Քանի անգամ գնամ ու գամ

Քանի անգամ գնամ ու գամ
Մեր մշտական ընթերցող Հովհաննես Ռուշանյանը երեկ զանգահարել էր խմբագրություն եւ բողոքում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանից: Բոլոր նախարարներն ունեն քաղաքացիների ընդունելության օրեր՝ մարդիկ նախապես անցնում են մի քանի զտող պաշտոնյաների թրի տակով, որոնք երբ համոզվում են, որ քաղաքացու հարցը միայն նախարարի իրավասությունների շրջանակում է՝ նախարարության ոչ մի աշխատակից չի կարող դրան պատասխանել, հերթագրում են եւ հայտնում ընդունելության օրը:



Ստացվում է, որ ամսվա մեջ ընդամենը մեկ օր ընդունելություն ունեցող նախարարը պետք է լսի ընդամենը 5-10 քաղաքացու: Սրանք, անշուշտ, այն բողոքավորները չեն, որոնք վեճ ու կռվի են գալիս, այլ հիմնականում օրենսդրական կամ անշառ հարցերով նախարարին տեսնել ցանկացողները: Պրն. Ռուշանյանը, որ ներքին գործերի համակարգի վետերաններից է, «Վետերանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով է հանդես եկել, սակայն խնդիրը ձգձգվում է, եւ ի վերջո, նրան ասել են, որ այս հարցը միայն նախարարը կարող է կարգավորել:



Վերջապես սեպտեմբերի 24-ին, ուրբաթ օրը բաղձալի ընդունելության օրը պրն. Ռուշանյանը եւ նրա ընկերը գեղեցիկ հագնված գնացել են նախարարություն՝ նախարարի անձնական ընդունելությանն արժանանալու: Սակայն այստեղ նրանց պատասխանել են, թե վարչապետն այդ օրը կառավարության արտահերթ նիստ է նշանակել, եւ նախարարի ընդունելությունը հետաձգվում է: Տարեց մարդիկ փոռուփոշման հեռացել են ու երեկ մեզ օրինական հարց էին տալիս՝ հնարավոր չէ՞ր նախապես տեղեկացնել, որ ընդունելություն չի լինելու:



Բացի այն, որ քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել, հաջորդ ընդունելությունն էլ լինելու է մեկ ամիս անց: Այսինքն՝ մարդը պետք է մի ամբողջ ամիս սպասի, որպեսզի արժանանա նախարարի թանկագին ուշադրությանը: Սա կրկին խոսում է այն մասին, որ պետական կառավարման համակարգը հասարակությանը չի ծառայում: Այն ինքնաբավ ու ինքնուրույն կառույց է, որտեղ հավաքվածները մեր հարկերից սնվում են, բայց մեր հոգսերով չեն զբաղվում: