Բաց նամակ Լեւոն Անանյանին

Բաց նամակ Լեւոն Անանյանին
Հարգելի պարոն Անանյան, հետաքրքիր էր, թեկուզ հեռակա, հետեւել, թե համացանցում իմ հայտնվելուն ինչպես արձագանքեց հայ հասարակությունն ու հատկապես դրա գրական շերտերը։ Վերջիններս, հավանաբար, ի դեմս ինձ տեսնելով լուրջ հակառակորդի, սկսեցին քարկոծել ստեղծագործություններս ու զբաղվել իմ գրականության ժխտմամբ։ Այսպես, օրինակ, վերջին ամիսների ընթացքում «Ճանաչո՞ւմ եք արդյոք Դօրիան անունով հեղինակին» հարցին ամեն անգամ Դուք պատասխանում եք, որ նման անուն երբեւէ չեք լսել (փաստորեն, այդքան արագ մոռանո՞ւմ եք Ձեզ տված հարցերը)։



«Չեք լսել» Դուք նաեւ այլ գրողների մասին, որոնք Գրողների միության անդամ չեն, իսկ առանց միության միջամտության հրապարակվող գրքերին եւ ամսագրերին թեկուզ ծանոթ եք, բայց հանդիսատեսի ներկայությամբ հրաժարվում եք անուններ նշել` գուցե մտածելով, որ նման կերպ կարդարացնեք վերջերս կայացած հանդիպումներից մեկի ժամանակ ինքներդ Ձեզ շնորհած «Գրականության ղեկավարի» տիտղոսը։ Զարմանալի է, որ այն մարդը, ով պիտի առավել շահագրգռված լինի գրականության ծաղկմամբ, փորձում է արժեզրկել, վատ լույսի ներքո ներկայացնել այն գրականությունը, որն արդեն իսկ ընդունվել ու սիրվել է հասարակության կողմից, փոխարենը, որպես ժամանակակից գրականություն, ընթերցողին առաջարկելով իր «սովետական» ընկերների աշխատանքները։



Մենք գիտենք, թե գրական շրջանակներից դուրս որքան ճանաչված է Ձեր «ղեկավարած գրականությունը», ու որ Գրողների միությունը վաղուց կարելի է մեռած կառույց համարել։ Հակառակ դեպքում այդ կառույցում գոնե մակերեսայնորեն պիտի տեղեկացված լինեին մի հեղինակի մասին, ով ավելի շատ ընթերցող ունի, քան տվյալ կառույցի բոլոր անդամները միասին վերցրած։ Հուսով եմ` այս նամակից հետո Դուք կլրացնեք այդ բացը եւ հաջորդ անգամ «Ճանաչո՞ւմ եք ինձ, թե՞ ոչ» հարցին կգտնեք այլ պատասխան:



ԴՕՐԻԱՆ