Ջոն Ափդայք. «Ճագար, վազիր»

Ջոն Ափդայք. «Ճագար, վազիր»
Ամերիկացի արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ Ջոն Ափդայքի (1932-2009), «Ճագար, վազիր» վեպը լույս է տեսել 1960-ին եւ համարվում է 20-րդ դարի անգլիալեզու գրականության լավագույն վեպերից մեկը: Առայսօր որոշ նահանգներում վեպն արգելանքի տակ է: «Ճագար» մականունով հերոսի ոդիսականը Ափդայքը շարունակում է «Ճագարը վերադարձել է», «Ճագարը հարստացել է», «Ճագարը հանդարտվել է» եւ «Հիշողություններ Ճագարի մասին» վեպերում: Կարդացեք Ափդայքի գործը, այն կարող եք ձեռք բերել գրախանութներից:



Ճագարին ես հանդիպում եմ գիշերներով` քաղաքի փողոցներում թափառելիս: Նրա անհանգիստ ստվերը շրջանցում է աղբարկղերը, սահում է մայթեզրերով, խանութների ցուցափեղկերով, գորշ ծառաբների վրայով: Տարօրինակ է՝ նրա ձեռքում գազար կամ կաղամբի թուփ չկա: Ճագարը սկսել է կրծել սեփական մարմինը...



Միտքն ու վազքը երկվորյակ եղբայրներ են: Ճագարի վազքը դա մտքի վազքն է` անկանոն ու հանկարծակի... Նա չի զգում փողոցի  ներկայությունը եւ չի զգում փողոցում իր ներկայությունը, չի լսում ոտնաձայները: «Ինչու եմ ԵՍ ԵՍ»,- մտածում է Ճագարն ու անորոշ մեխվում նեղ դռան շեմին, կարծես գիտակցությունը պոկվում է մարմնից ու անվերադարձ լքում մարմինը: Ճագարը ծխախոտ է վառում ու կրկին վազում` մխրճվելով անհայտ խավարի մեջ, ուղղվում է դեպի անտառ...



Լուսադեմին, երբ ես հոգնած վերադառնում եմ տուն, հանկարծ տեսնում են նրան բասկետբոլի հրապարակում, առանց գնդակի` միայնակ ցատկոտելիս: Անցյալի դռներն այլեւս փակ են Ճագարի առջեւ. անցյալը խլել է Ճագարի կյանքում եղած միակ հաջողությունը` թողնելով ցավոտ ու անընդհատ հակադարձվող հիշողություն: Հիմա մնացել է միապաղաղ առօրյան, որ թմրադեղի նման դանդաղ սպանում է նրա կյանքը: Կրկնվող առօրյան. դա մարդկային կյանքի ամենացավոտ պարտությունն է: Ճագարը պարտվում է ժամառժամ, այդ անկումը նրա հոգին ընդունում է որպես անցյալում եղած հաղթանակի հետեւանք: Ամուսնական տաղտուկ կյանքը Ճագարի համար վերածվում է անտրամաբանական քաոսի, իսկ դավաճանությունը այլ կնոջ մարմնի միջով սեփական մարմինն ու հոգին վերագտնելու փորձ է դառնում:



Ամերիկյան միջին խավի ապրելակերպի դեմ ուղղված նրա ընդվզումն ասես գիտակցության եւ մարմնի հավերժական առճակատումը լինի:



Ճագարի առջեւ բացվել են ճանապարհներ, որոնք անհամբեր սպասում են նրա որոշմանը: Ո՞ր ճանապարհով կգնա Ճագարը` անժամանակ առօրյայի՞, Աստծո՞, սատանայի՞, ազատությա՞ն, թե...



Արամ ՊԱՉՅԱՆ