Երբ եկեղեցու մեջ խորոված են անում` կրակը խառնելով 11-րդ դարի խարսխի հենասյունով (ֆոտոշարք)

Երբ եկեղեցու մեջ խորոված են անում` կրակը խառնելով 11-րդ դարի խարսխի հենասյունով (ֆոտոշարք)
«Երբ մտանք Հավուսթառի վանք, տեսանք, որ եկեղեցու մեջ խորոված են արել, մոխիրը դեռ տաք է ու եկեղեցու տարածքով մեկ սփռված, իսկ խորշերի մեջ ալկոհոլի կիսադատարկ շշեր կային, ուտելիքի մնացորդներ ու կեղտոտ բաժակներ»,- սա սեպտեմբերի 19-ին Խոսրովի անտառ մուտք գործած «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» նախաձեռնող խմբի անդամ Վահագն Փիլիպոսյանի վկայությունն էր, ում խոսքերով դեռ 2 ամիս առաջ էին իրենց ուժերով այդ տարածքը մաքրել:



Վահագնը նշեց, որ հաջորդ օրը Կաքավաբերդի ամրոց տանող ճանապարհին, արգելանոցում քարայծեր են տեսել ցատկոտելուց, ինչի համար շատ են ուրախացել, բայց չանցած մի 30 րոպե ձորի կողմից լսել են կրակոցներ. «Այդ կրակոցները լսել են խմբի բոլոր անդամները ու դրանք հնչեցին հենց Կաքավաբերդի ուղղությամբ: Դժվար թե որսորդներն այդքան երկար ճանապարհ կտրեին կաքավ որսալու համար, նրանք դա հագիստ կարող էին որսալ Գառնու ձորում ու առանց որևէ իրավական հետևանքի»,- ասաց նա ու ավելացրեց, որ սրանք փաստեր են, որոնք Խոսրովի անտառում պարբերաբար տեղի են ունենում:



Ճարտարապետ Գարեգին Կնյազյանն էլ նշեց, որ Խոսրովի արգելոցում 51 հուշարձան կա՝ միջնադարյան մեծ ժառանգություն, որին հետևել է պետք. «Աղջոց վանքի համալիրում կա նաև Պողոս Պետրոս եկեղեցին, որի վրա կա առաքյալների քանդակը, բայց սա էլ այնպիսի անհույս վիճակում է, որ հաջորդ տարի արդեն կվերածվի աղբակույտի»,- ասաց նա ու հավելեց, որ դատապարտում ենք մեր հարևաններին, թե ինչ են անում մեր հուշարձանների հետ Ջուղայում, բայց այսօր մենք մեր ձեռքով քարակույտ ենք դարձնում մեր կոթողները: Ու այն, ինչով հպարտանում ենք մի օր կկորցնենք, որովհետև մարդիկ այցելելով այդ սրբատեղիները, 1-2 բաժակ խմելուց հետո մոռանում են ինչի համար են եկել ու սկսում են պղծել այդ պատմական հուշարձանները:



Բնապահպան Մարիամ Սուխուդյանն էլ խոսեց Խոսրովի արգելոցի հենց մեջտեղում մեկնարկած ռեստորանաշինության մասին, ինչն անմիջականորեն վնասում է հուշարձաններին ու միջավայրին. « 2007 թ-ին



Խոսրովի արգելոցի 200 հեկտար տարածք տրվեց որևէ մի ՍՊԸ-ի, որ կառուցապատում իրականացնի այդ տարածքում ու դա 60 տարի ժամկետով: Շուտով դրա ուղղությունն աստիճանաբար գնալու է նաև Կաքավաբերդ»:



Մարիամը նաև նշեց, որ այդ ամենին հակառակ Խոսրովի անտառի մուտքը դարձել է վճարովի ու պարտադիր գիդի հետ, ով այսօր յուրօրինակ լրտեսի դեր է տանում: Իսկ այս ամենը սկսեց գումարով դառնալ այն ժամանակ, երբ իրենք սկսեցին բարձրաձայնել իրենց տեսածների՝ որսագողության, անօրինական շինությունների մասին: Ու այդքանով հանդերձ, երբ կամավոր մաքրում են վանքերը, հենց իրենց մուտքն էլ արգելվում է. միայն նախարարության թույլտվությամբ:



Ըստ գրող, հրապարակախոս Վահրամ Թաթիկյանի էլ մինչև 1973 թ.-ը միայն Հավուսթառում 138 խաչքար է եղել, դրանից հետո թիվը նվազել է մինչև 52-ի ու ընդ որում անհետացել են ոչ թե բեկորներ, այլ հսկայական կոթողներ. «11-րդ դարի խարսխի հենասյունը ջարդել են ու խորոված խառնել»,- նշեց նա ու ավելացրեց, որ անտառների համատարած ոչնչացումը, նորանոր հանքավայրերի բացումը, քաղաքի աղտոտումն ու կառուցապատումը բնապահպանական նոր խնդիրներ են առաջ քաշում. «Եթե կտրում են հյուսիսի անտառները Երևանում մենք դա զգում ենք, շնչելու օդ չկա, նույնիսկ ցերեկվա ու գիշերվա տարբերությունը 5 աստիճան է դարձել: Քաղաքը չի հասցնում հովանալ»:



Բանախոսները կոչ արեցին Բնապահպանության, Մշակույթի նախարարություններին, որպեսզի միջոցներ ձեռք առնեն վերը նշվածների ուղղությամբ, եթե ոչ` իրենք դիմելու են միջազգային կառույցների: