Սարգսյանների նոու-հաուն

Սարգսյանների նոու-հաուն
Երկիրը կառավարելու ուրույն եղանակ են ընտրել մեր երկու Սարգսյանները՝ Սերժ եւ Տիգրան: 2 տարվա իշխանավարման ընթացքում նրանք մի բան են եռանդուն կերպով արել՝ ստեղծել են տարբեր մարմիններ, որոնք եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն իրենց վրա են վերցրել տարբեր պետական կառույցների ֆունկցիաները: Այսպես ասած՝ այլընտրանքային կառավարման մոդել են ձեւավորել: Վերցնենք Սերժ Սարգսյանին կից Հանրային խորհուրդը՝ Վազգեն Մանուկյանի նախագահությամբ: Այստեղ ստեղծված տարբեր հանձնաժողովները  նախարարությունների ու տարբեր կառույցների կրկնօրինակն են: Միայն առողջապահության հարցերի հանձնաժողովի կազմն արդեն մինի-նախարարություն է, որտեղ ընդգրկված են հանրապետությունում ճանաչում ունեցող բժիշկներ, առողջապահական հիմնարկների ղեկավարներ ու ոլորտի պատասխանատուներ: Եթե այս հանձնաժողովը պարբերաբար հավաքվում եւ ոլորտի համար կարեւոր հարցեր է քննարկում, կնշանակի նախարարությանը դուբլ մարմին է ձեւավորվել: Իսկ նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավիրել էր Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի անդրանիկ նիստ, որի ժամանակ քննարկվել է առաջիկա 5 տարիների գործողությունների ծրագիր: Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞վ է զբաղված տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Միթե հենց այդ նախարարության գործառույթների մեջ չի մտնում ոլորտի համար գործողությունների ծրագիր, ռազմավարություն եւ մարտավարություն մշակելը: Եվ ընդհանրապես, արդյո՞ք պետական կառավարման համակարգը չէ, որ պետք է օրենքներ մշակի, զարգացման հեռանկարների վրա աշխատի եւ երկրի տնտեսության ու բնակչության մասին հոգ տանի: Հասարակական հիմունքներով աշխատող այս բազում խորհուրդների իմաստը ո՞րն է՝ կառավարման համակարգին անգործության մատնե՞լը: