Երեսփոխանները դեռ անելիքներ ունեն

Երեսփոխանները դեռ անելիքներ ունեն
Հայաստանի երեսփոխանները մերթընդմերթ ժամանում են Ստեփանակերտ, երբեմն էլ Արցախի ԱԺ պատվիրակությունն է մեկնում Երեւան, երկու կողմերը բարձր մակարդակով հանդիպում են իրար, հայտարարում միջխորհրդարանական կապերի էլ ավելի ընդլայնման ու համագործակցության խորացման մասին եւ մեկնում իրենց տները։



Այդ սցենարը կրկնվել է նաեւ այս անգամ։ Սեպտեմբերի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանին եւ «կարեւորել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության ազգաշահ բնույթն ու այդ ասպարեզում ձեւավորված ավանդույթները»։ Իր հերթին վերջինս նույնպես «կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունն անցած տարիներին», միեւնույն ժամանակ ընդգծել, որ «չպետք է բավարարվել առկա արդյունքներով, քանզի անելիքներն ավելի շատ են, քան ձեռք է բերվել»։



Հայկական խորհրդարանների մամլո ծառայության այս հանդիպումները լուսաբանող հաղորդագրություններում մշտապես նշվում է դա՝ չպետք է բավարարվել ձեռք բերածով եւ այլն։ Ասես համապետական ռեկորդ են սահմանել, այժմ էլ պիտի ձգտեն համաշխարհային ռեկորդի։ Ուղղակի անհասկանալի է, թե ինչն է խանգարում Հայաստանի ու Արցախի երեսփոխաններին այնպես աշխատել, որ անելիքներն ավելի քիչ լինեն, ձեռք բերվածը՝ շատ։ Կարծես «Տուն-տունիկ» են խաղում, որի սցենարն էլ գրվել է տարիներ առաջ ու չի կարելի փոփոխել...



Ինչպես նախորդ նմանատիպ հանդիպումներում, այս անգամ էլ երկուստեք ընդգծել են «հայկական երկու խորհրդարանների միջեւ ավանդական փոխգործակցության հետագա զարգացման եւ արդյունավետության բարձրացման ուղիներն ու միջոցները, ուրվագծել առաջիկա անելիքները»։ Այնպես որ, երեսփոխանները դեռ շատ անելիքներ ունեն։ Ամենայն հավանականությամբ, հանդիպման հաջորդ նմանատիպ սցենարը կբեմադրվի Երեւանում։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ