Մովսես Արիստակեսյան. Պատգամավորներն անկեղծացել են

Մովսես Արիստակեսյան. Պատգամավորներն անկեղծացել են
Մենք ամեն ամիս ականատես ենք լինում Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրություններին այն մասին, թե տնտեսությունն այս կամ այն չափով աճ է գրանցել, իհարկե, աճը երկնիշ չէ, միանիշ է, բայց կա: Բնական է, որ աճ պետք է լինի, որովհետեւ մարդն ապրում է եւ պետք է սպառի: Այլ է, թե այդ սպառումը նա որտեղից է ստանում՝ երկրում ստեղծված արդյունքի հաշվի՞ն է, թե՞  նորից բարեկամ-հարազատների ուղարկած տրասֆերտների արդյունք է դա: Իհարկե, տրասֆերտների հետեւանքով է, որ սպառումը խթանվում է, ու ներկրողներն էլ դրանից շահում են:



Բոլոր դեպքերում, արժեքներով է գնահատվում, թե ինչպիսի աճ կա: Երբեւիցե կարողանո՞ւմ են Ազգային վիճակագրական ծառայությունը կամ ԱԺ պատգամավորները տեսնել, թե ֆիզիկական ինչպիսի առաջընթաց կա,  թե ինչպիսին է արտադրության խթանումը կամ սպառման ավելացումը: Լայն սպառման  ապրանքների գների աճի պայմաններում, բնականաբար, սպառումն ավելանում է եւ դրանով ցույց է տրվում աճ: Համադրելիության  մասին խոսք չկա: Այն սկզբունքը, որ պետք է ապահովել համադրելիություն, ի սկզբանե խախտված է: Այս պարագայում ես շատ եմ գնահատում իրենց աշխատավարձերը բարձրացնելու պատգամավորների նախաձեռնությունը:



Տեսնում եմ, որ պատգամավորները մտածում են, որ իրենց տրված 300 հազար դրամն անհամարժեք է եւ չի ապահովում իրենց գոյությունը: Ես այս տեսակետից եմ գնահատում նախաձեռնությունը: Նրանք զգում են, որ այն աշխատավարձը, որ պաշտոնապես վերագրված է իրենց (չեմ խոսում ձախ եկամուտներից), ցածր է եւ չի ապահովում այն զամբյուղը, որով պետք է ապրել: Եթե ժողովուրդն է նրանց գործուղել ԱԺ-ում աշխատելու, նրանք առաջին հերթին պետք է հետամուտ լինեն 2004թ.-ին ԱԺ կողմից ընդունված մեռելածին օրենքին՝ «Նվազագույն բյուջեի եւ սպառողական նվազագույն զամբյուղի մասին» օրենքին:



Այդ մեռելածին օրենքի վրա նրանք թքած ունեն: Ինչո՞ւ չեն նայում, թե ամեն տարի կառավարությունն ինչ բյուջե է գրում եւ ինչպիսի աշխատավարձով է այդ բյուջեն կառուցում, ինչո՞ւ են այսօր նվազագույն 30 հազար դրամ աշխատավարձի սահմաններում բյուջե հաստատում: Նախ այս հարցերի մասին թող մտածեն, հետո իրենց աշխատավարձի բարձրացումը պահանջեն: Բայց նախադեպը, որ իրենք  անհանգստացած են, պարզապես իրենց  անկեղծությունն է ցույց տալիս, որ իրենց այդ 300 հազարը չի բավարարում:  Պատգամավորները, ասենք՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, թող փորձեն գոյատեւել 30 հազարով:



Ես համամիտ եմ, որ պատգամավորը պետք է ավելի շատ ստանա, քան այսօրվա 300 հազարն է, նաեւ հանրապետության նախագահը 400 հազար դրամ չպետք է ստանա: Դա պարզապես կեղծիք է եւ  ծիծաղելի: Ինչպե՞ս կարող է երկրի համար պատասխանատվություն կրող անձը պետբյուջեից 400 հազար դրամ վարձատրվի: Կեղծիքը հենց նրա մեջ է, որ պետական պաշտոնյաները օրենքով ամրագրված չնչին աշխատավարձ են ստանում, բայց միլիոնների կարողություն են դիզում: Հիմա անկեղծ ասում են՝ մեր աշխատավարձը բարձրացրեք, որովհետեւ գիտակցեցին, որ դա մարդու նորմալ գոյության համար բավարար չէ: Նրանց 300 հազարն այսօր պետք է ժողտնտեսության մեջ զբաղված մեկ անձի միջին աշխատավարձը կազմի:



Մովսես ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

«Ժողովրդի իշխանություն» շարժման համակարգող