Լավն ու վատն իրար կողքի

Լավն ու վատն իրար կողքի
Երեւանի առավել ծանրաբեռնված փողոցներում վերգետնյա հետիոտն անցումներ են կառուցվել: Արշակունյաց, Հերացի, Սեբաստիա փողոցների գործող անցումներին վերջերս ավելացան եւս երկուսը՝ մեկը Բաբաջանյան փողոցում, մյուսը` Խանջյան-Թումանյան փողոցների հատույթում: Խանջյան-Թումանյան խաչմերուկը վտանգավորներից է: Հաճախակի են ավտովթարները, զոհեր էլ են լինում: Երբ Գետառի հունն օգտագործվեց Երեւանի փողոցների ցանցը զարգացնելու նպատակով, Խանջյանով երթեւեկող մեքենաների արագությունն էլ մեծացավ:



Խանջյան փողոցը հատող հետիոտն անցման անհրաժեշտությունն այս տարածքի բնակիչների համար դարձավ կենսական պահանջ: Այս անցումը պետք է նաեւ Օղակաձեւ այգի այցելող երեխաների, ծերերի համար: Այն վերջերս է շահագործման հանձնվել՝ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ: Այս անցումի մասին իր կարծիքն է հայտնում Երեւանի բնակիչ Էլեոնորա  Մանուկյանը. «Եթե Երեւանի կենտրոնը դիմազրկող տասնյակ էլիտար, բազմահարկ եւ դատարկ «բոնբոներկաների» վրա ծախսված միլիարդավոր դոլարների մի մասը ծախսվեր վտանգավոր խաչմերուկներն անվտանգ դարձնող միջոցառումների, ինժեներական կառույցների վրա, եղածներին տեր կանգնելու` վերանորոգելու, մաքրելու, նորմալ շահագործում իրականացնելու, մշտապես հոգատարության, ուշադրության տակ պահելու վրա, ապա շատերը գոհ կլինեին:



Նայում եմ այս կամրջակին` հաճույք եմ զգում, նայում եմ դիմացի հոշոտվող Օղակաձեւ այգուն եւ արդեն «կառուցապատվող» հեռուստաաշտարակի լանջին, ուզում եմ փախչել ոչ միայն  անապատացող Երեւանից` այլեւ արժանապատվությունը կորցնող Հայաստանից»: Իսկ 72-ամյա մի թոշակառու դիմում է քաղաքապետին. «Հարգելի քաղաքապետ, եթե կարող եք լավ գործեր անել` ինչո՞ւ եք այդ լավ գործերը ապականում վատ գործերով: Խանջյան, Բաբաջանյան փողոցների վերգետնյա հետիոտն անցումները, վերակառուցվող «Վստրեչի մոստը» բոլորիս հոգսն են թեթեւացնում, անվտանգությունն են ապահովում, Ձեզ էլ, մեզ էլ պատիվ բերում:



Իսկ որ նախկին Ղուկաս Ղուկասյան այգին կործանեցիք, Ձեր համաձայնությամբ Օղակաձեւ այգում Գագիկ Ծառուկյանը հսկայածավալ հերթական բառդելն է կառուցում հենց նոր կառուցված անցումի մոտ ու այդ նպատակով էլ Գետառը փակեց մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը, չե՞ք նկատում»:



Մարտին եւ Արամայիս

ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ