Գավառական վիրաբույժը մայրաքաղաքային թատրոնում

Գավառական վիրաբույժը մայրաքաղաքային թատրոնում
«Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Երեւանում է Սանկտ Պետերբուրգի  «Միգ» թատերական կենտրոնը, որ հայ հանդիսատեսին է ներկայացնելու «Գավառական բժշկի գրառումները» եւ «Ստի դետեկտոր» ներկայացումները: Երեկ տիկնիկային թատրոնի բեմում նրանք խաղացին  «Գավառական բժշկի գրառումները» ներկայացումը: Ներկայացումը սկսվել էր ներկայացումից մոտ քսան րոպե առաջ. մինչ հանդիսատեսը տեղավորվում էր աթոռներին, բեմի վրա էլեկտրական սարքավորումների մոտ գործ էր անում մի երիտասարդ, եւ տպավորությունն այնպիսին էր, որ թատրոնի էլեկտրիկն է աշխատում:



Այնուհետեւ այդ «էլեկտրիկը», որ իրականում թատերախմբի դերասան էր, «էլեկտրահարվեց»՝ մի կարճ ակնթարթ հանդիսատեսին պահելով երկմտանքի մեջ` «էս թատրոն ա՞, թե՞ իրականություն»: Հանդիսատեսներից մեկը նույնիսկ բարձրացավ էլեկտրահարվողին օգնություն ցույց տալու, թեեւ չի բացառվում, որ դա էլ ներկայացման մի մասն էր: Ռուսական խուլ գավառում տիրող  բուժծառայության վիճակի եւ այդ խուլ աշխարհում հայտնված բժշկի մասին պատմող ներկայացումը կատակերգական ոճավորումով սոցիալական դրամա է: Թեեւ այնտեղ բաց տեքստով խոսվում է գավառում առկա բուժծառայության խնդիրների մասին, որ հավանաբար անմիջական կապ ունի ռուսական իրականության հետ (հայկական իրականության հետ  աղերսներ ունի), թեեւ այդ խնդիրների մասին բժիշկը խոսում է ամբիոնից, նրա խոսքը պաթետիկ ու խրատական հնչերանգ չի ստանում, ներկայացման մեջ գտնված լուծումները` հումորը, բեմում նկարագրվող իրավիճակների հետ կապվող տարբեր ժամանակների հիթային երգերը, գործողություն ներկայացնող պարային համարները ներկայացումը հանդիսատեսի համար գրավիչ են դարձնում:



Մինչեւ ներկայացումը մենք կարճ զրույց ունեցանք «Հայֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի հետ: Պարոն Ղուկասյանը շատ անգամ է հայտարարել, որ «Հայֆեստ» փառատոնը փորձում է ցույց տալ թատերական արվեստի այնպիսի տեսակներ, որոնց հայ հանդիսատեսը այնքան էլ ծանոթ չէ, այդ պատճառով, որպեսզի պարզենք, թե այս տարի ինչով է «Հայֆեստը» զարմացնելու,  հարցրինք փառատոնի նախագահին, թե ինչ առանձնահատկություն ունի այս տարվա փառատոնը: Պարոն Ղուկասյանը, որ, այո, ակնհայտորեն նիհարել էր, մշակութային լրագրողի հանդեպ լեցուն արհամարհանքով պատասխանեց.



- Սլուշայտե, լյուդի, էս ով ա՞ սովորացնում ձեզ էս հարցերը: Ես նիհարել եմ, այ դրանով առանձնահատուկ ա, առանձնահատուկ ա նրանով, որ անձրեւ ա գալիս:



- Ժամանակին «Հայֆեստ» փառատոնի ծրագրում ներառված բացօթյա ներկայացումները լայն արձագանք գտան մեր հասարակության մեջ եւ ներկայացման այդ տեսակը կարծես թե մեծ հետաքրքրություն առաջ բերեց մեր այս դեպքում ակամա հանդիսատեսների մոտ: Անձրեւները չե՞ն խոչընդոտի այս տարվա բացօթյա ներկայացումներին:



- Մենք այս տարի բացօթյա երկու ներկայացում ունեինք: Մի հատ հայկական ներկայացում, մի հատ արտասահմանյան: Արտասահմանյանը` պետք ա սեւամորթները լինեին, որոնք չեկան: Խումբ էր Կոտ դե Իվուարից, որոնք ճանապարհին` չգիտեմ, կորան էդ մարդիկ: Իրենց ասելով՝ թռան ու չհասան Երեւան: Դա անձրեւի հետ կապ չուներ, բայց մենք ուզում էինք բացումից առաջ  բացօթյա ակցիա անել, դա չեղավ:



- Նախապես հայտարարված էր, որ փառատոնը բացվելու է «Էմրուզ» թատրոնի «Ավաժիկ` արտադրված է Իրանում» ներկայացումով, բայց այն սկսվեց «Ղասսեհ» թատրոնի «Աննատ» դրամայով: Պատճառն ի՞նչն էր:



- Որովհետեւ բյուրոկրատիան ամեն ինչի խնդիրն ա Պարսկաստանում: Իրենց կենտրոնը, որ պետք է աջակցեր այդ թատրոնին, այսինքն` տոմսերն առներ, ի վերջո իրենք տոմսերը չկարողացան ձեռք բերել, թե չուզեցին ձեռք բերել, եւ խումբը մնաց առանց տոմսերի: Եթե խումբը լիներ ավելի պրոֆեսիոնալ, ավելի փորձառու, իրենք այդ հարցը կբարձրացնեին օգոստոսին: Իրենք գիտեին, որ բացումը իրենցով ա լինելու` մայիսին, իսկ տեղեկացրին մեզ, որ չեն գալու բացումից հինգ օր առաջ: Լավ ա, որ մենք ուրիշ ներկայացում ունեինք պարսկական, որ լրիվ ուրիշ ֆորմատի մեջ ա, որը կամերային ներկայացում ա, եւ մենք էդ խեղճերին մտցրեցինք էդ մեծ բեմը, եւ նրանք էնտեղ հազիվ չկորան: