Վլադիմիր Կարապետյան. Դաշտային առաքելությունը՝ Ադրբեջանի նախաձեռնություն

Վլադիմիր Կարապետյան. Դաշտային առաքելությունը՝ Ադրբեջանի նախաձեռնություն
Ադրբեջանն է պահանջել ԼՂ հարակից շրջաններում դաշտային առաքելության իրականացումը, եւ հայկական կողմը միակողմանի զիջման է գնացել: Այսինքն այնպես չէ,  որ հայկական կողմը մի բան պահանջել է եւ դաշտային առաքելության դիմաց ստացել: Մենք ոչ մի բան չենք ստացել, մենք զիջել ենք: Դաշտային առաքելությունը եւ նրանում ներգրավված պաշտոնյաները սպասարկելու են Ադրբեջանի շահերը՝ տեսնելու, թե որ վայրերը եւ ինչ պայմաններում պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները:



Փաստահավաք խումբը պետք է գա, ադրբեջանցիների քարտեզներով 10 օր պտտվի, քանի որ նախաձեռնությունն ադրբեջանական է, նրանք են լինելու խմբին քարտեզներով ու ինֆորմացիայով ապահովողը: Ամենացավալին հոգեբանական տիրույթում է: Մենք չկարողացանք  պարտադրել, որ այդ առաքելությունը գնա նաեւ Ադրբեջանի զավթած տարածքները եւ նման մոնիտորինգ նաեւ այնտեղ անցկացնի: Այստեղ հայ փախստականների շահի սպասարկում բացարձակ գոյություն չունի: Եթե առաքելությունը նաեւ Ադրբեջանի զավթած տարածքներ գնար, մենք կկարողանայինք արձագանքել, որ ի պատասխան այդ դիտարկման՝ նաեւ մեր փախստականների վերադարձի խնդիրն է ուսումնասիրվում:



Սա կրկին ապացույց է, որ միջազգային հանրությունը կարծես ինչ-որ որոշում ունի փախստականների խնդրի վերաբերյալ, սակայն հայ փախստականների շահերն այստեղ լիովին անտեսված են, եւ դա հետեւանք է Ղարաբաղի հարցում մեր քաղաքականության: Ընդ որում, արդեն ակնհայտ է, որ դա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ ԼՂՀ իշխանությունների քաղաքականության հետեւանքն է, որովհետեւ որեւէ դեպքում իրենք պետք է թույլ չտային միակողմանի մոնիտորինգի անցկացումը: Ինչո՞ւ հայ փախստականների հարցը չի դիտարկվում, ինչո՞ւ նրանք չեն կարող վերադառնալ այն վայրերը, որտեղից քշվել են, ինչո՞ւ հայկական կողմը չի հետապնդում այս հարցերը:



Մեր հասարակությունն ակնհայտ տեսնում է, որ ադրբեջանական կողմը կարողացավ հասնել իր շահերին ոչ միայն փախստականների իրավունքների պաշտպանության առումով, այլեւ ապագայում, օգտագործելով պատրաստվելիք զեկույցի կամ հաշվետվության դրույթները՝ հարձակումները հայկական կողմերի վրա քաղաքական դաշտում շարունակելու:



Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համակարգող