Արմեն Մարտիրոսյանի անձնական կարծիքն է

Արմեն Մարտիրոսյանի անձնական կարծիքն է
Երեկ մեր թղթակիցը հարց է ուղղել «Ժառանգության» վարչության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին, թե  «Ժառանգության» վարչության նիստում քննարկվե՞լ է ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու կամ չսատարելու խնդիրը: «Այդ խնդիրը «Ժառանգության» վարչությունում չի քննարկվել, եւ չեմ կարծում, որ դրա քննարկելու ժամանակն է եւ դրա համար հիմքեր կան: Արմեն Մարտիրոսյանը, որպես կուսակցության անդամ եւ որպես պատգամավոր, իրավունք ունի իր տեսակետը հայտնել եւ հայտնել է»,- ի պատասխան ասել է Ստյոպա Սաֆարյանը:



«Այդ դեպքում ի՞նչ հիմքեր կային նման հայտարարություն անելու համար» մեր հարցին Սաֆարյանն այսպես է արձագանքել. «Կարող է իրեն լրագրողը հարց է տվել, նա էլ իր անձնական կանխատեսումը եւ կարծիքն է հայտնել»: Ստեփան Սաֆարյանը պնդել է, որ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հանդես չի եկել «Ժառանգության» անունից: «Այլ բան է, որ որոշ լրատվամիջոցներ դա վերագրել են «Ժառանգությանը», Արմեն Մարտիրոսյանն ինքն իր խոսքում ասել է, որ իր կարծիքով է դա: Որեւէ մեկին սատարել-չսատարելու հարց չկա դրված մեր օրակարգում: Այ եթե Կոնգրեսը հասներ իր հռչակած նպատակին՝ արտահերթ ընտրություններին, եւ հանրապետությունում լիներ այդ մթնոլորտը, միգուցե մենք մտածեինք՝ ինչ ենք անում, բայց այսօրվա դրությամբ որեւէ ընտրական պրոցես չկա եւ «Ժառանգությունում» այդ հարցին պատասխանելու անհրաժեշտությունը եւ հրամայականը չեն տեսնում»,-հավաստիացրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: