Հեղափոխություն է լինելու

Հեղափոխություն է լինելու
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը վերաիմաստավորել է «Ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում»-ը եւ այդ հարցն արդիականացրել է հետեւյալ ձեւակերպմամբ. «Հայաստան՝ ո՞րն է ելքը՝ հեղափոխությո՞ւն, թե՞ տրանսֆորմացիա»: Տարողունակ այս հարցին թեպետ Մանուչարյանն ունի պատասխաններ եւ նույնիսկ կիրառության համար պատրաստի բանաձեւ, բայց փորձենք նախ շոշափել զուգահեռներն ու ամրագրել ելակետը: Քանի որ, ըստ էության, կրկին առաջ է քաշվում Չերնիշեւսկու «Ի՞նչ անել»-ը, ենթադրվում է, որ դրա պատասխանը կհնչի միայն այն դեպքում, եթե գտնվի «Ո՞վ է մեղավոր» հարցի պատասխանը:



Հայաստանում, որպես կանոն, ցանկացած իրավիճակի վերլուծություն կատարվում է ոչ թե ուղղահայաց, այլ՝ հորիզոնական: Ավելին՝ միշտ շրջանցվում է մեղավորներին փնտրելու ու, առավել եւս՝ մատնացույց անելու հարցը, որովհետեւ նախ վտանգավոր է, հետո էլ՝ երեւույթների մասին խոսելն ավելի շահեկան է, քանզի ազատում է կոնկրետ պարտավորություններից եւ հարցը պահում վերացական հարթությունում, ընդգծելով դրա արդիականությունը: Բայց Աշոտ Մանուչարյանը, այնուամենայնիվ, երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ելքերի իր տեսլականը, թեպետ երեւույթների՝ կոռումպացված իշխանության, տնտեսականացված քաղաքականության, արտաքին գործոնների լիակատար ազդեցության մասին խոսեց ավելի երկար:



Նա համոզված է, որ հեղափոխությունն իր դասական իմաստով ժամանակակից աշխարհում այլեւս արդիական չէ ու շահեկան էլ չէ՝ ցնցումներ չհրահրելու պատճառով: Ուստի կարծում է, որ փոփոխությունների համար առավել հարմար է հեղափոխական տրանսֆորմացիայի կիրառությունը: Ըստ պարոն Մանուչարյանի, Հայաստանում այդ գործընթացն իրականացնում է ԱՄՆ-ն, որը, ի տարբերություն արջի դմբոյություն ունեցող Ռուսաստանի, տիրապետում է ժամանակակից տեխնոլոգիաների եւ գործում է շատ նուրբ, ազդելով ինչպես հասարակության, այնպես էլ պետական համակարգի գործունեության վրա ընդհանրապես:



Բայց քանի որ ԱՄՆ-ն խաղում է իր խաղը, ըստ Աշոտ Մանուչարյանի, Հայաստանում դեռեւս կյանքի նշույլներ ցուցաբերող հասարակության մտածող հատվածը, հատկապես երիտասարդությունն ու ռեժիմի կերակրատաշտին չթաթախված, սկզբունքային մտավորականությունը պետք է ջանք թափի արտաքին ազդեցությունները հաղթահարելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ուղղությամբ: Սա է հեղափոխական տրանսֆորմացիայի տեղական նշանակության միակ ճանապարհը, որը նախեւառաջ պետք է տեղի ունենա ուղեղներում, հետո առարկայանա:



Դրա համար պետք է ակտիվանա ու երկիրը դեպի օտարահպատակության տանող ծրագրին ընդդիմանա հասարակության այն հատվածը, որը մինչ օրս չի դրսեւորել կոնկրետ քաղաքական դիրքորոշում՝ չի կանգնել ոչ ընդդիմության եւ ոչ էլ իշխանության կողքին: Համազգային մոբիլիզացիայի այս կոչը, ըստ պարոն Մանուչարյանի, ենթադրում է առանձին սոցիալական խմբերի ու անհատների միավորման գործընթաց՝ մեկ ընդհանուր գաղափարի ու հատկապես նպատակի շուրջ: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք կհաջողվի փոքր երկրի ժողովրդին թոթափել արտաքին ազդեցությունների գործոնն ու ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, հենվելով Իսրայելի օրինակի վրա. «Կա աշխարհում նման ժողովուրդ, որը տնօրինում է ոչ միայն իր երկրի ճակատագիրը»:



Բայց եթե հասարակական հարթությունում հեղափոխության տրանսֆորմացիայի գաղափարը հիմնավորվում է, քաղաքական հարթությունում գաղափարի կիրառությունը մշուշվում է: Անդրադառնալով քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին եւ կանխատեսելով 2012-ի խորհրդարանի հնարավոր կազմը, որը, ըստ պարոն Մանուչարյանի, նույնպես տրանսֆորմացիայի արդյունք է լինելու, նշեց, որ ՀՀԿ-ն կպահպանի իր տեղերը, Արեւմուտքի շնորհիվ՝ նաեւ ՕԵԿ-ը, պարզապես հարցն այն է, թե ինչպիսին կլինի այն:



Եթե քաղաքական դաշտում Արեւմուտքի ծրագրով իրականացվող հեղափոխական տրանսֆորմացիան ենթադրում է կազմի կամ թեկուզ ձեւի փոփոխություն, ստացվում է, որ քաղաքական տրանսֆորմացիան ընդամենը կերպարանափոխություն է կամ, եթե կուզեք՝ մուտացիա: Սա վտանգավոր կարելի է համարել այն իմաստով, որ կարող է արտաքուստ հրապուրիչ երեւալ ու կրկին թյուրիմացության մեջ գցել հասարակությանը, եթե այն վերջնականապես կորցնի աշխարհաճանաչողության ունակությունն ու դիմադրողականությունը:



Ուստի կրկին օրախնդիր է դառնում հասարակության առանձին շերտերի քաղաքական հասունության կամ քաղաքացիական գիտակցության անհրաժեշտության հարցը: Հասարակությունն ուրեմն ստիպված է լինելու կիրառել նույն մեթոդը, ինչը, ըստ Մանուչարյանի, հանուն սեփական շահի նրբորեն կիրառում է Արեւմուտքը, եւ գնալ առճակատման՝ փորձելով դուրս մղել գերակա ուժերին եւ հաստատվել որպես ինքնուրույն միավոր: Սա ինչ-որ տեղ նման է նրան, եթե երկու հոգի կանգնեն դեմ հանդիման, նայեն միմյանց աչքերին ու սպասեն, թե ով առաջինը կթարթի: