Ով է սատարել, ով` պայքարել

Ով է սատարել, ով` պայքարել
Երբեմն շատ դժվար է ըմբռնել, թե ինչ տրամաբանությամբ է գործում Հայ ազգային կոնգրեսը: Ասենք, ինչպես են որոշում, թե ինչ հարցի շուրջ հայտարարությամբ հանդես գան: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող դեպքերին ՀԱԿ-ը որեւէ վերաբերմունք չի դրսեւորել, իսկ երեկ հայտարարություն է տարածել «Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմ» կոչվող կառույցում ծավալված դեպքերի կապակցությամբ: Բանն այն է, որ այս պլատֆորմի անդամ կազմակերպություններն անվստահություն են հայտնել պլատֆորմի համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին:



Առիթը դարձել է Բեռլինում նոյեմբերի 18-19-ին կայանալիք համաժողովին մասնակիցների ընտրության հարցը: Բեռլին մեկնողների ցուցակում չհայտնված կազմակերպություններն ընդվզել էին եւ դժգոհել Բ. Նավասարդյանի ընտրությունից: Դրան հաջորդեց նրան անվստահություն հայտնելու եւ նրա փոխարեն այլ անձի ընտրելու գործընթացը, որին ի պատասխան՝ մի հայտարարություն էլ տարածեց Նավասարդյանը: ՀԱԿ-ը երեկ «մտահոգություն է հայտնել» այս առիթով եւ գտել, որ այստեղ իշխանությունների մատը խառն է՝ Նավասարդյանին անվստահություն հայտնողները «ավազակապետությանը սատարողներն են»:



Նշված կազմակերպություններն իրենց հերթին կարծում են, որ տարիներ շարունակ այս իշխանություններին սատարել է հենց Բորիս Նավասարդյանը, որը ոչ միայն մեծաքանակ գրանտներ է ստացել միջազգային կառույցներից, այլեւ ինքն է որոշել, թե իր կազմակերպությունից զատ ուրիշ ով պետք է ստանա այդ գրանտները: Իսկ դա առանց իշխանության հետ սերտ համագործակցության հնարավոր չէ:



Այս նյութը լույս է տեսել այսօրվա «Հրապարակ օրաթերթում»: Ընդամենը ժամեր անց Հայ Ազգային Կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ: