Նողկալի տեսարան

Նողկալի տեսարան
Շաբաթ-կիրակի ռուսական հեռուստաընկերություններին հետեւելով մազ մնաց, որ մասնագիտությունս չփոխեմ: Նողկանքից բացի հնարավոր չէր այլ զգացում ունենալ՝ տեսնելով, թե լրատվական դաշտն ինչ տոտալ հարձակում է սկսել Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի նկատմամբ: Այն Լուժկովի, որին այդ նույն լրագրողներն իրար հերթ չտալով՝ ընդամենը շաբաթներ առաջ անզուսպ գովերգում էին ու փառաբանում: Պարզ էր, որ տերը «քսի» է տվել սրանց, եւ սկսվել է կոլեկտիվ քարկոծումը: 1937 թվից հայտնի ոճով: Տխուր եւ արգահատելի տեսարան էր: Հաղորդում հաղորդման ետեւից՝ Լուժկովի եւ նրա կնոջ գործած ու չգործած մեղքերն էին հեռարձակում: Հարցազրույցներ էին անում անձանց հետ, որոնց նախկինում արգելված էր հեռուստատեսությամբ հանդես գալը: Բողոքի մինչ այս չլուսաբանված ու հանրությունից թաքցված ակցիաներն էին ցուցադրում: Խոսեցնում էին շարքային մարդկանց: Իսկ գլխավոր լեյտմոտիվը Լուժկովին ու նրա կնոջը պատժելու գաղափարն էր, «մահապատժի» ենթարկելու պահանջը, որ բարձրաձայնեց ռուսական ամենասկանդալային եւ ամենագրպանային գործիչներից մեկը՝ Ժիրինովսկին: Նման եռանդով ու անզուսպ սովորաբար քննադատում են հեղափոխություններից հետո, երբ իշխանություն է փոխվում, եւ նորերը հներին սեւացնելու խնդիր ունեն: Սակայն այսպիսի ատելություն մի մարդու հանդեպ, որին 17 տարի շարունակ աստվածացրել են, որն այդ իշխանության հիմնասյուներից է եղել, նույն կլանի անդամը, նրա իշխանության ամրապնդմանն ու պահպանմանը նպաստած պաշտոնյա, նոնսենս է: Այս համապետական պարսավանքի հիմքում, ըստ փորձագետների, մի պարզ պատճառ կա՝ Լուժկովը անհրաժեշտ չափով չէր «մուծվում» վերեւներին եւ իր անձով ու ֆինանսական կապիտալով վտանգավոր էր դառնում Մեդվեդեւ-Պուտին զույգի համար: