Ո՞ւմ սրտին է բալասան Բալասանյանը

Ո՞ւմ սրտին է բալասան Բալասանյանը
Լրագրողական աշխարհն այս օրերին գլուխ է ջարդում՝ հասկանալու համար, թե քաղաքական աշնանն ընդառաջ մարտավարական ինչ փոփոխություն էր ուզում կատարել ԲՀԿ-ն, ինչ խնդիր էր ուզում լուծել, որ փոխեց ԱԺ իր փոխնախագահին: Օրինակ՝ թե ո՞րն էր Արեւիկ Պետրոսյանին Սամվել Բալասանյանով փոխելու օգուտը խորհրդարանում ԲՀԿ-ի համար, բացի այն, որ տիկին Արեւիկն ԱԺ ամբիոնում իր ներկայությամբ այլեւս չի ազդի ոմանց նյարդերի վրա: Արեւիկ Պետրոսյանի պաշտոնանկության առթիվ ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ նա պասիվ է խորհրդարանում եւ չի աշխատում ԲՀԿ-ի օգտին: Այս պարագայում առնվազն անհասկանալի է Սամվել Բալասանյանի ընտրությունը:



Նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը ԱԺ նիստերից առավել բացակայող պատգամավորներից է: Որեւէ մեկը չի հիշում, որ նա ԲՀԿ մտնելուց հետո որեւէ հայտարարություն արած լինի ԲՀԿ-ի օգտին կամ գոնե ներկա լինի դահլիճում, երբ մրցակիցները փորձում են քար նետել ԲՀԿ-ի բոստանը: Երեկ մենք փորձեցինք գտնել Սամվել Բալասանյանի հեղինակած օրինագծերը, սակայն այդպես էլ գեթ մեկ օրինագիծ չգտանք: Բալասանյանը գրագիտությամբ եւ ոսկեղենիկ հայերենով աչքի չի ընկել, ռուսերենի կամ այլ լեզուների իմացության եւ այլ երկրների ամբիոններից օտար լեզվով հայտարարություններ անելու նրա ընդունակության մասին եւս պատմությունը լռում է:



Ուրեմն ի՞նչ տրամաբանությամբ է Գագիկ Ծառուկյանն ընտրել Սամվել Բալասանյանին՝ որպես խորհրդարանում ԲՀԿ շահերի պաշտպան: Այն, որ Գագիկ Ծառուկյանը միանձնյա՝ առանց խմբակցության կարծիքը հաշվի առնելու է ընտրություն կատարել եւ ինչ-որ հարմար պահի է կանգնել Բալասանյանի թեկնածության վրա, ապացուցում է նաեւ այն, որ մինչ ԲՀԿ-ն կհրապարակեր Սամվել Բալասանյանի անունը, րոպեներ առաջ ԲՀԿ քարտուղար Արամ Սաֆարյանը տեղյակ չէր, թե թեկնածուներից ով է ընտրվելու:



Հայտարարությունից րոպեներ առաջ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղարը մեր հարցին ի պատասխան ասաց, թե «4 թեկնածուներն էլ ուժի մեջ են՝ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Սամվել Բալասանյանը եւ ես»: Ավելին՝ տեղեկություններ կային, որ նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությանը կուսակցությունում այնքան էլ կողմ չեն եղել՝ «էրեկ մեկ, էսօր՝ երկու, ուզում է ԱԺ փոխնախագահ դառնալ»:



Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Բալասանյանի թեկնածության վրա Գագիկ Ծառուկյանը կանգնել է Սերժ Սարգսյանի հետ համատեղ որոշման արդյունքում: Ծառուկյանն ավելի հակված է եղել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը, սակայն առավել կանխատեսելի է համարվել Սամվել Բալասանյանը: Այնպես որ, գարեջրատեր Բալասանյանի առթիվ եղել է համատեղ որոշում: Այժմ անհարմար վիճակի մեջ է հայտնվել ՕԵԿ-ը. մի կողմից մտածում է՝ ոնց մուռ հանի երախտամոռ Բալասանից, մյուս կողմից՝ ոչ մի կերպ չի ուզում եւ չի էլ կարող դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստացած թեկնածուին: Այնպես որ, ԱԺ առաջիկա նիստում ՕԵԿ-ը սրտի կսկիծով կողմ է քվեարկելու ճակատին խարանած, ապա ՕԵԿ-ը մաքրած Բալասանյանի թեկնածությանը: Իրոք որ հետաքրքիր տեսարան կլինի: