Սեյրան Օհանյանի երրորդ ռուբիկոնը

Սեյրան Օհանյանի երրորդ ռուբիկոնը
Տարածաշրջանի ամենամարտունակ բանակը վերածվել է  իսկական մղձավանջի, ու այդ մղձավանջը համակել է ոչ միայն հանրությանը, այլեւ Պնախարար Սեյրան Օհանյանին: Հանգստյան օրերին հանրությանը կրկին ցնցեցին բանակի մասին ու բանակից եկող հերթական լուրերը: Նախ նախարարության վերին ատյանը համալրվեց  բոլորի համար անսպասելի «կադրերով»՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով ռազմական ոստիկանության երկարամյա տերն ու տնօրենը՝ գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը, ազատվեց պաշտոնից ու նշանակվեց Սեյրան Օհանյանի  տեղակալի պաշտոնում: Նույն օրը Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի կամքով ունեցավ մեկ այլ, արդեն առաջին տեղակալ՝ Դավիթ Տոնոյան:



Մինչ հանրությունն ուշքի կգար ու կփորձեր հասկանալ, թե ինչ է կատարվում, էլեկտրոնային լրատվամիջոցները գուժեցին՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գեւորգի Խաչատրյանի (ծնված 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին` կախված: Երեկ արդեն հասարակական-քաղաքական շրջանակներում այս տեղեկությունները քննարկվում էին շաղկապված: Նախ նշենք, որ գրեթե բոլոր հարթություններում Սեյրան Օհանյանի անձի մասին թեպետ խոսում էին վերապահումով, բայց հիմնականում դրական կարծիքներ էին հնչում նրա մարդկային կերպարի վերաբերյալ: Սակայն գերակշռում էր այն կարծիքը, որ Սեյրան Օհանյանը, լինելով թուլակամ, չի կարողանում վերահսկել իրավիճակն ու արդեն Սերժ Սարգսյանի համար դարձել է անցանկալի մարդ:



Ազգային ժողովի ետնաբեմերում նրա աշխատակազմը համալրելու հանգամանքը բացատրվում էր երկու վարկածով՝ Սեյրան Օհանյանը, որոշած լինելով վերջ տալ իր կառույցում արմատավորված կոռուպցիային, որի հետեւանքը վերջին շրջանի սոսկալի իրադարձություններն են, դիմել է Սերժ Սարգսյանին, Վլադիմիր Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկությամբ, քանզի բանակում տեղի ունեցող արատավոր երեւույթները բացահայտելու գործառույթը  հենց այդ կառույցի անմիջական պարտավորությունն է: Սերժ Սարգսյանը, ըստ շրջանառվող վարկածների, քանի որ չի կարողացել Վլադիմիր Գասպարյանին ուղղակի հեռացնել աշխատանքից եւ ուղարկել կադրերի տրամադրության տակ, նրան նշանակել է փոխնախարար:



Թեպետ բանակում տեղի ունեցող սպանությունների մեղքը արդարացիորեն ծանրանում է Սեյրան Օհանյանի վրա, սակայն պետք չէ մոռանալ, որ բանակում տեղի ունեցող հանցագործությունների բացահայտման պարտավորությունն առաջին հերթին կրում է ռազմական ոստիկանությունը՝ «ՌՈ մասին ՀՀ օրենք», հոդված 7.1. «Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում իրականացնում է հետաքննություն` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային զինծառայողներին»:



Ըստ երեւույթին, Սեյրան Օհանյանի նյարդերը տեղի են տվել, ու նա պահանջել է գոնե ներքին խոհանոցում ցուցաբերել արդարացի մոտեցում, քանի որ Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի, ՌՈ պետ Գասպարյանի ու նույնիսկ նախկին նախարար, այժմ ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի կողքին իր կշիռն ավելի թեթեւ է ու կամքը՝ թույլ: Թվում է, թե պաշտոնը Սեյրան Օհանյանին ընձեռում է բանակում կարգ ու կանոն հաստատելու հնարավորություն, բայց քրեականացված ներքին հարաբերությունների ցանցում գործող «ոչ կանոնադրական» կամ, ավելի ճիշտ՝ գողական օրենքները նրան թույլ չեն տա վերացնել բացասական երեւույթներն այն պարզ պատճառով, որ բանակում եղանակ ստեղծում են «օրենքով գողերն» ու վերոնշյալ անձինք:



Հիշեցնենք նաեւ, որ նրանք ինչպես ի պաշտոնե, այնպես էլ ներքին օրենքներով  ենթարկվում են գերագույն գլխավոր հրամանատարին՝ Սերժ Սարգսյանին: Սեյրան Օհանյանին այս ամենն իհարկե չի արդարացնում: Չմոռանանք, որ սույն նախարարն անցել է երկու ամոթալի ռուբիկոն՝ ԽՍՀՄ զինված ուժերի շարքում մասնակցել է հայտնի «Կոլցո» օպերացիային, որի ժամանակ հեղվել է ադրբեջանահայերի արյունը, եւ 2008-ի մարտի 1-ին բանակն օգտագործել է ընդդեմ խաղաղ ցուցարարների ու կրկին հեղել՝ այս անգամ Հայաստանի հայերի արյունը: Առաջին հայացքից Սերժ Սարգսյանի համար անգնահատելի այս ծառայությունն իրականում պիտի շուռ գար իր իսկ դեմ, որովհետեւ իշխանությանը պետք է հանրության ու աշխարհին ընդունելի այլ նախարար, որը, ըստ շրջանառվող լուրերի, Դավիթ Տոնոյանն է:



Ետնաբեմերում խոսում են, որ Սերժ Սարգսյանն իրականում մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանել՝ Վլադիմիր Գասպարյանին զրկել է իր կառույցում կատարյալ տնօրեն լինելու հնարավորությունից ու բանակում տեղի ունեցող վայրագությունները, որ արդեն զուգորդվում են Սեյրան Օհանյանի անվան հետ, լուծելու տարբերակ է գտել:  Քանի որ հանրային ոլորտներում արդեն շրջանառվում է «Եթե Օհանյանը չլինի, ո՞վ պիտի լինի, բոլորը նույնն են, սա գոնե լավ մարդ է» կարծիքը, Տոնոյանը դուրս է մնում «բոլորը նույնն են» շրջանակից:



Ըստ Սերժ Սարգսյանի, Տոնոյանը կիրթ է ու գիտի անգլերեն: Ավելին՝ զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ: 2004թ. ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն էլ նրան նշանակել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչ: Մի խոսքով, բավական ներկայացուցչական է, հասարակության աչքում արդեն պատվազրկված դաշտային հրամանատարների շարքում չէ, մաուզերիստ չէ՝ քաղաքակիրթ է: Միով բանիվ, Սերժ Սարգսյանը քայլեր է կատարում բանակն իր հսկողության տակ պահելու եւ հանրությանը բանակի սպանություններից շեղելու ուղղությամբ:



Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա նրա միակ ելքը մնում է ինքնակամ հրաժարականը՝ այս անգամ արդեն արժանապատվությունը փրկելու համար: Այլապես բանակում տեղի ունեցող բեսպրեդելի հետեւանքով զինծառայողների սպանությունների մեղքին կարող է գումարվել նաեւ փալասի համբավը, ու նա կվերջանա ոչ միայն որպես զինվորական, այլեւ որպես մարդ: Սա է երրորդ ռուբիկոնը: