Բաբլոյանն ինչ որ ստեղծում է, էս երկրի համար է (հարցազրույց)

Բաբլոյանն ինչ որ ստեղծում է, էս երկրի համար է (հարցազրույց)
ԱԺ առողջապահության, մայրության ու մանկության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը արդեն մի քանի ամիս համավճարի մոդելը կիրառում է իր հիվանդանոցում՝ «Արաբկիրում», որտեղ բուժսպասարկման մի մասի համար վճարում է պետությունը, մյուս մասի համար՝ հիվանդը: Ասվում է, որ ժամանակին համավճարի կիրառումն ընդունել ռիսկ չի արել անգամ Ռոբերտ Քոչարյանը: Այսօր արդեն «Արաբկիրում» բուժվող երեխաների ծնողները որոշակի գումարներ են մուծում, ինչը դժգոհություն է առաջացրել: Ներկայացնում ենք մեր զրույցը Արա Բաբլոյանի հետ:



- Պարոն Բաբլոյան, ինչպե՞ս եք գնահատում համավճարի կիրառման  արդյունքները, քանի որ կան որոշակի բողոքներ, որ արդեն մասամբ վճարովի է երեխաների բուժօգնությունը Ձեր հիվանդանոցում:



- Որոշ ճշտումներ անեմ. նախեւառաջ դա իմ անձնական հիվանդանոցը չի: Բոլորդ սիրում եք գրել՝ Բաբլոյանի հիվանդանոց, դա կորպորատիվ ստեղծված հիվանդանոց է, որտեղ պետությունն ունի իր բաժնեմասը, հիմնադրամն ունի, նաեւ կոլեկտիվն ունի իր բաժնեմասը: Բաբլոյանն էնտեղ ընդամենը կոլեկտիվի մի փոքր մաս է կազմում: Եթե դուք հաշվեք, որ ողջ կոլեկտիվն ընդամենը 40 տոկոս բաժնեմաս ունի, ապա իմ բաժնեմասը 25 տոկոսից քիչ է: Ուզում եմ ասեմ, որ Բաբլոյանն ինչ որ ստեղծում է, էս երկրի համար, էս ժողովրդի համար է, ու ինքն էլ սիրում է կորպորատիվ կառավարման մեխանիզմներ: Ինչ վերաբերում է համավճարին՝ ծրագրի նպատակը ոչ թե վճարել տալն է, այլ եթե համալիր ծրագիրը նայենք, թե հիվանդանոցային կառավարման բարեփոխումները, թե ֆինանսական հոսքերի կառավարման բարեփոխումները,  բժշկական ծառայությունների մատչելիության եւ հասանելիության հարցերը կարգավորելու հիմքում է դրված այդ ամեն ինչը:



- Բայց նաեւ «այդ ամեն ինչի» արդյունքում նախկինում անվճար օգտվող հիվանդն այժմ վճարում է:



- Եթե պետությունն ունի, օրինակ, 54 մլրդ դրամ առողջապահության համար, պետք է հստակ պատկերացնի, թե 54 մլրդ-ով ինչ ծրագիր կարող է անել, որ լիարժեք լինի, ոչ թե կիսատ: Եթե աղքատ մարդը գալիս է հիվանդանոց, եւ մենք ուզում ենք իրեն նույն որակի բժշկական օգնություն ցուցաբերել, ինչ որ վճարունակին, նշանակում է վճարողը պետք է այնքան վճարի, որ ծառայության գինը փակվի: Կիսատ ծառայությունը չի կարող որակյալ լինել:



- Պետությունը կիսա՞տ է վճարել պետպատվերով բուժման դիմաց:



- 1997-ից, երբ պետությունն ընդունեց պետպատվերը, իրականացվեց  պետպատվերի ամենամյա հաստատում: Ամենամյա հաստատման ժամանակ ավելի արագ աճեց պետպատվերով հիվանդների թիվը, քան ծառայության գների դիմաց վճարումը, որը պետք է իրականացվեր շուկայի զարգացմանը համապատասխան: Չէ որ որպես ոլորտ շուկայում է գտնվում, եւ առողջապահության վրա ազդում են տնտեսական շուկայի բոլոր ազդակները՝ դեղերի գները, էլեկտրականության, բոլոր տեսակի ծառայությունների եւ ապրանքների գները: Երբ մենք նայում ենք, թե որն է իրական գնահատականը բժշկի աշխատանքի՝ 50 հազարն է թե 200 հազարը, ապա պետք է ուսումնասիրություն անենք եւ տեսնենք՝ այսօր իրականում ինչ ռեսուրս է հատկացվում բուժաշխատողին:



- Դուք խոսում եք քաղաքացու շահերի մասին, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ տրամաբանությամբ է հաշվարկվել համավճարը, եթե այն մի քանի անգամ գերազանցում է, օրինակ, 2-րդ, 3-րդ կարգ ունեցող հիվանդների թոշակին:



- Եթե խոսում ենք պիլոտային ծրագրի մասին, որը մեր հիվանդանոցում իրականացվում է, կառավարության որոշմամբ՝ հաշմանդամներն ազատված են համավճարից: Հաշմանդամ երեխան, որ գալիս է մեր հիվանդանոց, չի վճարում:



- Բայց օրենքով ամրագրվում է, որ 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամները վճարելու են:



- Երբ որ մեծերի մոտ կներդնենք համավճարը, այն ժամանակ կխոսենք: Արտոնյալ պայմաններում բուժսպասարկման իրավունք ստանալո՞ւ մասին է խոսքը: Ես ուզում եմ հարց տալ՝ հաշմանդամը, որն աշխատում է եւ վաստակում է ամսական 300 հազար դրամ աշխատավարձ, եւ կա մարդ, որ վաստակում է 30 հազար դրամ, եթե գումարը չի հերիքում, որի՞ն կտայիք առավելությունը: Այն հաշմանդամը, որը 3-րդ կարգ ունի, իր հիմնական հիվանդության արտոնությունները պահպանում է, իսկ եթե նրան պետք լինի ճողվածք վիրահատել, ինչո՞ւ պիտի դա անվճար լինի, չէ որ նրա վաստակն ավելի մեծ է, քան աղքատինը:



- Հաշմանդամը, որը 11 հազար դրամ թոշակ է ստանում, ո՞նց վճարի համավճարը:



- Նա ազատված է, կապ չունի՝ որ կարգի է, եթե 11 հազար դրամով է ապրում եւ սոցիալական խմբի մեջ է: Ողջ գաղափարը հետեւյալն է. պետությունը եթե վերցնում է պարտավորություն, այդ պարտավորությունը պետք է կատարի մինչեւ վերջ, ոչ թե կիսատ: Եթե այսօր գումարը չի հերիքում, որ 100 տոկոսով պետությունը կատարի պարտավորությունը, վճարի բուժծառայության իրական արժեքը, եկեք որոշենք, որ աղքատ ընտանիքներն անվճար բուժվեն, իսկ նրանք, ովքեր աղքատության խմբի մեջ չեն, մի քիչ համավճար տան: Եթե հիմա էլ մարդը գալիս-ասում է՝ չենք կարող համավճարը վճարել, ասում ենք՝ խնդիր չկա:



- Հենց այդպես էլ ասո՞ւմ եք:



- Այո, գնացեք հիվանդանոցում տեսեք՝ քանի դիմում է տրված, քանի հոգի է ազատված:



- Պարոն Բաբլոյան, այսօր խոսվում է առողջապահության սեփականաշնորհման մասին, որ ծրագիր կա առողջապահությունն ամբողջությամբ սեփականաշնորհել: Ինչպե՞ս եք գնահատում դա: Նաեւ՝ Դուք մասնակցելո՞ւ եք սեփականաշնորհմանը:



- Նախեւառաջ՝ այդ ծրագիրը չի քննարկվել, դրանք խոսակցություններ են: Այդ թվում նաեւ Ձեր թերթում է եղել նման հրապարակում: Որովհետեւ մենք ընդհանրապես որեւէ նպատակ չունենք սեփականաշնորհելու: Մենք սեփականաշնորհմանը չենք մասնակցում: Եկեք-նայեք, թե ինչեր ենք ստեղծում: Մենք հիմա լրիվ ուրիշ ճանապարհով ենք գնում: Մենք զրոյից կառույցներ ենք ստեղծում: Եթե դուք տեսնեք, որ էս երկրում որեւէ մեկն այդքան կառույցներ է ստեղծել հաշմանդամ երեխաների համար, այդ թվում մարզերում, որեւէ մեկը ճամբարներ է ստեղծել, որ 120 հաշմանդամ երեխա լրիվ ձրի գնում-հանգստանում է, եթե մեկն ասի, որ իր հիվանդանոցին կից ունի 9 ընտանիքի տուն, որտեղ 9 ընտանիք ձրի ապրում ու դիալեզ է ստանում: Ես վիրավորվում եմ իմ իբր ինչ-ինչ բաներ սեփականաշնորհելու մասին խոսակցություններից, որովհետեւ մենք ընդհանրապես չենք մասնակցում սեփականաշնորհմանը: