Ռուսական լրագրության քոչվորականը ֆորպոստի «Ուրվագծում»

Ռուսական լրագրության քոչվորականը ֆորպոստի «Ուրվագծում»
Հայաստանի հանրության գլուխն արդուկելու համար ցանկացած աղբյուրից սնվելու պատրաստակամ տեղական նշանակության ինքնահռչակ «քաղաքագետները», լրագրության «վարպետներն» ու «փորձագետները» վերջապես ստացան համարժեք գնահատական: Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում դեմքի լրջագույն արտահայտությամբ կազմակերպված հերթական ցուցքի ժամանակ, որը կրում էր «Հարավային Կովկասում անվտանգության եւ տեղեկատվական համագործակցության խնդիրները» միջազգային կոնֆերանս ամպագոռգոռ խորագիրը, բացահայտվեց իրականությունը:



Հյուրը, որին ներկայացրել են որպես վերլուծաբանի, եւ որը եկել է «Այնտեղից»՝ Մոսկվայից, ու 19-րդ դարի ռուսական քաղքենիների շրջանակի «Հարսանիքի գեներալի» կարգավիճակով կազմակերպիչներին պիտի հնարավորություն ընձեռեր շեշտելու իրենց «առաքելության» կարեւորությունն ու շշկռցներ տեղացիներին, անսպասելի դուրս է եկել վերահսկողությունից: Ըստ երեւույթին, տեղացիների հյուրընկալության չափազանցությունից ոգեւորված ներշնչվել է, թե իսկապես իրենից լուրջ բան է ներկայացնում, եւ այնպիսի կեցվածք է ընդունել, որից զարմանալիորեն արթնացել ու նույնիսկ վիրավորվել է տանտերերի արժանապատվությունը: Պարզաբանեմ՝ հյուրը եղել է հետխորհրդային շրջանի ռուսական ալիքների քոչվորականը՝ «Բոմոնդ», «Դետեկտիվ-շոու» ու այդ կարգի մի քանի այլ հաղորդումների վարող Մատվեյ Գանապոլսկին:



Հեռուստադիտողների հիշողության մեջ նա պիտի տպավորված լինի իր կեպկայով, հաղորդման հյուրերի՝ Լադա Դենսի ու «Ճ» կլասի այլ երգիչ-երգչուհիների առջեւ ծամածռություններ անելիս: Դժվար է ասել, թե որ պահին է արվարձանից (սովետական Լվով) Մոսկվա հասած սույն փորսուղը վերածվել քաղաքական վերլուծաբանի կամ վերածվե՞լ է, թե՞ ոչ, բայց մերոնք, ըստ երեւույթին պահը լրջացնելու համար, նրան այդպես են ներկայացրել:



Եվ ահա Գանապոլսկին մակերեսային, լկտի ու անքաղաքավարի մարդ լինելով, բայց արդարացիորեն իրեն ֆորպոստում իմպերիայի ներկայացուցիչը զգալով, փորձել է ծաղրել հայերին ու այնքան քամահրանքով է խոսել  վերոնշյալ «միջազգային նշանակության» կոնֆերանսի առաջ քաշած թեմայի շուրջ, որ չափազանց զգուշավոր ու հարմարվող Ալեքսանդր Իսկանդարյանը նրան դիտողություն է արել ու արժանացել կշտամբանքի. «Ինձ չփորձեք հրամայել, թե որտեղ ինչ խոսեմ»:



Ի դեպ, նույն լկտիությամբ Գանապոլսկին փետրել է «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարի փքված հնդուհավի փետուրները, որովհետեւ վերջինս, չգիտակցելով անգամ, որ չի տիրապետում տիրոջ երկրից եկածի լեզվին, ջանք չի թափել, որ գոնե թարգմանիչ ներգրավի՝ պատվավոր հյուրին հասկանալու եւ նրան հարց տալու նպատակով:



Ըստ էության, «ընդդիմախոսները» երկու դեպքում էլ իրար արժեցել են այն իմաստով, որ տեղացիների լկտիությունը թույլ է տվել հրավիրել ոչ համարժեք մարդու, արդյունքում ստանալով  իրենց հայելային պատկերն այն տարբերությամբ, որ Գանապոլսկու լեզուն երկար է, իրենցը՝ կարճ, հասկանալի շատ պատճառներով: Բայց եթե տեղերը փոխենք, «Ուրվագծի» վարողը՝ որ հաստա՛տ կգերազանցեր Գանապոլսկուն: Իսկ Գանապոլսկին իր տարերքի մեջ այնքան է ակտիվացել, որ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում դատողություններ է արել Ղարաբաղի հարցի շուրջ ու այն գնահատել որպես «ապուշ հարց»:



Ի վերջո, քարը Գանապոլսկու գլուխը: Բայց նրան այստեղ հրավիրողներն ի՞նչ են մտածել: Ո՞վ է ի վերջո այդ մարդը, որ բերել են այստեղ՝ մեզ մեր հարցերի մասին դասեր տալու ու «ճշմարտություններ» բացատրելու համար: Մի կողմից հասկանալի է, որ պրոյեկտներն իրականացնելու ու հատկապես հաշվետվություն գրելու բարդ խնդրի առջեւ են կանգնած: Բայց միթե այնքան են տարված իրենց նեղ-մասնագիտական ծրագրերը փողի վերածելու խնդրով, որ արդեն չեն էլ կարողանում զատել առաջնահերթությունները: Հասկացե՞լ են արդյոք, որ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»-ը օդ տատանող արտահայտություն չէ: Հուսանք՝ հասկացել են ու Հայաստանի հասարակությանը կրթելու փոխարեն իրենք են այս անգամ դաս քաղել: