Կամ հերոս, կամ զոհ

Կամ հերոս, կամ զոհ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված արշավը տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տվել: Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը, պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ իշխանությունները ձեւացնում են, թե հետապնդում են Ծառուկյանին, ՕԵԿ-ի օրինակով հերթական դեկորատիվ-կիրառական ընդդիմությունը ձեւավորելու եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի ձայները փոշիացնելու նպատակով, ասաց. «Դժվար է ասել, թե հատկապես ինչն է այդ գործընթացի դրդապատճառը եւ արտաքին որ կենտրոնից է այն գալիս:



Թեպետ չի բացառվում, որ այդ գործում դերակատարություն ունենան ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ն»: Ըստ Աշոտ Մանուչարյանի, Ռուսաստանը կարող էր փորձել բարձրացնել Ծառուկյանին, իսկ ահա Միացյալ Նահանգները հակառակը` կարող են իջեցնել նրան: Աշոտ Մանուչարյանի խոսքով, Գագիկ Ծառուկյանը կարող է տեղ ունենալ Հայաստանի համար էֆեկտիվ հեռանկար ունեցող «հեղափոխական տրանսֆորմացիայի» գործընթացում, եթե, իհարկե, քաղաքացիական հասարակությունը կարողանա իրականացնել այդ գործընթացը եւ եթե Ծառուկյանն էլ  ներգրավվի այդ գործընթացի մեջ: Հակառակ պարագայում, ըստ Աշոտ Մանուչարյանի, Գագիկ Ծառուկյանը կլինի ներկայիս իրողությունների կամ նշանակված հերոս, կամ նշանակված զոհ: