Դատավորի նյարդերը տեղի են տվել

Դատավորի նյարդերը տեղի են տվել
Մի քանի օր է՝ դատական համակարգը քննարկում է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանի ինքնասպանության փորձի պատմությունը: 52-ամյա Ստեփանյանը, որ նախկինում դատախազությունում է աշխատել, իսկ 1996 թվից մինչ օրս դատավոր է, մի քանի օր առաջ մտել է դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի կաբինետ եւ երակը կտրել: Անմիջապես աղմուկ է բարձրացել, եւ ողջ դատարանի աշխատակազմը տեղեկացել է այդ մասին:



Դատավորը հավանաբար չի իմացել, որ երակը նույնիսկ եթե բազկի մասում են կտրում, արյունն արագ մակարդվում է, եւ իրական ինքնասպանները նման քայլի գնում են ջրի մեջ՝ սովորաբար լոգանք ընդունելիս: Այնպես որ, ամեն դեպքում այդ փորձը ոչ թե մահվամբ էր ավարտվելու, այլ այն անձի, որին ուղղված էր՝ վախեցնելով: Տվյալ դեպքում այդ անձը դատարանի նախագահն է՝ 57-ամյա  Սուրիկ Կոստանյանը, որը 1991-ից դատավոր է աշխատում, եղել է Մաշտոցի ժողդատարանի, ապա Էրեբունու եւ այժմ՝ Շենգավիթի դատարանների նախագահ:



Նա համարվում է Դավիթ Հարությունյանի մարդը, իսկ որդին՝ Գեւորգ Կոստանյանը, մի քանի տարի է՝ զբաղեցնում է ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնականի պաշտոնը եւ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչն է: Նա այս պաշտոնը զբաղեցրել է ՀՀ նախագահի նախկին օգնական Գեւորգ Մհերյանից հետո, որին, եթե հիշում եք, տեղափոխեցին փոխոստիկանապետի պաշտոնի, ապա նրա կյանքը ողբերգական ավարտ ունեցավ՝ իր տան շեմին, 34 տարեկան հասակում նրան սպանեցին եւ սպանությունն առայսօր բացահայտված չէ:



Այժմ դառնանք մեր դատավորներին: Չնայած նրանք ամենայն փութաջանությամբ փորձում են թաքցնել սուիցիդի փորձը, սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի՝ այն էլ այսպիսի փոքր երկրում: Երեկ, մեր տեղեկություններով, դատավորն ու իր նախագահը հրավիրվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մոտ՝ հաշիվ տալու: Ի դեպ, ըստ լուրերի, Ա. Մկրտումյանն այս դեպքի մասին ավելի ուշ է իմացել, քան Անվտանգության ծառայությունը, որն այս պատմության մեջ գլխավոր գործող կառույցներից է:



Մի զարմացեք. մեր աղբյուրներն ասում են, որ ամեն ինչ սկսվել է քրեական գործով մի դատավճռից, որով, հավանաբար, դատավոր Կարեն Ստեփանյանը մեղմ պատիժ է տվել, իսկ դա «կագեբեի» սրտով չի եղել, եւ նրա նկատմամբ վարույթ են սկսել: Մեր աղբյուրը նշում է, որ դատավճիռն արձակվել է Կոստանյանի հրահանգով, սակայն քանի որ փաստաթղթի տակ դրված է Ստեփանյանի ստորագրությունը, ԱԱԾ վարույթն առնչվել է նրան: Ասում են, որ Կոստանյանը «ձեռքերը լվացել է» խնդրո առարկայից եւ քաշվել մի կողմ: Եվ դատավճիռը կայացրած դատավորը հասկացել է, որ իրեն «փուռն» են տալիս: Այս է եղել պատճառը, որ նրա նյարդերը տեղի են տվել, եւ նա գնացել է ինքնասպանություն բեմադրելու քայլին:



Նշենք, որ այս տեղեկությունները մենք ստացել ենք ոչ պաշտոնական աղբյուրներից, քանի որ պաշտոնական աղբյուրներն այս մասին լռում են: Սակայն եթե դրանք համապատասխանում են իրականությանը, ապա չենք կարող չուրախանալ, որ վերջապես դատավորները կհասկանան, որ ում պատվերով էլ ուզում է դատավճիռ ու վճիռ կայացնեն, միեւնույն է՝ իրենք են պատասխան տալու իրենց ստորագրածի համար: Սակայն չենք կարող նաեւ չնկատել, որ ամենայն հավանականությամբ այս գործով ԱԱԾ-ի հետաքրքրությունն էլ առողջ չէ. այն կամ ինչ-որ մեկին անիմաստ դաժան պատիժ արձակելուն է ուղղված, կամ դատավորն ինչ-որ մեկի ոտքն է տրորել ու հայտնվել սեւ ցուցակում:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ