Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը. թեր եւ դեմ

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը. թեր եւ դեմ
Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման օրախնդիր թեման այսօր արծարծվեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցած սեմինար-քննարկման ժամանակ, որին հրավիրված էին Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, մամուլի աշխատողներ:



Քննարկումը բացեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը` նշելով, որ խիստ արդիական այդ թեման հայ հասարակության ուշադրության կիզակետում է, ուստի Կենտրոնն ակնկալում է քննարկումների ընթացքին ներկաների շահագրգիռ մասնակցությունը: «Ճանաչման հարցում յուրաքանչյուրի թեր եւ դեմ դիրքորոշման հստակեցումն այսօր չափազանց կարեւոր է խնդրի անսխալ լուծումը գտնելու համար»,- ընդգծեց Կալենչյանը:



Հարցադրումների հիման վրա կառուցված զեկույցով հանդես եկավ ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը: «Իրողություններն այնպիսին են,- ասաց նա,- որ բանակցություններ վարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Հայաստանը շարունակում է ընդունել համաշխարհային տերությունների դիրքորոշումը, ըստ որի` ԼՂՀ կարգավիճակը պետք է որոշվի հակամարտող կողմերի բանակցություններում: Այսինքն` Հայաստանի ղեկավարությունը մի կողմից անընդհատ հայտարարում է, թե կարգավիճակը չի կարող լինել սակարկման առարկա, մյուս կողմից շարունակում է այդ կարգավիճակի խնդիրը քննարկել Ադրբեջանի հետ` փաստորեն ճանաչելով այդ հարցում վերջինիս իրավունքը»:



Սարգսյանի դիտարկմամբ` Հայաստանն այսօր ոչինչ չունի հակադրելու միջազգային կառույցներում ընդունվող հակահայկական բանաձեւերին, եւ մեր երկրի հանդեպ միջազգային քաղաքականությունն ավելի է կենտրոնանում ԼՂՀ կարգավիճակի շուրջ գոյություն ունեցող անորոշության վրա: Հենց այդ փաստարկն է, ըստ փորձագետի, ընկած Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անհապաղ ճանաչման կողմնակիցների մոտեցման հիմքում: «Ճանաչման ակտով արմատապես կփոխվի Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային հարաբերությունների գծապատկերը, ինչը Հայաստանին թույլ կտա ԼՂՀ անկախության պաշտպանության հիմնախնդիրը դարձնել իր երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների քաղաքականության բաղկացուցիչ մասը»,- եզրակացրեց զեկուցողը:



Արցախի Ճանաչման գործընթաց սկսելու ուղեգծին համաձայնելով հանդերձ` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն, փորձագետ Լաուրա Բաղդասարյանը մտավախություն հայտնեց, որ ուղղակի ճանաչումը կնշանակի վերահաստատել Ադրբեջանի այն պնդումը, թե Հայաստանն իր նկատմամբ ագրեսիայի գործողություն է իրականացրել: «Եթե մենք ճանաչենք ԼՂՀ-ի անկախությունը, համոզված եմ, Ադրբեջանը կդադարեցնի բանակցությունները` հայկական կողմի վրա բարդելով գործընթացի տապալման ողջ պատասխանատվությունը: Բացի դրանից, ներկայիս վիճակը ձեռնտու է ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ Հայաստանին եւ, նույնիսկ, պատերազմի սուտ հոխորտանքներ հնչեցնող Ադրբեջանին: Ուրեմն ինչո՞ւ հենց հիմա ճանաչել, երբ վիճակն անհամեմատ բարվոք է»,- իր մոտեցումն այսպես փաստարկեց փորձագետը` հավելելով, որ ԼՂՀ-ի ճանաչման պահը մենք բաց ենք թողել 1994-ին:



Մտքերի փոխանակության ժամանակ Ճանաչման օգտին եւ հարակից մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին Ազգային ժողովի պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ ուրիշներ: Մասնավորապես շեշտվեց, որ այս թեմայով հրապարակային բանավեճից իշխանամետ գործիչները, չգիտես ինչու, խուսափում են, ինչի վկայություններից մեկն էլ այսօրվա սեմինարի օրակարգի նկատմամբ նրանց կրավորական պահվածքն էր:



Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն