Նախագահականից` արտակարգ իրավիճակներ

Նախագահականից` արտակարգ իրավիճակներ
Նախարարություն կա՝ երեքից հինգ տեղակալ ունի, նախարարություն կա՝ «սկի մեկն էլ» չունի: Ֆրիկյան բողոքի այս ձեւաչափի մեջ հանգիստ կարելի է տեղավորել արտակարգ իրավիճակների ու էլի մի քանի նախարարությունների պայմանները: Օրինակ՝ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հինգ տեղակալ ունի, մնացածները՝ երեք-չորս: Նույնիսկ սփյուռքի նախարարությունը նախարարի երկու տեղակալով կա:  Զարմանալի է՝ ինչպե՞ս է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այդ հսկայածավալ աշխատանքը միայնակ կրել իր վտիտ ուսերին:



Պատկերացնո՞ւմ եք՝ ամիսներ շարունակ «հատիկ մը»  տեղակալ չի ունեցել: Հուլիսին  «ձեն-ձենի տալով», հեռացան նրա տեղակալները. նախ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, որ նաեւ փրկարար ծառայության տնօրենն էր, նշանակվեց Արարատի մարզպետ, ապա Ռուբիկ Հարությունյանը: Երեկ վերջապես նրա գործը թեթեւացնող է գտնվել: «Հայմամուլի» սեփականատեր Հայկարամ Մխիթարյանին նրան տեղակալ են նշանակել: Հայկարամ Մխիթարյանը 90-95 թվականներին Գերագույն խորհրդի, ապա, մինչեւ 2003-ը՝ Ազգային ժողովի պատգամավոր է եղել: 2007-ի ԱԺ ընտրություններում թեկնածությունն առաջադրել է, սակայն չի ընտրվել:



Ի դեպ, Մխիթարյանը Անդրանիկ Մարգարյանի մտերիմներից էր, ՀՀԿ է մտել 1997 թվականին: Եղել է «Հայմամուլի» տնօրեն, ապա էժան գնով այն սեփականացրել:  Կառավարությունում  վեց տարի գործերի կառավարիչ է եղել, վերջին երկու տարում էլ նույն գործը շարունակել է նախագահականում: Ասում են՝ այստեղ բարեկամացել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ, քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են: Եվ այս բարեկամությունն էլ ազդեցություն է ունեցել նրա՝ ԱԻ փոխնախարար նշանակվելու հարցում: Մենք մի քանի հարց տվեցինք փոխնախարարին:



- Պարոն Մխիթարյան, մտել եք ՕԵ՞Կ:



- Չէ, ես երբեք այդ կուսակցությունում չեմ եղել:



- Ինչպե՞ս եղավ, որ ՕԵԿ-ական համակարգի փոխնախարար նշանակվեցիք:



- Համաձայն չեմ «համակարգ» հասկացողության հետ:  Այնտեղ, ըստ բաշխումների, երկու տեղակալ պետք է լինի, որից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանից», մյուսը՝ Հանրապետականից: Կոալիցիայի շրջանակում է բաշխված եղել:



- Ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել ԱԻՆ:



- Այս նախարարությունում թափուր էր տեղակալի պաշտոնը: Նախարարը գործուղման մեջ ա, բայց չուներ որեւիցէ մեկը, որի վրա դներ պարտականությունները:



- Ասում են՝ Կարեն Կարապետյանն է միջնորդել, որ տեղակալ նշանակվեք:



- Չի միջնորդել, ես աշխատել եմ նախագահականում, նախագահի հետ միասին: Ես եմ դիմել՝ իմանալով հանդերձ, որ թափուր տեղ կա, ինքս եմ դիմել, որ պատրաստ եմ աշխատանքը շարունակել: Երեւի առաջարկը հարգվեց:



- Նախարարի տեղակալի թափուր տեղի մասին իմացել եք, դիմել ու նշանակվե՞լ:



- Այո, որ թափուր են տեղերը եւ կոալիցիոն շրջանակում պետք ա նշանակվի, ես պատրաստակամություն եմ հայտնել Հանրապետական կուսակցությունից  շարունակել աշխատանքները:



- Իսկ ինչո՞ւ նախարարի տեղակալի պաշտոնը գերադասեցիք նախագահականից:



- Աշխատանքային ոլորտը բազմազան է, ավելի հետաքրքիր է: Բոլոր մարզերում ունի կառույցներ: Բավականին ոլորտ կա աշխատելու, աշխատանքի ուղղվածություն եմ տեսնում, փափուկ բազմոցային աշխատանքը դեռ շուտ է (ծիծաղում է), գնամ անհանգիստ աշխատանքի: