Արգամիչի ճարպկությո՞ւն, թե՞ բարեբախտություն

Արգամիչի ճարպկությո՞ւն, թե՞ բարեբախտություն
Ազգային ժողովի հոկտեմբերի երկրորդ քառօրյան կգումարվի արդեն ԱԺ նորակառույց դահլիճում: Քիչ է ասել, թե այն փայլուն է վերակառուցվել. իր շքեղությամբ, դասականությամբ եւ կատարելությամբ նիստերի դահլիճն այժմ ստվերում է ԱԺ կարմիր դահլիճն էլ, ոսկեզօծ դահլիճն էլ: Նիստերի նոր դահլիճն ամֆիթատրոնի է նման, պատերն ամբողջովին պատված են կաղնեգույն փայտով` փորագրված, դրվագազարդ:



Ամֆիթատրոնի դասավորությամբ սեղան-նստարանները կահույքագործության նույնքան կատարյալ նմուշ են: Առաստաղի հարդարանքն է մի քիչ մոդեռն ու տարբեր դահլիճի գերդասական աուրայից, բայց այն էլ կատարյալ ներդաշնակության մեջ է լրագրողների օթյակների հետ, որ այժմ դահլիճի վերնամասում են եւ ապակով լիովին առանձնացված:



Օթյակներն իհարկե դիսոնանսի մեջ են մնացյալ ինտերիերի հետ, սակայն դահլիճն ամբողջությամբ այնքան նրբաճաշակ ու բարձրարժեք հարդարանք է ստացել, որ առանց չափազանցության ԱԺ շենքի վեհություն ու հանդիսավորություն թելադրող աուրայի բարձրակետն ու պսակն է դարձել: Իսկ Մարկ Գրիգորյանի նախագծով կառուցված ՀԿԿ Կոմկուսի, այժմ ՀՀ Ազգային ժողովի շենքը երեւի Հայաստանի ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցն է:



Այսքան հիացմունք ապրելուց եւ խոստովանելուց հետո, որ վերանորոգումը միայն գովասանքի է արժանի, ինքնաբերաբար հարց է ծագում, թե ինչ զուգադիպությամբ է դա համընկել Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարության հետ: Իհարկե, ԱԺ նախկին նախագահներն էլ ինչ-որ վերանորոգումներով առանձնանալ ու հիշվել ջանացել են: Խոսրով Հարությունյանը, օրինակ, ԱԺ զուգարաններն ու արդասենյակներն էր վերանորոգել, բայց դե, դա այն չէ, որ ժամանակի մեջ մնա, մի քանի տարի անց վերանորոգումն էլ մոռացվեց, չարաշահված գումարների մասին ասեկոսեներն էլ, Խոսրով Հարությունյանն ինքն էլ:



Կարեն Սերոբիչի` ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, հիշում եմ, առաջին անգամ տեսա, որ ԱԺ շքամուտքի նախասրահի մարմարե, տարիների փոշուց մաքրված հատակն այնպես էր փայլում, որ թվում էր` թափված ջուր է փայլփլում եւ լույս անդրադարձնում: Կարեն Սերոբիչից հետո սովորություն դարձավ` ամեն տարի ԱԺ-ում ամռանը մասնակի մաքրության, վերանորոգման աշխատանքներ էին կատարվում: Ի վերջո անցյալ տարի ԱԺ երկրորդ մասնաշենքը հանձնվեց շահագործման, որի կառուցումը սկսվել էր տարիներ առաջ: Բայց ոչինչ դահլիճի հետ չես համեմատի, եւ հակված էի կարծելու, որ Արգամիչն իր բնածին, խելքին փոխարինող ճարպկությամբ (իր անմահ խոստովանությունն է, թե «քաղաքական գործչին խելք պետք չէ») դիպուկ կողմնորոշվել է, թե ինչը վերանորոգի կան վերակառուցի ԱԺ-ում, որ հավերժ միաձուլվի շենքի պատմությանը:



Հնարավոր տարբերակ էր նիստերի դահլիճի վերակառուցումը Արգամիչի ճարպկությամբ բացատրել, մանավանդ որ այդ նպատակով ԱԺ բյուջեից դուրս որքան ասես գումար է ստացվել ու ծախսվել: Բայց նման բացատրության մեջ ինչ-որ բաց էր մնում, Արգամիչն իր մտավոր եւ հոգեւոր զարգացման մակարդակով չէր կարող նման ճաշակ ունենալ, որ իր օրոք դահլիճի այդքան դասական ու վեհաշուք հարդարման նախագիծ հաստատվեր: Դա նույնքան անհնար է, որքան, դիցուք, Արգամիչի` Վերդիի երաժշտություն լսելը կամ Մոլիեր ընթերցելը:



Հետեւաբար մնում էր հետաքրքրվել, թե դահլիճի վերանորոգման ծրագիրը երբ է կազմվել եւ որպես նախագիծ հաստատվել: Պարզվում է` Արգամիչից շատ առաջ: Համարյա այն ժամանակ, երբ ԱԺ նախագահ է եղել Արթուր Բաղդասարյանը եւ սկսվել է ԱԺ երկրորդ մասնաշենքի կառուցումը: Ի դեպ, ասում են` կառուցումը սկսվել է առանց համապատասխան փաստաթղթերի եւ քաղաքաշինության նախարարության ստուգումներից հետո առժամանակ դադարեցվել է: Իհարկե, Բաղդասարյանի գրասենյակից այլ մեկնաբանություն են տալիս շինարարության ընդհատմանը` իբր փաստաթղթերում կարգուկանոն է եղել, ուղղակի Բաղդասարյանի հրաժարականի արդյունքում են աշխատանքներն ընդհատվել: Դահլիճի վերանորոգման նախագծերի հետ էլ հավատացրին, թե Բաղդասարյանն առնչություն չի ունեցել: Ենթադրում եմ` Բաղդասարյանն ուղղակի վերանորոգված դահլիճը դեռ չի տեսել, այլապես ջանք ու եռանդ չէր խնայի, որ իր անունը մի կերպ այդ դահլիճին առնչվեր:



Ինչեւէ, Արթուր Բաղդասարյանի օրոք սկսված ԱԺ վերակառուցման աշխատանքները շարունակվում են հաջորդ նախագահի` Տիգրան Թորոսյանի օրոք: Երկրորդ մասնաշենքի կառուցումը Թորոսյանի օրոք համարյա հասնում է ավարտին եւ մի քանի հարյուր միլիոնի կարգի էլ գումարներ են խնայվում ԱԺ ծախսերից, որոնք պետք է ուղղվեին դահլիճի վերնորոգմանը: Խնայողություններ արվել են ու մի քանի հարյուր միլիոն դրամ է բյուջե վերադարձվել եւ 2006-ին, եւ  2007-ին: Ենթադրելի է` խնայողություններ եղել են նաեւ 2008-ին, բայց Արգամիչի` ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո խնայողությունները հալչում են եւ ԱԺ-ն ոչ միայն խնայողություն այլեւս չի անում, այլեւ իր համար նախատեսված գումարներով էլ չի բավարարվում եւ հավելյալ շուրջ կես միլիարդ դրամ է վերցնում կառավարությունից նիստերի դահլիճի վերանորոգման համար:



Ինչեւէ, սակայն բոլոր ֆինանսական ձեռնածություններն ու պատմությունները մոռացվելու են ժամանակի մեջ: Մնալու է վերակառուցված դահլիճը` նախագծողների անունները` Անահիտ Թարխանյան, Նարեկ Սարգսյան եւ  դահլիճի շաղկապումը Արգամիչի անվան հետ: Այ դրան ասում են բարեբախտություն:



ՀԳ - Ի դեպ, ի գիտություն Արամ Կարապետյանի, որ ուրբաթ ինչ-որ մամուլի ակումբում ճառել է Արգամիչի` Շվեյցարիա կատարած այցելության իմաստի ու ենթատեքստի մասին (իբր Արգամիչին Շվեյցարիա են հրավիրել, որովհետեւ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինչ-որ հարցեր էր հարկավոր այս պահին քննարկել), ՀՀ ԱԺ նախագահի` Շվեյցարիա այցելություն կատարելու հրավերը ստացված է եղել այն ժամանակ, երբ Աբրահամյանը դեռ ԱԺ նախագահ չէր: Ճիշտ, ինչպես դահլիճի դեպքում Աբրահամյանը գործընթացի վերջաբանին է մասնակցել: Հասկանալի է, որ Կարապետյանը մտավոր ունակություն չունի տրամաբանելու, բայց միթե կարողություն չունի գոնե տարրական տեղեկություններ ճշտելու: