2006 թվականի տվյալներով, Հայաստանի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 300 հազար մարդ, իսկ ներքին զբոսաշրջության ֆինանսական հոսքերը՝ մոտ 70 միլիոն դոլար: Այս թիվը կրկնապատկելու, եռապատկելու փոխարեն, մեր ձեռքով հոսքերն ուղղեցինք հարեւան երկիր: 1998-ին օտարերկրացիների հայաստանյան այցելությունների թիվը կազմել է մոտ 32 հազար, իսկ 2007-ին` 510 հազար: Թվում էր, թե միտումները հստակ դրական են: Ու հիմա թող ամեն մեկն իր համար համեմատություններ եւ հետեւություններ անի:



Մեր ձեռքով տուրիզմի շուկան քանդեցինք, նվիրեցինք  Վրաստանին ու հիմա զարմանում ենք: Որովհետեւ եղածը զարգացնելու ծրագիր չմշակեցինք, չհասկացանք, որ տուրիզմը հենց այն ոլորտն է, որտեղ մարդն իրոք ամենաթանկ բանն է: Իսկ Վրաստանը սարքեց ճանապարհները, հյուրանոցները,  մաքսատները, ու խնդրեմ: «Արի տուն»  ծրագրի համար նախարարություն հորինելու փոխարեն վրացիները հիմա որոշել են Բաթումից հանել նավահանգիստը, որովհետեւ լուրջ ծովափնյա տուրիստական կենտրոններում բեռներ չեն բարձում: Նավահանգիստը սարքելու են այլ տեղ:



Եթե ուշադրություն դարձրիք, վրացական հիմնական ձեռքբերումները եղել են տնտեսական ճգնաժամի տարիներին: Այդ նույն տարիներին մեր  վարչապետն իր նախարարներով բոլոր տապալումները վերագրում էր ճգնաժամին, իսկ երբ պետք էր լինում, հայտարարում էր, թե կառավարության ջանքերով ճգնաժամն ավարտվել է: Գուցե իրենց եւ Վրաստանի ճգնաժամն ավարտվել է, բայց երկրինն ակնհայտորեն շարունակվում է:



Կարող ենք նշել նաեւ հաջորդ համեմատության թեման: Վրաստանի իշխանությունները հասկացել են, որ Թբիլիսիի  օդանավակայանը լավը չէ: Զիջում է Հայաստանին եւ Ադրբեջանին:  Ու խնդիր են դրել հարցը լուծել: Եվ կլուծեն: «Զվարթնոցը» կոնցենսիոն կառավարման հանձնելուց հետո էապես փոխվեց, նոր մասնաշենքի կառուցումն ավելի կուժեղացնի նրա դիրքերը: Բայց դրա փոխարեն ազգային ավիափոխադրող «Արմավիան» դարձել է անհասկանալի կառույց, որը երբ ուզի՝ չվերթ է հանում, հսկայական պարտքեր է կուտակում նաեւ նույն օդանավակայանին եւ տոմսերի շատ թանկ գներ է սահմանում:



Տարիների ընթացքում մեր հասարակությանը սովորեցրել են համեմատվել եւ մրցել միայն Ադրբեջանի հետ: Բայց Հայաստանում ապրող մարդկանց եւ սերունդների միակ նպատակը չի  կարող լինել դա: Մարդիկ ուզում են իրենց եւ մեր բոլորի երկիրը տեսնել այնպիսին, որ կարողանանք համեմատվել բոլորի հետ: Բայց սրա դեմ պայքարում է պետական քարոզչամեքենան, որովհետեւ  համեմատությունը միանգամից վեր է հանում իշխանության սնանկությունը, կառավարության դատարկությունը: Համեմատության մեջ հաղթում է իրականությունը, որը հստակ ձեւակերպել են վրացական ծովափ մեկնած հասարակ մարդիկ. «Մի ժամանակ մենք էինք առաջ, հիմա` իրենք»:



Լեւոն ՇԱՀԻՆՅԱՆ