Ի՞նչ կար-չկար կառավարության արտագնա նիստում

Ի՞նչ կար-չկար կառավարության արտագնա նիստում
Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստը սկսվեց Տավուշի մարզի 2010թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ մարզպետ Արմեն Ղուլարյանի հաշվետվությամբ։ Մարզպետի խոսքով՝ ներկայումս մարզում եռուն բերքահավաքի շրջան է. «Արտադրվել եւ հավաքվել է 11 հազար տոննա հացահատիկ, 13 հազար տոննա կարտոֆիլ, 5 հազար տոննա բանջարեղեն,  55 հազար տոննա խոտ, 3 հազար 500 տոննա ծխախոտ (կանաչ) եւ այլն: Սպասվում է 11 հազար 500 տոննա ռեալ խաղողի բերք»:



Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրեց մարզի՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, պատասխանեց կառավարության անդամների հարցերին։  Բացի հաշվետվությունից, մարզպետը վանական համալիրների, թանգարանների, գրադարանների, մշակույթի տների նորոգման առաջարկներ արեց, մասնավորապես՝ քանդակի Իջեւանի սիմպոզիումը վերականգնելու մասին. «Սիմպոզիումը սկիզբ է առել 1985 թվականին եւ շարունակվել միչեւ 1991 թվականը։ Այդ ընթացքում դրան մասնակցել է շուրջ 20 երկրի 95 քանդակագործ, սակայն այդպես էլ ավարտին չի հասցվել, ու դա կառուցելով, քաղաքը կստանա իր ուրույն դիմագիծը»: Կառավարությունը վստահեցրեց, որ խնդիրը կլուծվի  2011 թվականի բյուջեով:



ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով Արմեն Ղուլարյանը ներկայացրեց այն ոլորտները, որտեղ առաջընթաց է գրանցվել: Դրանք ճանապարհաշինությունն ու առողջապահությունն են: 2010թ. ՀՀ պետական բյուջեով Տավուշի մարզում իրականացվել են Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ-ի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները` 197,7 միլիոն դրամ արժեքով:



Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ի թիվս այլ ծրագրերի,  իրականացվում են Մակարավանքի հուշարձան տանող ավտոճանապարհի վերանորոգումը` 397 միլիոն դրամ արժեքով, Լուսահովիտի 5,5 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգումը` 659 մլն դրամ արժեքով, եւ Նորաշեն-Մովսես 8,8 կմ երկարությամբ ավտոճանապարհի նորոգումը` 701 մլն դրամ արժեքով: Խոսելով առողջապահությունից, Արմեն Ղուլարյանը նշեց, որ մարզում կա 25 առողջապահական ՓԲԸ, որից 21-ը` մարզպետարանի ենթակայության ներքո: Մարզում աշխատում է 71 ընտանեկան բժիշկ:



Օրակարգում ընդգրկված էր 54 հարց, որոնց կապակցությամբ նախարարները հանդես եկան տարաբնույթ առաջարկներով, մասնավորապես՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դժգոհեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի բացերից: «Բացի այդ, օրենքում հստակ ամրագրված չեն ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու կարգին վերաբերող դրույթներ: «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման հիմքերը տարբեր են, ուստի անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնել»,- նշեց Ալիկ Սարգսյանը:



Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստից հետո մասնակցեց Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոցի պաշտոնական բացմանը, որտեղ սովորում է 320 աշակերտ, այդ թվում` «ՍՕՍ մանկական գյուղի» 25 երեխա: Դպրոցի երկհարկանի շենքին, որի շինարարության վրա ծախսվել է 98 միլիոն դրամ, ավելացել է եւս մեկ հարկ, անցկացվել է ջեռուցման համակարգ, կառուցվել է համերգային դահլիճ, իսկ Տիգրան Սարգսյանը երկու օր առաջ դպրոցին ռոյալ է նվիրել:



Ի նշան երախտագիտության, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը վարչապետին, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին եւ Սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանին հանձնեց հուշանվերներ: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց «Մշակութային Տավուշ» փառատոնի շրջանակներում Իջեւանում կայացած գրքերի ցուցահանդես-վաճառքին եւ Դիլիջանի երկրագիտական թանգարանի նոր շենքի բացմանը:



էդուարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ