Բեմադրություն ըստ ֆիննախարարի

Բեմադրություն ըստ ֆիննախարարի
Կապանի դրամատիկական թատրոնի դահլիճը երեկ լեփ-լեցուն էր: 200 տեղանոց դահլիճում անգամ կանգնած մարդիկ կային: Հավաքվածները ոչ թե եկել էին հերթական նոր բեմադրությունը դիտելու, այլ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն էր իր աշխատանքային ժամին կուսակցական ակտիվի ժողով անում: Նա հայտարարեց, որ եկել է «մարդկանց դարդերը լսելու», անգամ «իր դարդը պատմելու կուսակից ընկերներին», եւ կոչ արեց լինել անկեղծ, քննադատել, առաջարկներ անել, հարցեր բարձրացնել: Սակայն մինչ սյունեցիների հոգսերին ունկնդրելը, Տ. Դավթյանը խոսեց Հայաստանի տնտեսական առաջընթացի մասին եւ անդրադարձավ 2011-ի բյուջեի նախագծին:



Նախարարը ճգնաժամը համեմատեց հիվանդ մարդու հետ, որը բարձր` 40 աստիճան ջերմություն է ունենում: Չնայած ջերմությունն արդեն  իջել է, բայց օրգանիզմը թույլ է: Այդ իսկ պատճառով այս տարին կփակեն 3-4% առաջընթացով։ «Գյուղատնտեսության մեջ 20% անկում ունեցանք, ինչն ազդեց տնտեսության վրա»,-ասաց նախարարը` նշելով, որ առաջիկա 3 տարին պլանավորել են, թե ինչ պետք է արվի, որ տնտեսությունը զարգանա: Առավելագույնը 1,5 տարի է պետք, որպեսզի լրիվ կայունանա տնտեսությունը: Ինչ վերաբերում է եկող տարվա բյուջեին, ապա թոշակները նոյեմբերի 1-ից կբարձրացվեն, մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա 10-20%-ով, աննշան փոփոխություն կլինի պետական կառավարման հաստատություններում աշխատողների աշխատավարձերում:



Աշխատավարձերի համատարած բարձրացում չի լինի, որպեսզի չմեծանա պետբյուջեի դեֆիցիտը, ինչը կբերի գների բարձրացման: Ապա նախարարը հայտարարեց, որ ՀՀԿ-ն հանրապետությունում շարժիչ ուժ է: «ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որն առավել կազմակերպված է, առավել կայուն եւ մեծ ռեսուրսներով օժտված ուժ է: Առանց այդ քաղաքական ուժի  կառավարությանը դժվար կլինի, ու պետք է աջակցել, որպեսզի զարգացնենք մեր տնտեսությունը»,-հայտարարեց հանրապետական նախարարը: Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ «առաջիկա 3 տարիների մասին  հուսադրող տեղեկություններ հաղորդելու համար»:



«Իսկ հետագա տարիների առաջընթացն էլ կախված է ՀՀԿ-ի ուժեղ լինելուց, այսինքն մեզնից»,-ասաց մարզպետը: Ներկաներից միայն Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրեն Ռիտա Դավթյանն էր, որ «բողոքի ձայն» բարձրացրեց: Նա 90-ականներից ՀՀԿ-ական է: «Թե Աշոտ Նավասարդյանը, թե Վազգեն Սարգսյանը, թե Անդրանիկ Մարգարյանը միշտ Կապան գալուց մտնում էին կուսակցության գրասենյակ, լսում շարքային կուսակիցների հարցերը: Նրանք մեկ-մեկ ճանաչում էին մեզ»,-ասաց Ռ. Դավթյանը` զարմանալով, որ հիմա հանրապետական նախարարները չեն գալիս: Սա է պատճառը, որ մարդիկ չեն ցանկանում դառնալ հանրապետական:



Կապանի ՀՀԿ նախագահ, Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանն առարկեց. «Վերջին մեկ տարում մոտ 100 մարդ է դարձել հանրապետական»: Տնօրենների տնտեսական բնույթի 1-2 հարցադրումներից հետո հանդիպումն ավարտվեց: Նկատենք, որ հանդիպմանը ներկա չէր Կապանի քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը: Փոխարենը առաջին շարքում տեղ էր զբաղեցրել նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը: