Դաշտային առաքելությունը հետաձգվել է

Դաշտային առաքելությունը հետաձգվել է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը, այն է՝ ադրբեջանցիների ասած «օկուպացված տարածքներում», հայկական կողմի խոսքերով՝ ազատագրված տարածքներում, այսպես ասած, հումանիտար իրավիճակի ուսումնասիրման նպատակով, նախապես նախանշված ժամկետում չկայացավ։



Արցախի արտգործնախարարությունից հայտնեցին, որ դաշտային առաքելություն իրականացնող պարոնները գտնվում են Երեւանում (իրականում երեկ նրանք Բաքվում էին) եւ, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 6-ին կամ, ավելի ճիշտ՝ 7-ին կլինեն վերոհիշյալ տարածքներում, որը, Արցախի Սահմանադրության հոդված 142-ի համաձայն, «Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»:



Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն նման առաքելություն անցկացնի նաեւ Ադրբեջանի կողմից բռնազավթված Շահումյանի շրջանում, ներառյալ Գետաշենի ենթաշրջանը եւ Մարտակերտի հյուսիս-արեւելյան ու Մարտունու արեւելյան շրջանները, մեզ հայտնեցին, թե քիչ հավանական է, հետո ավելացրին՝ երբ ժամանեն, տեղում կպարզվի։