Ազատազրկելով չբավարարվեցին, հիմա էլ ուզում են լռեցնել

Ազատազրկելով չբավարարվեցին, հիմա էլ ուզում են լռեցնել
Մի քանի օր է` մամուլը գրում է այն մասին, որ «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումներ են փորձում գործադրել: Ըստ լուրերի, Քրեակատարողական ծառայությունը՝ իր պետ Հայկ Հարությունյանով, փորձում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում այնպիսի պայմաններ ստեղծել, որ Փաշինյանը «կոտրվի», հրաժարվի հոդվածներ գրելուց, հայտարարություններ անելուց եւ ապրի որպես հնազանդ մի կալանավոր: Եթե Փաշինյանը շարքային «հացակեր» լիներ, գուցե ընտրեր այդ ճանապարհը՝ լռեր ու հանդուրժեր, որ հանկարծ իրեն չվնասեն եւ ինքն իր բաժին ազատազրկման ժամկետը մթնեցնելով տուն հասնի, սակայն Նիկոլի պայքարի ոգին բոլորին է հայտնի, եւ պարզ է, որ նա օգտվում է Սահմանադրությամբ իրեն հասանելիք իրավունքներից: Բայց եթե օրենքը Նիկոլի կողմում է, գողական օրենքներն ու սխոդկան էլ իշխանությունների հարազատ տարերքն են եւ նա փորձում է այն օգտագործել Փաշինյանի դեմ: Կալանավայրը, որտեղ հազարից ավելի կալանավոր կա, որոնք անարգել շփվում եւ տեղաշարժվում են, միանգամայն կառավարելի է ՔԿՀ ղեկավարության կողմից:



Մի քանի տականք ու հոգով հանցագործ միշտ կգտնվի, որ ինչ-ինչ արտոնությունների դիմաց կփորձեն նեղել Նիկոլ Փաշինյանին: Այս լուրերն անշուշտ, վրդովեցրել են բոլոր նորմալ մարդկանց եւ անհանգստացրել Նիկոլ Փաշինյանի կյանքի ու անվտանգության համար: Երեկ Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել այս կապակցությամբ, որտեղ գրված է. «Մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ղեկավարության կողմից ծրագիր է մշակվել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ սկսել կիրառել նոր հալածանքներ: ...Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր շահագրգիռ մարդկանց,  ՀՀ քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից, իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն ՀՀ կալանավայրերում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալների եւ, այս կոնկրետ դեպքում, ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:



Միայն մեր համատեղ բողոքի ու պայքարի արդյունքում է հնարավոր չեզոքացնել այն վտանգը, որ կախված է Նիկոլ Փաշինյանի գլխին: Այսօր միասին պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին եւ մյուս քաղբանտարկյալներին՝ մենք պաշտպանում ենք մեզ, մեր ազատ ապրելու, մեր ազատ արտահայտվելու, մեր ապագան ազատ ու անկաշկանդ կերտելու իրավունքը»:



Սակայն առավել ուշագրավ գործելաոճ է որդեգրել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որն իր արագ արձագանքման խմբին ուղարկել է Նիկոլի հետ տեսակցության: ՄԻՊ գրասենյակից տարածված հաղորդագրության համաձայն, նրանք ամբողջ  1 ժամ 10 րոպե հերոսաբար զրուցել են Փաշինյանի հետ, որը հայտարարել է, որ «իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, ինչպես նաեւ որեւէ մեկի կողմից իր կյանքին վտանգ  սպառնացող գործողություն կամ հայտարարություն չի կատարվել, սակայն չի բացառել, որ դա տեսականորեն հնարավոր է:



Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ ինքը չի խնդրել որեւէ մեկին, որպեսզի զանգահարեն մարդու իրավունքների պաշտպանին եւ նման հայտարարություն անեն: Զրույցի ընթացքում Ն. Փաշինյանի կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ՝ կապված քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների եւ վարչակազմի ապօրինի գործողությունների վերաբերյալ: Վերջինիս առաջարկվել է ասվածը հիմնավորող տեղեկություններով գրավոր դիմել պաշտպանին: ... Հանդիպման վերջում ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Լ. Բաղդասարյանը հայտարարել է, որ ինքը պատասխանատու է ցանկացած դատապարտյալի՝ այդ թվում նաեւ Ն. Փաշինյանի անվտանգության համար»:



Եթե նկատեցիք, օմբուդսմենն առաջարկում է կալանավայրում գտնվողին տվյալներ ու ապացույցներ ներկայացնել վարչակազմի ապօրինի գործողությունների վերաբերյալ: Այդ դեպքում հարց է ծագում` ինչի՞ համար է մարդու իրավունքների պաշտպանը, որ արտասահմաններում ամբողջ տարին ֆռֆռա, իշխանության դուդուկի տակ պարի, անվերահսկելի գրանտային եւ բյուջետային գումարներ ծախսի եւ մարդու իրավունքներով էլ բացարձակապես չզբաղվի՞:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ