Հայաստանի քաղաքական դաշտը բրեժնեւյան ճահիճ է հիշեցնում

Հայաստանի քաղաքական դաշտը բրեժնեւյան ճահիճ է հիշեցնում
Հայաստանի ներքաղաքական դաշտում նկատվող աշխուժացումը, ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությունն ու կուսակցությունների կողմից նախընտրական պայքարի ոչ ֆորմալ մեկնարկը հասարակական շրջաններում ու մամուլի ակումբներում քննարկման  թոփ թեման են դարձել: Բոլորը խոսում են երկրում քաղաքական ուժերի հարաբերակցության ու հնարավոր վերադասավորումների մասին: Քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն ու Ալեքսանդր Մարգարովը երեկ «Հայելի» ակումբում այդ թեման էին շոշափում: Ե. Բոզոյանը տեսակետ հայտնեց, որ Հանրապետականում որեւէ ներկուսակցական վեճ լինել չի կարող, որովհետեւ այն պետական բյուրոկրատիայի կուսակցություն է, ինչպես, օրինակ, ՌԴ «Եդինայա Ռոսիան» կամ Ադրբեջանի «Ենի Ադրբեջանը»:



Բայց՝ «Ցանկացած Հանրապետական բիզնեսմենի որ հանեն պաշտոնից, նա միանգամից կուսակցությունից դուրս կգա, բոցաշունչ  ելույթներով կասի, որ Հայաստանում դեմոկրատիա չկա, բայց քանի դեռ չեն հանել, կասի, որ երկիրը ծաղկում է»,-պարզաբանեց Բոզոյանը: Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀԿ-ԲՀԿ ներսում  եւս չկան հակասություններ, ուղղակի կա խնդիր՝ իշխանությունը փորձում է, այսպես ասած, ուղղահայաց իշխանություն ստեղծել, ինչը ԲՀԿ-ին դուր չի գալիս: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա 2008-ի նախագահական ընտրություններից հետո այն «ֆորմալ կա, բայց դե ֆակտո այլեւս գոյություն չունի»:



ՀՅԴ-ն, քաղաքագետի կարծիքով, դասական կուսակցություն Է՝ սփյուռքի աչքը Հայաստանում եւ Հայաստանի աչքը սփյուռքում, բայց 5 տոկոսը հաղթահարելու համար դա բավական չէ: «Ժառանգությունն» էլ ճգնաժամային վիճակում է եւ էական դեր քաղաքական դաշտում ունենալ չի կարող: Բոզոյանի կանխատեսմամբ՝ ապագա ԱԺ կմտնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, իսկ մյուս ուժերի խորհրդարան մտնել-չմտնելու հարցը կասկածի տեղիք է տալիս: Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ՀՀԿ-ի ներսում ներկուսակցական հնարավոր պայքարը միայն սերնդափոխությամբ է պայմանավորում՝ նոր սերունդը կուսակցական հիերարխիայում ավելի բարձր դիրքեր է ուզում:



ԲՀԿ-ՀՀԿ պայքարի հետ կապված էլ ասաց, որ հակասություն կարող է ծագել միայն այն դեպքում, եթե ԲՀԿ-ն էլ ցանկանա լինել առաջինը: ՀՅԴ-ի հնարավորությունները Մարգարովը 7%՝  պլյուս-մինուս 3% գնահատեց, հավելելով, որ եթե նրանք կարողանան մոբիլիզացնել իրենց ուժերը, միգուցե սահմանագիծը հատեն, չնայած դա կարող է չլինել: «Ժառանգության» վերաբերյալ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ խորհրդարան անցնելուց հետո կուսակցությունը կորցրել է իր շանսը, իսկ նրա ընտրազանգվածը հիասթափվել է կուսակցության ներսում տեղի ունեցած պառակտումներից հետո:



Եվ վերջապես, ՕԵԿ-ը, ըստ Մարգարովի, կորցրել է իր դեմքը եւ հանդես է գալիս որպես օժանդակող կուսակցություն, բայց եթե գալիք 2 տարիներին կարողացավ նախկինում իրեն վստահած ընտրազանգվածի մի մասի մոտ վերականգնել վստահությունը, կարող է ԱԺ մտնել: Ինչ վերաբերում է նոր ուժի ստեղծմանը, ըստ Ալեքսանդր Մարգարովի, դա անհնար է: Խոսքը, իհարկե, «պրոյեկտային» կուսակցությունների մասին չէ, որովհետեւ  դա միշտ հնարավոր է: «Երկու տարին բավական է, որ նման կուսակցություն ստեղծվի»,-ասաց քաղաքագետը՝ շարունակելով.  «Նոր, ռեալ ուժ ձեւավորելու համար պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ունեն ռեսուրսներ նոր ուժ ձեւավորելու համար:



Բոլորը զբաղեցրել են իրենց նիշաները քաղաքական դաշտում եւ իրենց համար նոր ուժեր ձեւավորելու կարիք չկա»: Երվանդ  Բոզոյանը նոր ուժի ստեղծման հարցը կապեց հասարակական գիտակցության հետ ու նկատեց, որ եթե հասարակությունը չգա այն գիտակցության, որ պետք է առկա իրավիճակը փոխել, մեզ տխուր ապագա է սպասվում, մենք դա կզգանք 5 տարի հետո, որովհետեւ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ՀՆԱ-ները 5 անգամով են տարբերվում, իսկ 5 տարի հետո տարբերությունը կաճի 7-8-ի: