Ո՞ւմ մարդն է Բալասանյանը, Ծառուկյանի՞, թե՞ Սերժի

Ո՞ւմ մարդն է Բալասանյանը, Ծառուկյանի՞, թե՞ Սերժի
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի համատեղ որոշման արդյունքում ԱԺ փոխխոսնակի թեկնածու դարձած նախկին ՕԵԿ-ական, գործարար-գարեջրագործ Սամվել Բալասանյանը երեկ խորհրդարանում բավական բացահայտումներ արեց լրագրողների ու հանրության համար: Ըստ այդմ, մեր հարցին ի պատասխան նա հաստատեց, որ իր թեկնածության ընտրությունը եղել է նաեւ Սերժ Սարգսյանի համաձայնությամբ: «Քաղխորհուրդը որոշել է, կոալիցիան պետք է որ հաստատի: Հուշագրով դա նախատեսվում է»,- ասաց Բալասանյանը: Լրագրողները նրան հիշեցրին ժամանակին իր ասածը, որ իր «ճակատին գրված է ՕԵԿ»՝ հարց ուղղելով, թե փոխվե՞լ է այդ ճակատագիրը:



«Ոչ: Ճակատին գրված մնաց «Օրինաց երկիր», եւ ես էդ բառերը պատահական չեմ ասել, էդ բառերն ասել եմ նվիրվածության աստիճան ունենալով, այնպես որ, ես իմ սկզբունքները չեմ փոխել»,- սենսացիոն բացահայտում արեց Բալասանյանը՝ շարունակելով. «Ընդդիմության մեջ եմ մնացել: Նաեւ ընդդիմության շարքերում ես, փաստորեն, 2007թվի ընտրությունն եմ անցել, հետո սկզբունքային տարաձայնությունների պատճառով դուրս եմ եկել»: «Հիմա շարունակում եք ընդդիմություն մնալ ԲՀԿ-ո՞ւմ»,- հարցրին տարակուսած լրագրողները: «Ոչ,-հայտարարեց Բալասանյանը՝ շարունակելով:- Հիմա ԲՀԿ անդամ եմ: Լրիվ նույն նվիրվածությունն ունեմ «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված, աշխատելու եմ՝ չփոխելով իմ սկզբունքները»:



«Հիմա կարո՞ղ է Ձեր ճակատին գրեք «Բարգավաճ Հայաստան»» հարցին ի պատասխան՝ Բալասանյանը հայտարարեց. «Ուրեմն շատ լավ բառ է գրված, ամեն մարդու ճակատին թող գրված լինի` օրենքի երկիր ունենալ, ունենալ բարգավաճ Հայաստան: Ես չեմ ասել «Օրինաց երկիր» կուսակցություն, ասել եմ՝ օրինաց երկիր: Այո՛, բոլորս պետք է ապրենք օրինաց երկրում: Այո` «Առա՛ջ, Հայաստան, բարգավաճ Հայաստան»,- կոմպլեմենտար հայտարարություն արեց Սամվել Բալասանյանը, միայն մոռանալով ավելացնել, որ «հին ընկերները չեն դավաճանում»: Ի դեպ, ՕԵԿ-ի հետ կապված հայտարարեց, թե «չի նեղվի, եթե ՕԵԿ-ը չմասնակցի իր ընտրություններին»:



ԱԺ փոխխոսնակի թեկնածուին լրագրողները նաեւ հարցրին, թե մտավախություն չունե՞ք, որ Արեւիկ Պետրոսյանի վիճակում վաղը Դուք կհայտնվեք: «Եթե հանկարծ սկզբունքներ փոխվեն, էդ դեպքում հնարավոր է, բայց հիմա էստեղ որեւէ սկզբունքի փոփոխություն չկա»,- ինքն իրեն հուսադրեց Բալասանյանը: Իսկ ԱԺ արդեն նախկին փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանը, երեկ ԱԺ ամբիոնից կարդալով իր հրաժարականի դիմումը, իր կուսակցությունից ակնհայտ վիրավորված՝ հայտարարեց. «Ազգային ժողովի ընտրություններին չեմ մասնակցել պաշտոն զբաղեցնելու համար»,- ընդգծելով, որ ԱԺ պատգամավոր դառնալու համար ինքը «հրաժարվեց բարձր պաշտոնից, որում պետք է պաշտոնավարեր մինչեւ 2013թ.»:



Արեւիկ Պետրոսյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ հեղինակել է մոտ 2 տասնյակ օրինագծեր, «բարեխղճորեն կատարել իր կանոնադրային պարտականությունները», եւ ելույթից անմիջապես հետո լքեց խորհրդարանի դահլիճը: Միջանցքում լրագրողների հարցին, թե նեղացա՞ծ եք կուսակցության որոշումից, Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Միթե նեղանալը քաղաքական կատեգորիա է»: Եվ ասաց, որ ինքը կշարունակի մնալ ԲՀԿ պատգամավոր: Հարցին, թե արդարացի՞ է համարում կուսակցության որոշումը, Պետրոսյանն արձագանքեց. «Մեկնաբանություններ պետք չեն»:



Անդրադառնալով մամուլում հրապարակված լուրերին, թե ինքը ցանկություն ունի դառնալ Սահմանադրական դատարանի անդամ, ԲՀԿ-ական պատգամավորը նախ ասաց, որ այդ նորությունն ինքն իմացել է մամուլից, ապա հավելեց. «Ցանկացած իրեն հարգող իրավաբանի համար արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմնում պաշտոն զբաղեցնելը բարձր պատիվ է»։